Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմե՛ք եվրոպական դատարան

Սեպտեմբեր 05,2003 00:00

Դիմե՛ք եվրոպական դատարան «Մենք կարող էինք սպասել եւս 20 տարի, դուք էլ կարող էիք սպասել 20 տարի, բայց դրսո՛ւմ, ոչ թե ԵԽ-ին անդամակցելուց հետո»: «Դուք պետք է վերացնեք մահապատիժը, պետք է հաշվի նստեք Եհովայի վկաների իրավունքների հետ եւ այլն: Եթե մտել եք ակումբ, բարի եղեք խաղալ ակումբի կանոններով: Այդ դո՛ւք եք որոշել անդամակցել ԵԽ-ին, մենք չենք խնդրել ձեզ: Ուրեմն՝ բարի եղեք կատարել ստանձնած պարտավորությունները»: Այս մարտահրավերը նետեց ԵԽ փորձագետ Զիման Կրիստոֆը՝ «Մահապատիժը եւ Հայաստանը» գիտաժողովի ժամանակ: «Առավոտը» փորձեց պարզել, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ համաձայն ՀՀ նոր «Քրեական օրենսգրքի»՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները կարող են ազատ արձակվել 20 տարի անց: «Նախ՝ պետք է ասեմ, որ Եվրոպայի խորհուրդը շատ բավարարված է այն փաստով, որ նոր օրենսգրքում չկա մահապատիժ: Մենք հետքայլ ենք համարում այն հանգամանքը, որ «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու օրենքում կան հոդվածներ, որոնք հնարավորություն են ընձեռում մինչեւ 2003-ի օգոստոսի 1-ը կատարված որոշ հանցագործությունների համար կիրառել մահապատիժ: Սա անթույլատրելի՛ է: Եվրախորհուրդը պնդում է, որ մահապատիժը պետք է վերացվի առանց վերապահումների եւ ԵԽ անդամ երկրներում որեւէ մեկի նկատմամբ չպիտի իրագործվի մահապատիժ:- պատասխանեց Զիման Կրիստոֆը:- Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկվածներին՝ սա երկրի քրեական քաղաքականության հարց է: Կարծում եմ, որ ցմահ ազատազրկումը բողոքարկելու եւ ներում խնդրելու հնարավորությունը նույնպես ցուցանիշ է, թե որքանով է հասուն տվյալ երկրի բնակչությունը: Չեմ կարծում, որ հանցագործությունը կատարելուց եւ բանտում գտնվելուց 20 տարի անց՝ հանցագործն իր կյանքով կարող է ապացուցել, թե ուղղվել է եւ այլեւս վտանգ չի ներկայացնում հասարակության համար՝ հարկավոր է նման մարդուն, միայն ռեւանշի ցանկությունից ելնելով՝ բանտում պահել մինչեւ իր օրերի վերջը»: Այնուամենայնիվ՝ Եվրախորհրդի փորձագետը ճշտեց, թե ԵԽ պահանջը չէր, որ ցմահ ազատազրկման դատապարտվածներն ունենան նման իրավունք: Անդրադառնալով Հայաստանի ընդդիմության կշտամբանքներին, թե ոչ միայն մահապատժի վերացմամբ, այլ նաեւ արդար ընտրությունների անցկացմամբ պիտի պահպանվեն ԵԽ չափանիշները՝ Զիման Կրիստոֆն ասաց. «Ես լիովին համոզված եմ, որ Եվրախորհրդի բոլո՛ր չափանիշները պիտի պահպանվեն Հայաստանում՝ նաեւ նրանք, որոնք վերաբերում են արդար ընտրություններին, ազատ խոսքին կամ դավանանքին: Այնպես որ՝ ԵԽ-ն հետեւելու է մարդու իրավունքների բոլո՛ր նորմերի պահպանմանը»: Արդյոք ԵԽ-ն առանձնակի չի շեշտադրում միայն մահապատժի վերացումը, որի լուծումն արդեն օրերի հարց է՝ մոռացության մատնելով ընտրությունները՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան, ԵԽ փորձագետն ասաց. «Հուսով եմ, որ լուծումն իրոք օրերի հարց է եւ այն դուրս կգա օրակարգից, քանի որ մահապատժի վերացումն այժմ ամենագլխավոր հարցն է ԵԽ-ի եւ Հայաստանի հարաբերություններում: Բայց մենք բոլորովին չենք մոռացել ընտրությունների մասին: Եթե վերընթերցեք ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների եզրակացությունները ՀՀ ընտրությունների վերաբերյալ՝ կհամոզվեք, որ Եվրոպայի խորհուրդը չի կարող մոռացության մատնել այդ հարցը: Կարող եմ նաեւ ասել, թե այն, որ Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիան՝ իրավունք է տալիս ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարծում են, թե ոտնահարվել է իրենց ազատ ընտրելու իրավունքը՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել