Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցը լուծում են առնետները

Սեպտեմբեր 04,2003 00:00

Հարցը լուծում են առնետները Գյումրիում կա մի քանի տասնյակ վթարային շենք, որտեղ կենդանական աշխարհի ամենաանհրապույր ներկայացուցիչներն իրենց տեր ու տիրական են զգում: Գյումրիի Սեւյան 47, 21բ եւ 23 շենքերի բնակիչները շուտով ստիպված կլինեն սեփական բնակարաններում անձրեւանոցներով շրջել կամ, լավագույն դեպքում, տները առնետներին ու փայտոջիլներին զիջել: Ավելին, 23 շենքի վերջին փլուզումը ընդամենը երկու օր առաջ էր տեղի ունեցել: Վերեւից ընկած քարը վնասել է 7-ամյա աղջկա ոտքը: Սեւյան 47 շենքը երկրաշարժից անմիջապես հետո քանդման ենթակա է ճանաչվել, ու բնակիչներին, որպես տուժածների, բնակարանի գումարը փոխհատուցվել է 100%-ով: Սակայն ինչ-ինչ պատճառներով որոշումը փոխվել է ու ՀՀ երկաթգծի վարչության կողմից «լրամշակվել»: Իսկ վերանորոգումը դեռ չսկսված, դարձյալ դադարեցվել է՝ բնակիչների համար անհայտ պատճառներով: Հասցրել են 4 մուտք ունեցող կառույցի միայն առաջին մուտքի հարավային պատը բետոնապատել, իսկ մյուսներում մետաղասյուներ են կանգնեցվել ու գործն ավարտած համարել: Շինարար մասնագետների գնահատմամբ, սրանով շենքի փլուզումն ավելի են արագացրել: Առնետների հետ «սուսերամարտի» մեջ մտած 21բ եւ 23 երկհարկանի շենքի բնակիչների ապրելակերպն էլ նախնադարյան մարդկանց կամ էլ քոչվոր ցեղերի կյանքը պատկերող ֆիլմ հիշեցրեց. ոչ միայն հիմքից քարերն էին անջատվել, նկուղները ջրով լցվել կամ էլ կտուրը փլվել, այլեւ հարեւան բնակարանները միմյանցից բաժանող պատերն էին պոկվել: Բնակիչների հավաստմամբ, անգամ անցորդներից շատերը շենքերը հասարակական զուգարանի հետ են շփոթել: 75-78 տարվա պատմություն ունեցող կառույցները երկրաշարժից առաջ էլ վթարային են ճանաչվել: Վերջիններս օրեցօր փլուզվում են, ճոճվում: Բնակչուհի Ելենա Մարգարյանի խոսքերով, շատերը վխտացող փայտոջիլներից քոսով են վարակվել: Աղետյալները քաղաքաշինության նախարարներին, մարզպետին, քաղաքապետին, նախագահին, վարչապետին բողոք-դիմումներ, խնդրագրեր են ներկայացրել այս հարցով: Պետական ատյաններն իրենց պատասխաններում մխիթարել են, թե հարցը կքննարկվի «վնասվածության երրորդ եւ ավելի աստիճան ունեցող բազմաբնակարան շենքերի վերականգման ծրագրում»: Այսպիսի շենքեր շատ կան Գյումրիում: Հատկապես վերջին շրջանում արձանագրվում են փլուզման բազմաթիվ դեպքեր: Ընդամենը մեկ օր առաջ փլուզվել էր Գորկու փողոցի թիվ 30 շենքը: Սեյսմիկ կայանի ազգային ծառայության գործակալության հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանի հավաստմամբ, այս քաղաքում անգամ անցորդների կյանքն ապահովված չէ: Քաղաքի բանուկ մասերում կա 27 վթարավտանգ շենք: Պաշտոնական տվյալների համաձայն, այսօր Գյումրիում դեռեւս կա այսպիսի 106 բնակելի շենք, որոնց մեծ մասն ունի վնասվածության 2-5-րդ աստիճան: Բնակիչների ճակատագիրն անհայտ է: Այնպես որ, Գյումրիի քաղաքապետարանի հերթացուցակների մեջ գրանցված 7200 անօթեւաններից շատերի միակ հույսը քաղաքաշինության նախարարությունում մինչեւ օրս մշակվող «Բազմաբնակարան բնակելի շենքերի վերականգնման» հանրապետական ծրագիրն է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել