Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԻՋՈ՞Ց Է ՀՅԴ ՀԱՄԱՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 04,2003 00:00

ԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԻՋՈ՞Ց Է ՀՅԴ ՀԱՄԱՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ Կարելի՞ է արդարացնել ահաբեկչությունը՝ հաղորդելով դրան ազգային-ազատագրական երանգներ: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար, պատմաբան Լեւոն Մկրտչյանից: -ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Ռուբեն Հովսեփյանը հրապարակավ էր խոստովանել. «Այո՛, Դաշնակցության համար հեղափոխական գործ է եղել եւ մնում ահաբեկչությունը, որքան էլ վտանգավոր համարվի նման «խոստովանությունը» եւ հավելել. «Պետք է շարունակվի հեղափոխությունը, բայց արդեն պետականության պայմաններում»: Որքանո՞վ են նման հայտարարությունները համադրվում այն իրողության հետ, որ ՀՅԴ-ն խորհրդարանական, ավելին՝ իշխանությանը մաս կազմող կուսակցություն է: – Թեման նոր չէ՝ Դաշնակցության ստեղծման պահից փորձվել է կուսակցությունը նույնացնել ծայրահեղական մարտավարական խնդիրներ հետապնդող կազմակերպության կարգավիճակի հետ: Եվ պարբերաբար այս թեզը տարբեր երկրներում, որոշակի ժամանակաշրջանների ընթացքում մտել է շրջանառության մեջ: Բայց պետք է նախ եւ առաջ հստակ հասկանալ, թե ինչ է նշանակում հեղափոխականություն կամ հեղափոխություն: Բոլոր բառարաններում հստակ նշված է, որ հեղափոխությունը իրավիճակի արմատական, որակական փոփոխությունն է: Եվ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի իր վիճակը որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու համար՝ ներդնել իր ձգտումները, տաղանդը եւ այլն: Այս համատեքստում՝ միջազգային իրավունքն ընդունում է ցանկացած ժողովրդի իրավունքը՝ պայքարել անկախության եւ ազատության համար: Եվ բնական է, որ Դաշնակցությունը՝ իբրեւ ազգային-ազատագրական ուժ՝ ստեղծման պահից իր առջեւ դնում էր ժողովրդին ազատագրելու խնդիր: Այն սկզբում առավել որոշակի էր՝ Արեւմտահայաստանի վիճակի բարելավման իմաստով, այնուհետեւ՝ ժամանակաշրջանի պահանջով ստացավ անկախական երանգ, եւ ի վերջո՝ ձեւավորվեց իբրեւ կուսակցության հիմնական ծրագրային նյութ՝ ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ձեւով: Յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է զենքը ձեռքին պաշտպանել իր պետությունը՝ եթե ունի, իսկ եթե չունի՝ ձգտի դրան: Եվ ազգային-ազատագրական շարժումն աշխարհում միջազգային իրավունքի կողմից գնահատված է իբրեւ ժողովրդավարական եւ առաջադիմական շարժում: Անցյալի վերաբերյալ թերեւս ամեն ինչ հստակ է՝ կուսակցությունն իր 100-ամյա մարտավարության ընթացքում փորձել է իր ծրագիրն իրականացնել նաեւ զինված պայքար կազմակերպելով, եւ դրա շրջանակներում, բնականաբար, եղել է նաեւ վրիժառուական պայքար: Կուզենայի շեշտադրված տարբերակում կատարել ահաբեկչության եւ վրիժառության միջեւ: Ահաբեկչությունն այն է, երբ փորձում ես անմեղ զոհերի միջոցով հասարակական ցնցումներ, քաոս առաջացնել եւ այլն: Իսկ վրիժառուական պայքարն այն է, երբ տվյալ ժողովուրդն այլեւս վտարված է իր հողից, հնարավորություն չունի Հայրենիքում կազմակերպել ինքնապաշտպանությունը, փորձում է բողոքներով դիմել միջազգային հանրությանը՝ դա եւս ոչինչ չի տալիս եւ ժողովուրդը կազմակերպում է զինված պայքարն իր մեթոդներով: – Ուշադրություն դարձրեք, որ վերոհիշյալ մեջբերման մեջ խոսքը ոչ թե վրիժառության, այլ հենց ահաբեկչության մասին էր: Ավելին՝ Ռուբեն Հովսեփյանը նաեւ ասել էր. «Պատժվել են դավաճաններ, լրտեսներ, դահիճներ, կեղեքիչներ (թե՛ օտար, թե՛ յուրային)»: Այսինքն՝ վրիժառությունը վերաբերել է նաեւ յուրայինների՞ն: – Եթե Դաշնակցության մասին ենք խոսում եւ որակում ՀՅԴ գործունեությունը՝ այն կարգավորվում է համապատասխան հայտարարություններով, ժողովների որոշումներով, արձանագրություններով եւ պաշտոնատար՝ տվյալ պահին պատասխանատվություն ունեցող մարդկանց որոշակի արտահայտություններով: Իսկ մնացածների հայտարարությունների մասին կարելի է տվյալ մարդկանց հարցնել եւ նրանք կպարզաբանեն, թե ինչ են ուզեցել ասել: Բայց վստահաբար ասում եմ՝ արդեն նաեւ իբրեւ պատմաբան, որ նոր շրջանում՝ 60-ական թվականներից հետո՝ ՀՅԴ գործունեությունը ազգային ազատագրական պայքարի կազմակերպման ուղղությամբ երբե՛ք, որեւէ՛ ձեւով չի շոշափել անմեղ մարդկանց ճակատագիր, չի՛ եղել իր էության մեջ ահաբեկչական, այլ հետապնդել է որոշակի նպատակներ եւ ընդունել պարտիզանական պայքարի ձեւ: Եվ չեք գտնի որեւէ գործողություն, որի պատասխանատվության ներքո լինի ՀՅԴ-ի կամ նրա համակիր կառույցների ստորագրությունը, որն իր հետ բերած լինի որոշակի բացասական հետեւանքներ (ինչն, ի դեպ, որեւէ կերպ հնարավոր չէ պնդել ԱՍԱԼԱ-ի իրականացրած «վրիժառական» գործողությունների առնչությամբ.- Ա. Ի.): Սա հստա՛կ է՝ կարող ենք մեկ առ մեկ քննարկել հայտնի փաստերը եւ իսկապես չի կարող առաջանալ որեւէ հարցադրում: Ինչ վերաբերում է կուսակցության այսօրվա գործունեությանը: Անկախության ձեռքբերումից հետո հայ իրականության մեջ ծայրահեղական որոշակի շարժումն, ըստ էության, դադարեց եւ դա բնական է, քանի որ, ի վերջո՝ խորքի մեջ հայկական «ահաբեկչությունը» հուսահատ ժողովրդի հուսահատ պայքարի ձեւն էր՝ երբ ժողովուրդը չունի պետություն, աշխարհը չի լսում, մարդիկ չունեն իրենց իրավունքները պաշտպանելու այլ ձեւ եւ պայքարի ձեւ է մնում միայն ծայրահեղ միջոցը: Այն պայմաններում, երբ առկա է արդեն պետությունը, բնականաբար, ժողովուրդն իր հույսերը սկսում է ամբողջ աշխարհում կապել իր պետականության հետ: Եվ ես սրանով եմ բացատրում, որ վերջին տասնամյակում, ըստ էության, դադարել է այն, ինչ կոչվում էր «հայկական ահաբեկչություն»: – ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Էդվարդ Հովհաննիսյանը «27»-ի ոճրագործության առնչությամբ ժամանակին ազդարարեց, թե դեռ պիտի տրվի դրա քաղաքական գնահատականը՝ «փրկվե՞ց դրանից, թե՞ կործանվեց հայությունը», նաեւ, որ ամեն ահաբեկչություն չէ, որ սխալ է. «Ես էլ կասեի՝ Թեհլերյանը սպանեց Թալեաթին. լա՞վ արեց, թե՞ վատ արեց»: Ձեր կարծիքով նույնպե՞ս՝ մինչեւ չտրվի տվյալ ահաբեկչության քաղաքական գնահատականը չի կարելի ասել՝ արդարացվա՞ծ էր այն, թե՞ ոչ: – Ահաբեկչության մասին խոսելիս պետք է նկատի ունենանք որոշակի մեթոդը եւ բովանդակությունը: Մեթոդի տեսակետից՝ ցանկացած գործողություն, որը պարունակում է պահանջներ դնելու հետեւանքով որոշակի քայլեր՝ կարելի է դիտարկել իբրեւ ահաբեկչություն: Սակայն միջազգային պատմագրության եւ քաղաքագիտության մեջ ահաբեկչության դասակարգումները շատ են՝ տասնյակներ: Հիշատակված փաստը՝ Թեհլերյանի գործողությունը՝ բացարձա՛կ վրիժառություն էր եւ այդ պատճառով դատարանն արդարացրեց նրան: Երկու առումով էր արդարացված քայլը՝ նախ, սպանվեց հանցագործ, որը դատարանի կողմից արդեն դատապարտված էր մահվան, փախուստի մեջ էր եւ այդ հանցագործը մեղավոր էր մի ողջ ժողովրդի ցեղասպանության մեջ, երկրորդ՝ սպանողի ողջ ընտանիքը ոչնչացվել էր տվյալ մարդու հրամանով: – Մենք չէ, որ Նաիրի Հունանյանի հետ էինք զուգահեռել Սողոմոն Թեհլերյանին եւ նրա արարքը գնահատել ահաբեկչություն, այլ մարդ, որ համարվում է ՀՅԴ ներկայիս գաղափարախոսներից մեկը: – Դա իր էությամբ դասական վրիժառություն էր: Իսկ մեթոդի առումով՝ ահաբեկչական առաջին քայլերից մեկը կարելի է համարել «Բանկ Օտոման»-ի գրավումը: Գրավվեց հսկայական մի բանկ, այնուհետեւ՝ քարոզչությունից հետո, առանց մեկ դրամ իսկ այնտեղից վերցնելու՝ խումբը դուրս եկավ, նաեւ տալով զոհեր, քանի որ հստակ նպատակը հայ ժողովրդի ազատագրվելու վճռականության քարոզչությունն էր: Նույն կերպ կարելի է գնահատել նաեւ Լիսաբոնում թուրքական դեսպանատան գրավումն ու պայթեցումը, որը չբերեց հասարակության բացասական արձագանք, քանի որ մահապարտները որեւէ վնաս չտվեցին, այլ պարզապես հայտնեցին հայ ժողովրդի վճռականությունը՝ իր իրավունքներին տեր կանգնել ցանկացա՛ծ գնով: Ուստի այս խնդիրների տարբեր բացատրություններ կան: Եվ կրկնում եմ՝ պետության կայացման, ազգային խնդիրների հետապնդման պետության վճռականության հետ միասին՝ բնականաբար, պայքարի այս ձեւը պետք է աստիճանաբար տեղը զիջի ավելի կազմակերպված ձեւին: – Մինչդեռ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տնօրենը պնդում էր, թե պետության այնպիսի վարչաձեւի պայմաններում, ինչպիսին մերն է, որը նա բնութագրում է իբրեւ փաստացի անիշխանություն՝ զարմանալի չէ ո՛չ «27»-ը, ո՛չ էլ ահաբեկչական գործողությունների հավանական շարունակումը: Դուք ե՞ւս համարում եք, որ ահաբեկչությունը կարող է արդարացված լինել նաեւ իշխանության թույլ դիրքերի պայմաններում: – Բացարձակապե՛ս ոչ: Հակառա՛կը: Հստակ դատապարտված է նման քաղաքականությունը ՀՅԴ ժողովների, որոշումների եւ հայտարարությունների միջոցով: Քանի որ եթե մեր հայրենի պետությունում կա անիշխանություն՝ ներսում ահաբեկչությունը միայն խորացնելու է այդ անիշխանությունը եւ, ի վերջո, կորցնելու ես այդ պետականությունը: Սա հստակ է, եւ չի կարելի նաեւ իրավունք վերապահել, որ որեւէ խումբ որոշի, թե ինքը կարող է փրկել պետությունը: Պետությունը փրկվում է իր ինստիտուցիոնալ կառույցների միջոցով եւ այդ կառույցների կայացման եւ ուժեղացման ճանապարհով: Այս իմաստով նույնպես՝ ՀՅԴ պաշտոնական հստակ գործունեությունն առկա է՝ մեր տասնամյակի բոլոր ծայրահեղ պահերին Դաշնակցությունը ցույց է տվել, որ կարող է կուլ տալ անգամ փակվելը, վիրավորանքներն իր առաջնորդների հանդեպ, բայց կուսակցությունը երբե՛ք մոտ իսկ չի եկել պետությունը թուլացնելու գաղափարին: Կարող ենք դրա վերաբերյալ եւս հիշել փաստեր: Ասենք՝ ՀՅԴ առաջնորդը, միայն նրա համար, որ երկրի ներսում չստեղծվի քաոսային իրավիճակ՝ կամավոր ընդունեց վտարվելու անարդար փաստը, չնայած հանգիստ կարող էր հրաժարվել ու մնալ երկրում: Բայց դա կբերեր անկանխատեսելի հետեւանքների: Նույն ձեւով՝ ՀՅԴ ջոկատները կամավոր զինաթափվեցին եւ ներառվեցին պաշտպանության ու բանակի կառույցներում: Սրանք այն խոշոր փաստերն են, որոնք ավելի հստակ են, քան երեւի այս կամ այն արտահայտությունը: – Ամփոփենք՝ համարո՞ւմ եք, թե ահաբեկչությունը քաղաքական պայքարի ընդունելի ձեւերից մեկն է: Էդվարդ Հովհաննիսյանն անգամ պնդում էր, թե ահաբեկչությունը ճանաչվել է մարդկության կողմից եւ այդ պատճառով խոշորագույն ահաբեկիչներ Արաֆաթը եւ Բեգինն արժանացան խաղաղության Նոբելյան մրցանակի: – Կրկին պետք է տարբերենք՝ Արաֆաթն ազգային ազատագրական պայքարի գործիչ է եւ աշխարհը նրա գործունեությունը գնահատելով է տվել այդ մրցանակը: Դատապարտելի է տարբեր խմբերի՝ գաղափարազուրկ, որեւէ նպատակ չհետապնդող ահաբեկչությունը, որ աշխարհի խոշորագույն չարիքներից մեկն է, որի դեմ մենք բոլորս պետք է պայքարենք: Բայց որքան կարեւոր է ահաբեկչությունը դատապարտելը՝ նույնքան կարեւոր է, որ աշխարհը մտածի ահաբեկչությունը ծնող պատճառները վերացնելու մասին: Քանզի, քանի դեռ կա պարարտ հող՝ չի կարող դադարել պայքարի մարտավարական այդ ձեւը: Այսինքն՝ եթե մի ժողովրդի օրինական իրավունքները բռնաբարվում են եւ նա հնարավորություն չունի դրանք պաշտպանել կամ դիմել զինված ինքնապաշտպանության, որ Աստծո կողմից տրված իրավունք է՝ այդ ժողովուրդը պե՛տք է դիմի ծայրահեղ քայլի: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել