Լրահոս
Օրվա լրահոսը

Անհարմար բան ստացվեց

Սեպտեմբեր 05,2003 00:00

Անհարմար բան ստացվեց Հայ ժողովրդի եւ Հայաստանի ավանդական բարեկամ համարվող Ֆրանսիան, ի հավաստումն այդ բարեկամության, ճանաչեց հայերի ցեղասպանությունն ու անգամ օրենքի ուժ տվեց ճանաչման բանաձեւին։ Նկատենք, որ այս պարագայում Հայաստանի կողմից առնվազն ազնիվ չէր պասիվ-հայեցողական կեցվածք ընդունելն ու Ֆրանսիայում անցած ամռանը տեղի ունեցած ցեղասպանությանը որեւէ կերպ չարձագանքելը։ Պաշտոնական տվյալներով, օգոստոսյան աննախադեպ շոգի պատճառով Ֆրանսիայում մահացել է շուրջ 15 հազար մարդ, թեեւ այլ աղբյուրներից ստացված տեղեկություններով այդ թիվն անցնում է 20 հազարից։ Կարող էր, չէ՞, մեր երկիրը պաշտոնապես որեւէ կերպ արձագանքել բարեկամ երկրում տեղի ունեցած այդ ողբերգությանը։ Ասենք՝ մի կեսբերան դատապարտեր արեւի ծավալած հակաֆրանսիական գործունեությունը, կամ մի երկու թթու խոսքով ինքն էլ միանար Շիրակի կառավարության այն անդամների քննադատությանը, որոնց մեղքով է, իբրեւ թե, Եվրոպայի սրտում այդքան մարդ շոգից կոտորվել։ Կարող էր, բայց չարեց։ Հազար ամոթ։ Բայց, այնուամենայնիվ, հարց է ծագում՝ ինչո՞ւ չարեց։ Պատասխանն ակնհայտ է. մեր իշխանական կլանն այդ դեպքում շատ հիմար վիճակի մեջ կդներ ինքն իրեն։ Տեսեք, թե ինչ է ստացվում. թվում էր, թե ֆրանսիական կառավարությունն ամեն ինչ արել է իր քաղաքացիների բարօրությունն ապահովելու եւ, մասնավորապես, շոգի հարուցած դժվարություններին դիմակայելու ուղղությամբ։ Հասարակական եւ սոցիալական նշանակության բոլոր հաստատություններն ապահովված են կոնդիցիոներներով։ Դեղատներում եւ հիվանդանոցներում դեղորայքի պակաս չի եղել։ Անգամ Փարիզի ու մի քանի այլ խոշոր քաղաքների փողոցներում ֆեդերալ եւ տեղական իշխանությունների ջանքերով տեղադրվել են ցնցուղներ, որպեսզի տապից հալումաշ եղած քաղաքացիները հենց փողոցում մի քիչ զովանալու հնարավորություն ունենան։ Պարզ չէ, թե էլ ի՞նչ պետք է անեին իշխանությունները, որ կանխեին հազարավոր տարեց ֆրանսիացիների վախճանը։ Հո չէի՞ն կարող Սենատի ուղերձի շրջանակներում փոխել եղանակը։ Եվ այնուամենայնիվ, ֆրանսիական կառավարության չորս թե հինգ նախարար շոգի զոհերի շուրջ բարձրացած աղմուկի համատեքստում հրաժարական տալու ցանկություն հայտնեցին։ Նորմալ է. կան զոհեր, ուրեմն պետք է գտնվեն նաեւ մեղավորներ։ Իսկ Ֆրանսիայի տիպի երկրներում նման դեպքերում մեղավորներին, ինչպես հայտնի է, փնտրում են կառավարության մեջ եւ՝ ոչ այլ տեղ։ Իսկ հիմա պատկերացրեք, որ պաշտոնական Երեւանը, երախտագիտությունից դրդված, դատապարտում է ֆրանսիական շոգն ու Ֆրանսիայի անփույթ նախարարներին։ Եվ դա այն պարագայում, երբ ամռանը երեւանյան այլանդակ շոգի պայմաններում կոնդիցիոներները զովացնում էին միայն հանրապետությունում մնացած հատուկենտ «կոալիցիոներների» եւ նրանց հովանավորյալ ձեռներեցների բնակարանները։ Այն պարագայում, երբ նախագահի իմիջի շրջանակներում փողոցներն ասֆալտապատող բանվորները, ըստ եվրոպացիների, միայն հրաշքով չէին զոհվում ածխացնող արեւից ու հեղձուցիչ տապից։ Վստահաբար, աշխարհն ու Ֆրանսիան այդ դեպքում մեր ազգային կլանին ճիշտ չէին հասկանա։ Եվ այնուամենայնիվ, շատ անհարմար բան ստացվեց։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել