Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրիշ ի՞նչ ապացույց է պետք

Սեպտեմբեր 04,2003 00:00

1999-ի հոկտեմբերի 27-ը չկանխելու համար ի պաշտոնե պատասխանատու ԱԱՆ սպաներից եւ ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: Եվ հակառակը՝ խրախուսվել են:

Առիթ ունեցել ենք նշելու, որ փաստացի հայտնի չէ, թե արդյոք Ազգային անվտանգության նախարարությունը «27»-ից հետո անցկացրե՞լ է ծառայողական հետաքննություն: Նման հետաքննություն անցկացրել էր ՆԳՆ-ն, որի նյութերն առկա են գործի հատորներում եւ հայտնի է, որ որոշ շարքային ոստիկաններ ազատվել են համակարգից, որոշ բարձրաստիճաններ՝ նկատողություն ստացել կամ անգամ հայտնվել կադրերի տրամադրության տակ: Այլ հարց է, որ այդ բարձրաստիճաններից մի քանիսը շատ չանցած՝ ՆԳ համակարգում գրավեցին այլ պաշտոններ:

Այնուամենայնիվ՝ ի՞նչ է այս առնչությամբ արել ԱԱՆ-ն: Անգամ դռնփակ դատավարության ընթացքում, երբ կհրապարակվեն «27»-ի գործի, այսպես կոչված, գաղտնի հատորները՝ թերեւս այլեւս չեն հնչի ԱԱՆ սպաների վկայությունները, քանի որ նրանք դատարանում «կրճատման տակ ընկան»՝ չհարցաքննվեցին, ուստի այժմ խնդիր չկա պարզաբանելու նախաքննության ժամանակ եւ դատարանում հնչածի հակասությունները:

Սակայն հայտնի են փաստեր, թե ծառայողական ինչ ուղի են անցել ԱԱՆ այն սպաները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել «27»-ը: Համադրենք դրանք:

ԱԱՆ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Սահակյանին «27»-ից հետո մեկ պաշտոնն իջեցրին՝ ուղարկեցին ԱԱՆ Արագածոտնի բաժնի պետ, մեկ հանեցին՝ ուղարկեցին կադրերի տրամադրության տակ: Բայց Արամ Սարգսյանին վարչապետի պաշտոնից ազատելուց եւ Ռոբերտ Քոչարյանի դիրքերի ամրապնդումից հետո Ալեքսանդր Սահակյանը վերադարձավ իր պաշտոնին:

Լեւոն Բաբայանցը, որ մինչեւ «27»-ը ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետն էր՝ պաշտոնի առաջխաղացում ապրեց եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալն է:

Իր տեղում մնացել է այդ վարչության պետ Կարեն Ստեփանյանը, որի հանձնարարությամբ Ղազար Սարգսյանը (սա ԱԱՆ հատուկ գումարտակի նույն նախկին սպան է՝ ի դեպ, ԱՍԱԼԱ-ի անդամ, որին Նաիրի Հունանյանը հայտնել էր իր ծրագրերի մասին) պետք է տեղեկություններ փոխանցեր բաժնի աշխատակից Կարեն Մերթաշչյանին: Եվ Ղազար Սարգսյանը պարտաճանաչորեն կատարել էր այդ հանձնարարությունը ու զեկուցել Հունանյանի մտադրությունների մասին:

Եվս մեկ անգամ հայտնենք մեր համոզումը, թե քանի դեռ լուրջ հետաքննություն չի տարվել՝ հնարավոր չէ պատասխանել՝ արդյոք ԱԱՆ աշխատակիցների կողմից սովորական ծառայողական անփութությո՞ւն էր բավարար տեղեկատվության պարագայում «27»-ը չկանխելը, թե՞ միտումնավոր եւ ծրագրված դավադրություն: Բայց երկու պարագայում էլ՝ դա հանցագործություն է, եւ շատ խոսուն է, որ դրա կատարողները ոչ միայն չենթարկվեցին պատասխանատվության, այլ արժանացան խրախուսանքի:

Ի դեպ, պարգեւատրման արժանացավ նաեւ ԱԱՆ մեկուսարանի պետը:

Հավելենք այլ փաստ եւս՝ ԱԱՆ տեսչության պետ Աբովյանը, մեր ունեցած տեղեկություններով՝ այնուամենայնիվ իրականացված ծառայողական քննությունից հետո դուրս էր եկել նախարարությունից: Եվ գնացել Պաշտպանության նախարարություն՝ շարունակելու աշխատել Սերժ Սարգսյանի հետ եւ մնալ նրա վերահսկողության ներքո:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930