Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՇԻՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Սեպտեմբեր 04,2003 00:00

ԻՆՉՊԵՍ ՇԻՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԸ Նախարար Թամար Պողոսյանը սակավախոս էր «Մշակույթի ոլորտին պետք է աջակցել, ոչ թե մշակույթի ոլորտին պետք է…»,- մշակույթի նախարար Թամար Պողոսյանը չշարունակեց իր միտքը, եւ այդպես էլ պարզ չդարձավ, թե հատկապես ինչն է անպետք մշակույթի ոլորտի համար։ 2002 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության երեկվա քննարկումներին աշխուժություն պետք է հաղորդեր ՕԵԿ անդամ մշակույթի նախարարը, սակայն վերջինս ակնհայտորեն լուրջ հրահանգավորում էր ստացել՝ ինքնագործունեությամբ չզբաղվել, սեփական ոչինչ չասել՝ բացի անգիր արած թվերից եւ նախադասություններից։ Պետք է խոստովանել, որ այդ հանձնարարությունը Թամար Պողոսյանը փայլուն կատարեց՝ հիասթափեցնելով լրագրողներին եւ՝ չարդարացնելով մեր հույսերը։ Դեռ երեկ առավոտից էին լրագրողները սպասում միակ կին նախարարին, նույնիսկ հարցերի հերթականությունն էր սահմանված, բայց նախարարը (ըստ գործընկերներիցս մեկի դիտարկման)՝ դա «ջոկել» էր։ Դահլիճից բավականին ուշ դուրս գալով, նա փորձեց հասնել դռանը, տեսախցիկներն ու լրագրողները՝ նրա ետեւից. «Սպասո՞ւմ եք, հա՜»,- մոտավորապես այսպես բարեւեց նախարարուհին եւ արդեն հասել էր դռանը, երբ «Առավոտը» փորձեց «անմեղ» հարցով պահել նրան. ինչպե՞ս եք գնահատում ձեր նախորդի գործունեությունը։ Պատասխանը հետեւյալն էր. «Ես չեմ ուզում այդ խնդիրն անձնավորել, ես շատ կարեւորում եմ, որ այսօր, այո, այն հիմնախնդիրները, որ կուտակված են մշակույթի ոլորտում, ստիպում են ե՛ւ պետական հոգածության, ինչո՞ւ չէ նաեւ՝ հասարակության ուշադրությունը դեպի մշակույթի ոլորտը։ Հիմնախնդիրներ իրոք կան, եւ այսօր պետության այդ սուղ միջոցներով հնարավոր չէ այդ բոլոր հիմնախնդիրները լուծել։ Ըստ էության, ինչպես արդեն բոլորդ գիտեք, նախատեսվում է 2004 թ. բյուջեի 1,1 տոկոսը, 2005 թ. 1,2 տոկոսը եւ 2006 թ.՝ 1,6 տոկոսը հատկացնել։ Ըստ էության դուք տեսնում եք, որ սա այն գումարները չեն, որ հսկայական կուտակված հիմնախնդիրները լուծեն»։ Նախարարը մեկ շնչով հրապարակեց «վատ վիճակում» գտնվողների անունները՝ գրադարանային ֆոնդ, թանգարաններ։ Իսկ Լինսի հիմնադրամով վերանորոգված մշակութային օջախներն էլ, ըստ նախարարի, շահագործման նոր ծախսեր են պահանջում։ Նախարարը իրենց խնդիրը համարեց «ֆինանսավորման նոր խողովակներ» գտնելը։ Այսքանը շարադրելով, մշակույթի նախարարն առաջարկեց՝ «բավականանանք այդքանով»։ Լրագրողներն իհարկե չբավարարվեցին եւ փորձեցին հարցեր տալ, բայց 100 օրը դեռ չբոլորած նախարարը որոշել էր լռել։ Ովքեր նախագահական ընտրությունների քարոզարշավին հետեւել են Թամար Պողոսյանի ելույթներին, շատ լավ են հիշում, որ նա այդ ժամանակ «այդքանով» չէր բավականանում, եւ նրա՝ Ռ. Քոչարյանին փառաբանող ելույթները ամենաերկարն էին լինում, ընդ որում, տպավորությունն այնպիսին էր, թե ամեն ինչ ասվում է մեկ շնչով։ Արաբկիր համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, օրինակ, Մերգելյան ինստիտուտի հրապարակում ելույթ ունեցող ՕԵԿ փոխնախագահ տիկին Պողոսյանը երկրի շինարարությանն ուղղված ելույթն այնքան երկարացրեց, որ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը խիստ բազմանշանակ հայացքով դիմեց կողքին կանգնածներին՝ «ո՞վ է»։ Հիմա այլեւս պարզ է, եւ երեւի հարցեր չկան։ Վերադառնանք 2002-ի բյուջեի կատարողականին. տիկին Պողոսյանը ամենայն պարտաճանաչությամբ ընթերցեց բյուջեի մշակութային հատվածը։ Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն իր հարցը տվեց՝ մտադիր չե՞ք երիտասարդական կենտրոններ բացել մարզերում։ Դե, իհարկե, մտադիր են, նույնիսկ այդպիսի ծրագիր կա, ըստ մշակույթի նախարարի՝ «շատ կարեւոր քաղաքական հարց» բարձրացրեց պրն Բալասանյանը։ Հարց ու պատասխանի արդյունքում էլ, իբր, պարզվեց, որ ՕԵԿ խմբակցության ղեկավարը 2004-ի բյուջեում կպաշտպանի մարզերում երիտասարդական կենտրոնների հիմնման հարցերը։ Մշակութային քաղաքականությունը «ապակենտրոն քաղաքականություն է լինելու՝ Երեւանից պետք է տեղափոխվի մարզեր»։ Հիշեցնենք, 2002-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունները շարունակում են անցնել կիսադատարկ դահլիճում։ Սակայն իբրեւ պարտաճանաչ խմբակցություններ արժե նշել ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի անունները, տեղ-տեղ նաեւ՝ ՀՅԴ։ Երեկ հատուկենտ հարցեր եւս լինում էին։ Արդեն հոկտեմբերին ԱԺ-ին պետք է ներկայացվի 2004-ի բյուջեն, փաստորեն 2002-ի քննարկումները ստացվում են խիստ ժամանակավրեպ։ Այսօր բյուջեի քննարկումներ չեն լինի, իսկ ուրբաթ օրը օրենսդիրները կլսեն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի, էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանի եւ մի շարք այլ նախարարների հաշվետվությունները «100 տոկոսանոց» կատարողականի մասին։ Ենթադրում ենք, որ ամիսներ շարունակ բյուջետային աշխատավարձ չստացած աշխատողների հաշվետվությունները ո՛չ ուրբաթ, ո՛չ էլ որեւէ այլ օր՝ ԱԺ-ում չեն լսվի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել