Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դերաբաշխում չի եղել»

Սեպտեմբեր 04,2003 00:00

«Դերաբաշխում չի եղել» Փաստաբան Արմեն Մանուկյանն անդրադառնում է «Առավոտի» ուշադրության կենտրոնում գտնվող գործերից մեկին: 2001թ. մայիսի 19-ի գիշերը Տիչինա 125 տան դիմաց դանակի հարվածից սպանվեց 15-ամյա Արթուր Պարսամյանը։ Թե Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի, թե 2-րդ ատյանի դատարաններում գործի քննությունը տեւեց 8 ամիս։ «Առավոտն» արդեն հայտնել է, որ 2-րդ ատյանում ամբաստանյալներ Արամ Աղաբաբյանի, Կարեն Զաքարյանի եւ Մանվել Ասատրյանի պատժաչափը ավելացել է եւ դարձել 8-ական տարի, իսկ Արմեն Բեջանյանինը մնացել է անփոփոխ՝ 9 տարի։ Փաստաբանների միջազգային միության անդամ Արմեն Մանուկյանն իրականացնում էր Արամ Աղաբաբյանի եւ Մանվել Ասատրյանի պաշտպանությունը։ Նրա կարծիքով, 1-ին ատյանի դատարանն «անհատականացրեց մեղքը։ Իմ պաշտպանյալներից ով ինչ արել էր՝ կրեց պատիժը։ Իսկ 2-րդ ատյանի դատարանը գնաց դատախազության քմահաճույքով»։ – Այդ դեպքում, ինչո՞ւ առաջին ատյանի դատավճիռը փորձեցիք վիճարկել։ – Առաջին ատյանի դատարանն ընդունեց դիտավորյալ սպանությունը, ինչը թե տուժողների ցուցմունքներից, թե ամբաստանյալների դատաքննական ցուցմունքներից չերեւաց։ Իսկ թե որտեղ էր գործողությունների հետեւանքային կապը՝ չերեւաց։ Քրօրն ասում է, պետք է անջատել կռվի ընթացքում կատարված սպանությունները եւ ծանր հանգամանքներում եղած սպանությունները։ Այս գործում այդ անջատման շորշոփն էլ չկար։ Վերաքննիչ բողոք բերած մեղադրողը՝ Արթուր Երիցյանը գտել էր, որ դատարանը մեղմ է դատել, իսկ մենք բողոքարկեցինք ոչ թե որակման դեմ, այլ պատժաչափի։ – Վերաքննիչ դատարանը (Ս. Ավետիսյան, Մ. Պետրոսյան, Հ. Տեր-Ադամյան կազմով) հաստատած համարեց, որ «Կ. Զաքարյանի դրդմամբ ամբաստանյալներ Ա. Բեջանյանը, Ա. Աղաբաբյանը եւ Մ. Ասատրյանը տուժողին դիտավորությամբ սպանելու պրոցեսում գործել են համաձայնեցված եւ համատեղ դիտավորությամբ, նրանցից յուրաքանչյուրը գիտակցել է իր արարքով սպանությունը կատարելու գործում մեկը մյուսին աջակցելու փաստը»։ – Ինչ դիտավորության մասին է խոսքը։ Ուսումնասիրել եմ վերջին 10 տարում եղած դիտավորյալ սպանությունները։ Հաստատ չկա կռվի ընթացքում սպանություն, ձախ թեւի տակից։ «Նա թափահարում էր դանակը»,- երկու կողմն էլ ասում է։ Իսկ թափահարելը նշանակում է՝ չէր ուզում խփել, պաշտպանվում էր։ Արմեն Բեջանյանը ոչ անատոմիա գիտի, ոչ մարդու կառուցվածք, նա չգիտի, որ սրտին դեմից բացի կարելի է կողքից խփել։ Նրա մտքով չի անցել։ Եվ նա հանկարծակիի է եկել։ Դատարանում որեւէ խոսք չգնաց «համաձայնեցված գործողությունների» մասին։ Իսկ ընդհանրապես, երկու վիճող կողմեր են եղել, եւ «հարձակվող» կողմը պաշտպանվել է։ – «Ամբաստանյալները որեւէ մարմնական վնասվածքներ չեն ստացել եւ անհրաժեշտ պաշտպանության պայմաններում չեն գործել, քանի որ նախահարձակվողները իրենք են եղել»։ Համաձա՞յն եք դատավճռի այս ձեւակերպման հետ։ – Երկու կողմն էլ կատարված սպանությունում հավասարապես մեղավոր է եղել։ Սակայն պատժվել է «մեր» կողմը։ Տուժող կողմի վկաների ցուցմունքները անտեսվել են, այն, որ «Նարեկ» ռեստորանում իրենք խմել են մի քանի շիշ օղի եւ գարեջուր եւ որ ծեծկռտուքի նախաձեռնողները լինելով, նրանց գործողությունները որեւէ իրավական գնահատականի չեն արժանացել։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել