Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԱԾ Է

Սեպտեմբեր 03,2003 00:00

ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԱԾ Է Հանրապետության միջնակարգ դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին։Նախորդներից այն տարբերվում է հերթական նորամուծությամբ, որին տրվել է «օպտիմալացում» անվանումը։ Լա՞վ բան է դա, թե՞ վատ, կա՞ր դրա անհրաժեշտությունը՝ կիմանանք տարիներ հետո։ Բայց ասում են, թե դա նոր մտածելակերպի, նոր մոտեցումների արգասիք է։ Բայց նույնիսկ օպտիմալացման ֆոնի վրա դպրոցներում շատ բան մնացել է նույնը, եթե չասենք՝ գնալով վատացել է։ Խոսքը ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ ունեցած անտարբեր, արհամարհական վերաբերմունքի մասին է։ Հենց սեպտեմբերի 1-ին այցելեցինք Երեւանի կենտրոնական թաղամասերի մի քանի դպրոցներ։ Ֆիզկուլտուրայի դասերին ներկա լինելու մտադրություն չունեինք։ Միեւնույն է, տեղերում ասելու էին, թե դասացուցակները դեռ վերջնական տեսքի չեն բերվել ու այդպես դեռ մի շաբաթ էլ կշարունակվի։ Մեզ հետաքրքրում էին դպրոցական բացօթյա խաղահրապարակները, որտեղ տարվա այս եղանակին ֆիզկուլտուրայի դասերը պետք է անցկացվեն պարտադիր, թե արդյո՞ք դրանք էլ առարկայական մյուս դասասենյակների ու կաբինետների նման պատրաստ են ուսումնական տարվա սկզբին ծառայել աշակերտներին։ Ավաղ, մեր տեսած դպրոցներում բացօթյա խաղահրապարակներ գրեթե չկան: Այստեղ ոչ միայն վազքուղիները նշագծված, ցատկափոսերի ավազը փխրեցված կամ փոխված, բասկետբոլի վահանակներն ու օղակները, ցանցերը նորոգված չէին (Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոց), այլեւ դրանք վերածված էին շինարարական հրապարակ-աղբանոցների (Մ. Աբեղյանի անվան թիվ 3, Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցներ)։ Վերոնշյալ կրթօջախներում միայն գուշակը կենթադրեր կամ հնագետը պեղումներով կհայտնագործեր, որ ժամանակին այդ տեղերում խաղահրապարակներ են եղել։ Իսկ այն, ինչ տեսանք Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում, վեր էր անգամ երեւակայությունից։ Շուկայական հարաբերությունները, հավանաբար, շատ խորն են ներթափանցել դպրոց։ Ու տնօրինությունը որոշել է աշակերտների առողջության կազմակերպման փոխարեն զբաղվել ավելի «օգտակար» գործերով։ Եվ ավելի լավ տարբերակ, քան խաղահրապարակը վճարովի ավտոկայանատեղի վերածելը եւ շենքից մի մաս էլ ավտոլվացման կետի տրամադրելը, չեն գտել։ Արտառոց պատկերը հարկադրեց անպայման զրուցել դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանի հետ։ Համաձայնելով, որ դա անթույլատրելի է, տիկին Գայանեն ասաց, որ ինքն ընդամենը հինգ տարի է, ինչ տնօրեն է։ «Ավտոլվացման կետը ձեւակերպված է փաստաթղթերով,- ասաց նա,- չնայած դպրոցը դրանից որեւէ շահույթ չի ստանում։ Ճիշտ է, այն աշխատեցնողները երբեմն դպրոցին օգնում են։ Օրինակ, անցած տարի նրանք ապակի բերեցին, լուծում են կավճի հարցերը»։ Հետեւաբար, դպրոցական խաղահրապարակի օբյեկտն աշխատում է օրինական։ Հետո զարմանքով իմացանք, որ «օրինականության» նախաձեռնողն ու ակտիվ մասնակիցը ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունն է՝ ի դեմս իր «Շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ի, որն էլ պայմանագիր է ստորագրել ավտոլվացման կետ ստեղծած ձեռներեցի հետ։ Համենայնդեպս, Գայանե Դեմիրյանը չհրկիզվող պահարանից հանեց մի թղթապանակ ու բարձրաձայն ընթերցեց պայմանագրի որոշ հատվածներ։ – Որպես մանկավարժ ու տնօրեն ինչպե՞ս եք հանդուրժում այդ իրողությունը։ – Պայմանագիրը երեւի եղել է մինչեւ իմ գալը,- ասաց նա։ Բայց հետո խոսքի մեջ ասաց. «Դրանից հետո նրանք եկան, ասացին, որ իրավունք ունեն ու շինարարություն են սկսում։ – Այսինքն, դուք դրան համաձայնե՞լ եք։ – Այո։ Տնօրենն օրենքով կարող էր մերժել կամ չմերժել։ Բայց վարձակալը պայմանագիրը կապում է պետգույքի կառավարման նախարարության հետ։ Այն գումարը, որ ըստ քառակուսի մետրի նրանք ներկայացնում են, առայսօր գնում է պետական բյուջե։ – Իսկ ավտոկայանատե՞ղը… – Շենքերի բնակիչները երեկոյան իրենց մեքենաները կանգնեցնում էին տարածքում՝ մուտքի դարպաս չկար։ Անցած տարի բողոքեցի, բայց կանխել չհաջողվեց։ Ես էլ ասացի, որ մեկ տարի թույլ եմ տալիս։ Հետո զրուցեցինք ֆիզկուլտուրայի դասերի անցկացումից։ Շատ հետաքրքիր ստացվեց։ – Այս եղանակին դասերը պետք է լինեն բացօթյա։ Աշակերտները պետք է զբաղվեն աթլետիկայով՝ վազեն, ցատկեն, նետումներ կատարեն… – Մենք շատ մեծ դահլիճ ունենք։ – Դահլիճ կմտնեք ձմռանը։ – Դպրոցի առջեւում էլ տարածք կա։ – Իսկ ցատկափո՞ս… – Դա մեծ շռայլություն չի՞ մեկ դպրոցի համար։ Լավ կլիներ, որ գայիք ու հարցնեիք, թե ինչո՞վ կարող ենք օգնել մարզագույքի հարցում։ Տարիներով աշխատում ենք ու ոչ մի մարզագույք չենք ստանում։ Տնօրենի բարձրացրած վերջին հարցադրումն, իսկապես, ուշադրության արժանի է։ Այդ ու ֆիզկուլտուրայի դասերին առնչվող մյուս խնդիրներին հետագայում նույնպես կանդրադառնանք։ Իսկ մինչ այդ, ստիպված ենք փաստել, որ բացօթյա խաղահրապարակների խայտառակ վիճակը համատարած երեւույթ է։ Անշուշտ, կլինեն նաեւ հատուկենտ բացառություններ։ Բայց որ առարկայի դասավանդումն ընդհանուր առմամբ հանրապետությունում տապալված է, չենք կասկածում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել