Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԿԴԱՌՆԱՆ

Սեպտեմբեր 04,2003 00:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԿԴԱՌՆԱՆ Հարցազրույց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: – Պարոն Օսկանյան, Խաղերի մասնակից մեր հայրենակիցները տարբեր երկրների քաղաքացիներ են: Այս ֆոնի վրա այդ երկրների հետ Հայաստանի պետական կապերի աշխուժացում նկատվո՞ւմ է։ – Որոշ երկրներում՝ այո, իհարկե։ Հատկապես, տարածաշրջանի մեր անմիջական հարեւան երկրներում։ Օրինակ, Իրանը։ Պետությունն ինքը մասնակցություն է ունեցել թիմի ֆինանսավորմանը։ Այսինքն, այնտեղ պետությունը հետաքրքրություն է ցուցաբերել, օգնել է։ Նման դեպքեր եղել են նաեւ այլ երկրներում։ Այնպես որ, մեր հայրենակիցները, լինելով այդ երկրների քաղաքացիները, պետություններն են նաեւ շահագրգռված, ներգրավված այս բոլորում եւ, այո, պետական հարաբերություններում ինչ-որ դրական բան ավելացվում է։ – Այս տարի Ռուսաստանի միջին գոտուց, որտեղ բավականաչափ մեծաքանակ հայություն կա, խոշոր քաղաքներից թիմեր չեկան։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը։ – Բարդությունն այն է, որ համեմատաբար փոքր քաղաքներում հնարավոր չի լինում թիմեր ստեղծել։ Այդ համայնքները չեն ունեցել կազմակերպչական որոշակի մակարդակ՝ այս կամ այն մարզաձեւից թիմ հավաքագրելու։ Մասնակցությունը հիմնականում եղել է առավել ակնհայտ համայնքներից՝ Մոսկվա, Սոչի, հյուսիսային շրջաններ։ Այս հարցում մեծ դեր ունեցավ նաեւ Ռուսաստանի հայերի միությունը՝ օգտագործելով իր կառույցներն ու միջոցները եւ ապահովելով մի քանի քաղաքներից, հատկապես, Մոսկվայից մասնակցություն։ Իհարկե, ապագայում, հաշվի առնելով, որ հաջորդ Խաղերը չորս տարի հետո են լինելու, ավելի շատ ժամանակ կունենանք կազմակերպչական աշխատանքներ ծավալելու, նույն երկրից ավելի շատ քաղաքների մասնակցություն ապահովելու համար։ – Խաղերի ընթացքում թիմերից բողոքներ եղան, որը գերազանցապես կանոնադրության անկատարության հետեւանք է։ Օրինակ, բասկետբոլում թույլատրվում է մասնակցել օլիմպիական չեմպիոնին, թենիսում՝ Դեւիսի գավաթի խաղարկության մասնակցին, իսկ ֆուտբոլում Հայաստանի չեմպիոնատի 1-ին խմբի թիմի խաղացողին արգելվում է հանդես գալ։ – Ընդունում եմ, որ բացթողումներ եղել են, չափանիշները հստակ չեն դրվել կամ եթե հստակ են եղել, ամենայն խստությամբ չեն կիրառվել։ Այս խնդիրն արդեն ներառվել է Համաշխարհային կոմիտեի հաջորդ նիստի օրակարգ, որը կայանալու է եկող տարվա մարտին՝ Բեյրութում։ Ներկայումս հիմնական ուղղությունն այն է, որ հաջորդ Խաղերին թույլ տալ պրոֆեսիոնալներին էլ մասնակցել։ Այդպես, մի կողմից կխուսափենք այս խտրականությունից, երկրորդ՝ աշխարհում այդպիսի հայ մարզիկները շատ չեն ու նրանք էլ կկարողանան մասնակցել եւ երրորդ՝ կմեծանա Խաղերի մարզական որակը, կսրվի մրցակցությունը։ – Ի՞նչ եք կարծում, չարժե՞, արդյոք, որ հիմնվեն Համահայկական օլիմպիական խաղեր, որի հիմքում դրվի զուտ մարզական պայքարը։ Իսկ դրանից բացի, անցկացվեն նաեւ Համահայկական սիրողական խաղեր։ – Գիտե՞ք, մեր հնարավորությունները սահմանափակ են։ Եվ Խաղերի պարբերականությունը չորս տարին մեկ սահմանելու պատճառներից մեկն էլ դա է։ Կան նաեւ ուրիշ պատճառներ. յուրաքանչյուր համայնք, տարածաշրջան ունի նաեւ իր խաղերը, մրցումները, հավաքները, որոնք տեղի են ունենում երկու տարին մեկ։ Դրա համար որոշվեց նման մեծամասշտաբ խաղերն անցկացնել չորս տարին մեկ, իսկ երկու տարին մեկ կազմակերպել Խաղերի առանձին մարզաձեւերից մրցույթներ։ Կարծում եմ, որ այս պարագայում առաջատարը բասկետբոլն ու թենիսն են։ Սրա շուրջ որոշումը նույնպես կկայացվի եկող տարի, Համաշխարհային կոմիտեի նիստում։ – Այնպիսի տպավորություն կա, որ կառավարական կազմկոմիտեն նախապատրաստության շրջանում եւ Խաղերի ընթացքում աշխատել է թափանցիկ, իսկ Համաշխարհային կոմիտեն մի տեսակ շղարշված է եղել։ Նկատի ունեմ թեկուզ ֆինանսական ոլորտը։ – Ես կարող եմ տրամադրել ֆինանսական ամբողջ գործունեությունը։ Կա հաշվապահություն, չձեւակերպված փաստաթղթեր։ Բայց ասեմ, որ Համաշխարհային կոմիտեն առանձնապես բյուջե չունի, չկա պետական որեւէ օժանդակություն։ Լինում են որոշ նվիրատվություններ, որոնք ավելի շատ գույքի տեսքով են, քան դրամի։ Օրինակ, նվիրատվություն են գավաթները, մեդալները, այլ պարագաներ։ Այնպես որ, մեր գործունեությունը նույնպես թափանցիկ է եւ ցանկության դեպքում ամեն բան կարող ենք տրամադրել նույնիսկ մամուլում հրապարակելու համար։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել