Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան ռեբուսներ

Սեպտեմբեր 04,2003 00:00

Ղարաբաղյան ռեբուսներ Լեռնային Ղարաբաղի հարցն անկյունաքարային է միաժամանակ երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Համենայն դեպս, երկուսում էլ հայտարարում են, որ այն ներառված է պետական քաղաքականության առաջնահերթությունների ամենավերին հորիզոնականներում։ Դրանով հանդերձ, սակայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, առնվազն վերջին 5 տարիների կտրվածքով դժվար է մտաբերել որեւէ քաղաքական գործչի, իշխանավոր թե ընդդիմադիր, ով հստակ շարադրել է իր պատկերացումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։ Թեման, որը հիմնականում շիկանում է ընտրարշավների ժամանակ, ավելի շուտ պոպուլիզմի եւ ականջահաճո մտավարժանքների «պոլիգոն» է, քան լուրջ, հայեցակարգային մոտեցումների տրամադրող մտահոգություն։ Հայաստանի հասարակայնությունը բոլորովին վերջերս է անցել այդ պոպուլիզմի բովով, վստահաբար ոչինչ չհիշելով ամենատարբեր մակարդակի թեկնածուների կողմից շռայլվող ղարաբաղյան «պլատֆորմներից»։ Հերթն Ադրբեջանինն է, ու հիմա էլ այս երկրի նախագահի թեկնածուներն են փայլատակում ԼՂ հարցի կարգավորման մասին ինտենսիվորեն խոսելու եւ միաժամանակ ոչինչ չասելու արվեստով։ Ասենք, Ադրբեջանում մի հետաքրքիր բացառություն կա՝ լիբերալների կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Լալա Շովքեթը։ Վերջինս միանգամայն պարզորոշ ասել է, որ ընտրվելու դեպքում ուղղակի ուժի կդիմի ու երկու տարվա ընթացքում վերջնականապես կլուծի այդ խնդիրը։ Իսկ ի՞նչ են ասում մնացյալ՝ ավելի լուրջ ընկալվող թեկնածուները։ Ժողճակատի ներկայացուցիչ Ալի Քերիմլին գեղեցիկ, բայցեւ ամենեւին չպարտավորեցնող հայտարարություններ է անում։ Նա չի նշում կարգավորման որեւէ ժամկետ եւ վստահեցնում է, որ իր՝ իշխանության գալու դեպքում, երկրի ներքին անկայունությունը չի խաթարվի։ Քերիմլին հանգստացնում է մի հսկայական էլեկտորատի, նշելով, թե չի պատրաստվում վերսկսել պատերազմական գործողությունները։ Սակայն նա չի մոռանում մնացյալ էլեկտորատներին եւս, խոստանալով հավատարիմ մնալ Ղարաբաղն ամեն գնով վերադարձնելու քաղաքականությանը։ «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարը սիրում է կրկնել, թե ԼՂ հարցի լուծման ամենաիրատեսական ծրագիրն իրենն է, սակայն անմիջապես էլ փչացնում է տպավորությունը, այդ ծրագրից հրապարակելով միայն մեկ դրույթ. հարցը կլուծվի իր նախագահության առաջին իսկ շրջանում։ Կախված հանգամանքներից դա կարող է տեղի ունենալ 6 ամսից, գուցեեւ՝ 3 տարուց։ Քաղաքական ռեբուսների մատուցման գործում ամենեւին չի խեղճանում նաեւ ամենաանցողիկ համարվող թեկնածու Իլհամ Ալիեւը։ «Մենք ձգտելու ենք խաղաղությամբ լուծել այդ հարցը»,- ասում է նա եւ ուժի դիմելու հավանականության մասին ակնարկներ անելու հարմար առիթը բաց չի թողնում։ Իլհամ Ալիեւի ղարաբաղյան կոնցեպցիան, ըստ նրան ճիշտ հասկացող քաղաքագետների, կարող է որակվել իբրեւ «հեռահար-տնտեսական»։ Ըստ այդմ, հրադադարի տարիներին Ադրբեջանի տնտեսությունը հզորացել է եւ շարունակում է հզորանալ։ «Ադրբեջանի եւ Հայաստանի տնտեսությունների միջեւ եղած անդունդը հետեւողականորեն խորանում է»,- ասում է նա՝ հասկացնելով, որ հենց այդ՝ տնտեսական հզորացման ճանապարhով է մտադիր լուծել Ղարաբաղի հարցը։ Խեղճ Իլհամ, նա, հավանաբար, տեղյակ չէ Ռոբերտ Քոչարյանի արձանագրած տնտեսական կատաղի աճերից։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել