Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 04,2003 00:00

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմաց, ուր տեղակայված է Հանրապետական ընդունող հանձնաժողովը, բողոքողների հոծ բազմություն էր հավաքվել: Սպասվում էր ԿԳ նախարարի հանդիպումը քննությունների արդյունքներից դժգոհ դիմորդների հետ: Սակայն նախարարը, ըստ բողոքողների վկայության, խուսափել էր շփվել ժողովրդի հետ՝ պատասխանատվությունը գցելով ՀԸՀ փոխնախագահ Վիկտոր Մարտիրոսյանի վրա: Իսկ բողոք-դիմումների քանակն այս պահի դրությամբ հասնում է «հոբելյանական» թվի՝ 1700-ի: Ինչը աննախադեպ երեւույթ է ընդունելության քննությունների պատմության մեջ: Աննախադեպության այս փաստը, սակայն, միակը չէ: Այսպես՝ քննությունների կեսից ՀՀ նախագահի աշխատակազմի եւ Ազգային անվտանգության նախարարության վերահսկողություն իրականացնող ներկայացուցիչներն այլեւս չեն երեւացել: Մեր ունեցած տեղեկություններով, պատճառն այն է, որ Սերգո Երիցյանը համապատասխան մարմիններին հայտնել է, թե իբր վերոնշյալ անձինք խոչընդոտում են քննությունների խաղաղ ընթացքը: Ոլորտին առնչվող ցանկացած մեկը կարող է հաստատել, որ բոլոր նախարարների օրոք քննություններին հատկապես ԱԱՆ ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է: Բացի ամեն ինչից, այստեղ կա նաեւ հանձնաժողովների, նախարարի անվտանգության հարցը: Արդեն նշել ենք, որ ՀԸՀ նախագահ Սերգո Երիցյանը անբարեհաճ վերաբերմունք ուներ պատմության եւ մաթեմատիկայի հանձնաժողովների նկատմամբ: Որովհետեւ առաջինում նախորդ նախարարի ընտրած մարդիկ էին, երկրորդում՝ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի: Եվ պատմության գրավոր աշխատանքների ստուգման գործում նախարարն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել: Ավելին, նա հանձնաժողովին նախապես հանձնարարել է 19 միավոր նշանակել միայն իր մատնանշած մեդալակիր-դիմորդներին: Եվ եթե ուշադրություն դարձնենք, դրանք հիմնականում բոլորիս հայտնի մարդկանց երեխաներն են: Նախարարը վերոնշյալ հանձնաժողովների նախագահներից պահանջել է այն դիմորդների անունները, ում նախագահները պատրաստվում են օգնել՝ այսպիսով հոգեբանորեն ճնշելով վերջիններիս: Մաթեմատիկայի եւ ֆիզիկայի հանձնաժողովում շարունակական բնույթ են կրել ընդվզումները հանձնաժողովի անդամների կողմից, իսկ փոխնախագահներն անգամ քննությունների կեսից հեռանալու ցանկություն են հայտնել: Բավական լարված իրավիճակ է եղել նաեւ քիմիայի հանձնաժողովում: Մամուլում արդեն հրապարակվել է Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի կարծիքն այն մասին, թե քիմիայի հանձնաժողովը կանխակալ վերաբերմունք է ունեցել բժշկականի դիմորդների հանդեպ, այլապես բուհն այդքան թափուր տեղեր չէր ունենա այն դեպքում, երբ դիմորդների թիվն այս տարի 80-ով ավելի էր, քան անցյալ տարի: Իսկ ինչպես կարող էր հանձնաժողովը բժշկականի դիմորդի գրավորը տարբերել մյուսներից: Պարզապես նախարարը կարող էր հանձնաժողովին հրահանգել, որ այսինչ օրը «ջարդ անել»՝ նախապես իմանալով, որ այդ օրը շատ են բժշկականի դիմորդները: Դա հաճախ տարածվել է նաեւ մեդալակիրների վրա: Վիլեն Հակոբյանն անգամ քննությունների կեսից վիրավորված հեռացել է հանրապետությունից: Այս տարի թափուր տեղերի աճ է նկատվել նաեւ մարզային բուհերում: Միայն Վանաձորում այդ թիվը հասնում է 130-ի: Նախարարն այդ փաստը բացատրում է այս տարվա հանձնաժողովների օբյեկտիվ եւ խիստ մոտեցմամբ: Սակայն ինչպե՞ս կարելի է նույն չափանիշներով գնահատել մայրաքաղաքում ռեպետիտորների մոտ պարապած ու երկրաշարժ տեսած կամ սահմանամերձ գոտում մեծացած սերնդի դիմորդներին: Բացի այդ, այդպիսով բուհերն այլեւս ի վիճակի չեն լինի գոյատեւել: Երեւույթը կարելի է բնութագրել այսպես. կամ նախարարը ոլորտին չի տիրապետում, կամ թշնամանք ունի այս բուհերի հանդեպ, կամ էլ մի շահ է հետապնդում՝ ջուր է լցնում մասնավոր բուհերի ջրաղացին: Այս բուհերին առաջիկայում կանդրադառնանք: Իսկ Վանաձորի բուհերում գրանցված 130 թափուր տեղերը լրացնելու նպատակով նախարարը հրահանգել է լրացուցիչ մրցույթ անցկացնել Լոռու դիմորդների շրջանում: Այս մասին իր վերջին ասուլիսում հայտնեց ինքը՝ Սերգո Երիցյանը՝ մոռանալով կամ գուցե չիմանալով, որ դա «Կրթության եւ գիտության մասին» օրենքի խախտում է. քննությունների ավարտից 20 օր հետո բոլոր արդյունքները պետք է ամփոփված լինեն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել