Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐՃԱՏՎԱԾ ՎԿԱՆԵՐՆ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆ

Սեպտեմբեր 05,2003 00:00

ԿՐՃԱՏՎԱԾ ՎԿԱՆԵՐՆ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ներկա լրագրողներից ոմանք, որոնց զրկեցին անգամ դատակոչված վկայի կարգավիճակից՝ պատրաստվում են դատարանին դիմել իրենց տուժող ճանաչելու խնդրանքով: Նման կրճատված վկաներից մի քանիսի հետ զրույցներից պարզեցինք, որ թեեւ նրանք հիմնականում պատրաստվում էին դատարանում եւս կրկնել նախաքննության ժամանակ իրենց տված ցուցմունքները՝ այսուհանդերձ, վաղաժամ ու սխալ են համարում վկաների հարցաքննությունը դադարեցնելը: «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակից Գոհար Սարգսյանը նշեց. «Հատուկ ասելիք կամ նախաքննության ժամանակ տված ցուցմունքներիս հավելելու ոչինչ չունեի: Ուղղակի ինձ թվում էր (եւ հիմա էլ է թվում), որ պետք է բոլորին լսեին: Հնարավոր է, որ բոլորին լսելուց հետո իրավապահները պարզեին այնպիսի հանգամանքներ, որոնք մինչեւ հիմա չեն պարզվել»: Հավելենք, որ դատարանում հարցաքննված որոշ վկաներ իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող հանգամանքներ էին մատնանշել իրենց պահվածքի վերաբերյալ եւ նրանց կողքին գտնվածների ցուցմունքների միջոցով հնարավոր էր առավել հստակեցնել այդ օրն ԱԺ նիստերի դահլիճում կատարվածի պատկերը: Դատարանը դեռ պետք է պարզեր նաեւ Արմենակ Արմենակյանի սպանության իրական հանգամանքները՝ հարցաքննելով մի քանի վկաների՝ ասենք, Գուրգեն Եղիազարյանին եւ ԱԺ-ի մեկ այլ պատգամավորի, որը չէր դատակոչվել: Սակայն դառնանք դատակոչված ու կրճատված վկաներին: «Հայուհի» ծրագրի նախկին վարող Ռուզան Խաչատրյանը նշեց, որ դատարանում իր ասելիքը հիմնականում չէր տարբերվելու նախաքննական ցուցմունքներից. «Բայց կարող էին ինչ-որ հավելումներ լինել՝ նրբերանգներ կամ դրվագներ, որոնց մասին այն ժամանակ չէի հիշատակել, քանի որ հիմնականում պատասխանում էի քննիչների հարցերին, կամ՝ այդ հանգամանքներն այն ժամանակ նույն սրությամբ չէին ընկալվել: Ժամանակի ընթացքում վերլուծությունից հետո հասկացա, որ այդ դրվագները շատ կարեւոր էին»: Դատարանում հարցաքննվել էր օպերատոր Գագիկ Սարատիկյանը, որը Ռուզան Խաչատրյանի հետ միասին 18:15-ի սահմաններում նորից մտել էր ԱԺ նիստերի դահլիճ եւ կատարել նկարահանումներ: Օպերատորը դատարանում հայտարարել էր, թե իրենց նկարահանած տեսաերիզը մոնտաժված չէ: Մինչդեռ Ռուզան Խաչատրյանն առարկություն ունի. «Չեմ կարող ասել, թե դատարանում հատկապես ինչ տեսաերիզ է ներկայացվել, քանի որ այդ ժամանակ դեռ դատակոչված վկա էի եւ իրավունք չունեի մտնել դատարանի դահլիճ: Բայց մամուլի լուսաբանումներից ու դատավարության մասնակիցների հետ զրույցներից դատելով՝ ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ՝ այդ տեսաերիզն էլ է մոնտաժված եղել: Մոնտաժվել է վերջին հատվածը. դատարանում ներկայացված ժապավենն ավարտվել էր այն պատկերով, որ Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում հավաքված են մարդիկ, քննարկում են ահաբեկիչներին եւ այլն: Բայց այնտեղ չի եղել այն հատվածը, երբ Դեմիրճյանի աշխատասենյակ է մտնում Ռոբերտ Քոչարյանը: Որքան հասկացա՝ այդ մասը բացակայում է գործին կցված իրեղեն ապացույցում»: Գուշակեցինք հավանական առարկությունը, թե տեսաերիզի այդ հատվածը էական որեւէ նշանակություն չունի գործի համար: Մեր հարցին, թե որեւէ էական մանրամասն կա՞ մոնտաժված այդ հատվածում՝ Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ կա: Եթե դրա նախորդ դրվագները կարեւորվել են՝ ինչո՞ւ դրանք կարեւոր չեն: Բայց որպեսզի դատավարության մասնակիցները սեփական եզրակացությունն անեին՝ նրանք պետք է տեսած լինեին այդ հատվածը, երբ նախագահը մտնում է սենյակ, եւ սկսվում է հարցուպատասխան, ինչ-որ պարզաբանումներ: Եթե որեւէ կասկած էլ չունենայի՝ միայն այն, որ հատկապես այդ հատվածն է մոնտաժվել՝ արդեն կասկածելի է ինձ համար, որ այնտեղ կարող է լինել ինչ-որ կարեւոր բան»: Հիշեցնեմ, որ աղճատվել է նաեւ դեպքի օրն իմ կատարած ձայնագրության սղագրությունը, որն այժմ հետազոտվող ապացույցների մեջ է եւ խեղաթյուրվել, կամ ընդհանրապես չեն արձանագրվել հատկապես այն արտահայտությունները, որոնք վերաբերում են որոշակի անձանց: Եթե այս ամենի կարեւորությունը գործի համար գուցե դեռ կարող է վիճարկվել՝ անվիճարկելի է «Ա1+» հեռուստաընկերության աշխատակից Վիկտորյա Աբրահամյանին դատարանում հարցաքննելու անհրաժեշտությունը: Նախ՝ նա միակ լրագրող վկան է, որը նկարագրել էր 6-րդ զինյալին. «Երբ ԱԺ կենտրոնական մուտքից իջնում էի՝ երկու հոգի կանգնած հանգի՜ստ խոսում էին եւ մեկի ուսին կար ավտոմատ»: Այդ ավտոմատավորի նկարագրությունը դատարանում գրեթե նույնությամբ կրկնեց ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Բացի այդ՝ դատարանում իբրեւ վկա հարցաքննվեց Նաիրի Բադալյանը եւ մի շարք որակումներ տվեց Վիկտորյա Աբրահամյանի ցուցմունքին: Ակնհայտ է, որ վերջինիս հնարավորություն պիտի տրվեր հակափաստարկներ ներկայացնել ու հիմնավորել իր ցուցմունքները: «Ես պնդո՛ւմ եմ իմ նախաքննական ցուցմունքները: Եթե գնայի դատարան՝ չէի ասելու, թե քանի որ անցել են տարիներ՝ չեմ հիշում մանրամասները: Ինչ ասել եմ՝ ոչինչ չեմ մոռացել, ի տարբերություն այլ վկաների,- ասաց Վիկտորյա Աբրահամյանը:- Շարունակում եմ պնդել նաեւ Նաիրի Բադալյանի վերաբերյալ ցուցմունքներս, որին տեսել եմ այնտեղ, անկախ նրանից՝ դա նրան դուր է գալիս կամ ոչ: Ես այժմ ավելի շատ հիմքեր ունեմ ասելու, որ Նաիրի Բադալյանն է զրպարտել եւ վարկաբեկում է ինձ՝ որպես լրագրողի եւ մարդու: Բայց կարեւորն այն է, որ ընդհանրապե՛ս գոյություն չունի վկայի պաշտպանվածության ինստիտուտ եւ կատարվածից հետո, ինձ թվում է՝ քչերը կցանկանան գործ ունենալ քննության մարմինների հետ»: Մեր զրուցակիցները մտադիր են երկու շաբաթ անց, երբ կվերսկսվի դատավարությունը, դիմել դատարան՝ իրենց տուժող ճանաչելու խնդրանքով: «Ես իրոք տուժել եմ հոկտեմբերի 27-ին՝ ե՛ւ բարոյապես, ե՛ւ առողջական վիճակի առումով»,- նշեց Գոհար Սարգսյանը: Հիշեցնենք՝ սա այն լրագրողն է, որն այն ժամանակ, երբ դեռ հնչում էին կրակահերթերը եւ անխտի՛ր բոլորը պառկած էին՝ ամբողջ հասակով կանգնեց եւ Նաիրի Հունանյանին կանչեց, խնդրեց ազատ արձակել լրագրողներին, որոնք ի տարբերություն շատ պատգամավորների՝ չէին փախել եւ սպանությունների ամբողջ ընթացքին ներկա էին: «Անհասկանալի է, թե ինչու մենք տուժող չենք ճանաչվել եւ միայն վկաներ էինք,- ասաց Ռուզան Խաչատրյանը:- Անպայման դիմելու ենք դատարան, եւ երեւի դա ավելի շուտ պիտի արվեր: Ուղղակի չգիտեինք, որ կարող ենք դիմել նման խնդրանքով»: Եվ միայն Վիկտորյա Աբրահամյանը նշեց. «Թեեւ գտնում եմ, որ բոլորը, ովքեր այդ օրը դահլիճում էին՝ տուժող են, բայց քննության նման ընթացքից հետո չեմ կարեւորում այլեւս ոչինչ: Չեմ կարծում, որ նախաքննությունը ճիշտ ուղով է ընթացել եւ դատավարությունից էլ ոչինչ չեմ սպասում, քանի որ գործող օրենսդրության համաձայն՝ դատավարությունն ընթանալու է նախաքննության շրջանակներում: Անիմաստ եմ համարում այս դատավարությունը եւ ոչինչ չեմ ակնկալում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել