Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻ՞Ց Է

Սեպտեմբեր 05,2003 00:00

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻ՞Ց Է Այսօր Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանում վերսկսվելու է Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը: Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործի դատավարությունը նիստից-նիստ ոչ միայն նոր եւ աղմկահարույց անակնկալներ է մատուցում հասարակությանը, այլեւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատաոճի նոր դրսեւորումներ է ի հայտ բերում: Դատավարական պրակտիկայում ամբաստանյալների, այսպես ասած, «սուխոյ ատկազով» դատվելու եւ դատապարտվելու օրինակներն, իհարկե, եզակի չեն: Միաժամանակ ցանկացած դեպք, երբ ամբաստանյալը դատարանում իր նախաքննական ցուցմունքներից հրաժարվում է՝ վկայելով, որ ինքը չէ դրանց հեղինակը, որ նրան թելադրել են, նրա փոխարեն գրել են եւ այլն, դատախազական մարմինների համար բարենպաստ հանգամանք չէ: Ավելի անբարենպաստ է, երբ դատախազության եւ ամբաստանյալի փաստաբանի համագործակցության մասին կասկածներ են առաջանում, ինչը, ցավոք, մեր իրականության մեջ դարձյալ հաճախ է պատահում: Կոնկրետ Տ. Նաղդալյանի սպանության քրգործով այս երկու արատավոր երեւույթներն էլ տեղ են գտել: Արդեն երկու ամբաստանյալներ՝ Ջոն Հարությունյանն ու Ֆելիքս Առուստամյանը, հասցրել են հրաժարվել իրենց նախաքննական ցուցմունքներից, ընդ որում՝ երկուսն էլ հայտարարելով, թե այդ ցուցմունքներն իրենք չեն գրել, որ իրենց թելադրել, իրենց փոխարեն գրել են այլք, կամ՝ իրենց ստորագրությունը ցուցմունքի տակ դրել են, որովհետեւ իրենց ինչ-որ բան են խոստացել: Բայց սա այն դեպքում, երբ Ջ.Հարությունյանն իր նախաքննական ցուցմունքները տվել է իր պաշտպանի՝ Լուսնթագ Բադալյանի ներկայությամբ: Մեծ եղավ մեր զարմանքը, երբ դատական հենց առաջին նիստում ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել նաեւ իր պաշտպանի՝ Լ.Բադալյանի հարցերին: Նույն նիստում նաեւ տպավորություն ստեղծվեց, թե Ջ.Հարությունյանն իր պաշտպանի նկատմամբ այնքան էլ մեծ վստահություն չի տածում: Դա պարզ դարձավ առավել եւս պաշտպանի այն հայտարարությունից հետո, երբ Լ.Բադալյանը հակառակ Ջ.Հարությունյանի պնդման, հայտարարեց, որ իր պաշտպանյալը հայերեն լեզվով շատ էլ լավ գրում եւ կարդում է, որ նա իր ձեռքով ցուցմունքներ է գրել եւ այլն, ինչն ամբաստանյալը կրկին հերքեց: Ահավասիկ դատական վերջին՝ երեքշաբթի օրը, տեղի ունեցած նիստում էլ, երբ պատասխանելով մեղադրող Զելիմ Թադեւոսյանի հարցին Ջ.Հարությունյանը կրկին պնդեց, թե իր նախաքննական ցուցմունքներն ինքը չի գրել, եւ չի էլ ստորագրել, նույն Լ.Բադալյանը ստիպված եղավ խոստովանել, որ իր վստահորդի հոգնած լինելու կամ վատ զգալու պատճառով երբեմն ինքն է նրա ցուցմունքները շարադրել եւ տակն էլ ստորագրել: Սա առնվազն նշանակում էր, որ Ջ.Հարությունյանի փաստաբանը նրա անունից գրել է բաներ, որոնք ամբաստանյալն այժմ հերքում է: Հետաքրքիրն այն է, որ այս ամբաստանյալների շահերը, ըստ քրգործի նյութերի, իրար հակասում էլ են: Մյուս կողմից, դատական նիստերից ստացած տպավորությամբ Լ.Բադալյանը շատ հետաքրքիր գործելակերպ է դրսեւորում՝ փորձելով համակարգել, համադրել իր բոլոր պաշտպանյալների ցուցմունքները, ինչն, ի դեպ, առայժմ չի ստացվում: Նկատի ունենալով, որ այդ ամբաստանյալները հենց այն մարդիկ են, ում ցուցմունքները, ճիշտ է անուղղակիորեն, բայց միտված են ամրապնդելու Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուի ով լինելը, ապա՝ կամա, թե ակամա, սկսում ես մտածել, որ այս պաշտպանի ու դատախազության գործունեությունը, գոնե նախաքննական փուլում, շատ համահունչ է եղել: Սա ավելի քան կասկածահարույց է հատկապես այն տեղեկությունների համատեքստում, թե Լ.Բադալյանը՝ մինչեւ ղարաբաղցի ամբաստանյալներին Երեւան հասցնելն արդեն դատախազությունում նրանց սպասելիս է եղել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել