Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական «Մայրությունը»՝ դանիացուն նվեր

Սեպտեմբեր 03,2003 00:00

Հայկական «Մայրությունը»՝ դանիացուն նվեր Դանիայի հյուսիսային երկրամասի Ռոսլիվ կենտրոնում վերջերս տեղադրվել է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի «Մայրություն» քանդակը։ Դա պատվեր էր։ Մեծահարուստ բարեգործ Դան Դիսինգ Մադսենը որոշել էր անակնկալ մատուցել կնոջը՝ Էլենին, որն իր կյանքը նվիրել է անապահով երեխաներին։ Չունենալով սեփական երեխաներ, դանիացի ամուսինները ոչ միայն որդեգրել ու մեծացրել են 4 անչափահասների, այլեւ յուրաքանչյուր ամիս իրենց հյուրընկալ հարկի տակ ընդունում են 40 երեխայի։ Օթեւան ստացած երեխաների մեջ են ռուսներ, բելառուսներ, նաեւ հայեր։ Դան եւ Էլեն ամուսինները օգնել են նաեւ 1988-ի երկրաշարժից տուժածներին։ Այժմ բարեգործ ամուսինների առանձնատան այգում հանգրվանել է Գետիկ Բաղդասարյանի «Մայրություն» քանդակը, որը մեծ խորհուրդ ունի։ Ի դեպ, բացմանը ներկա էին Դանիայի արվեստասերները, մասնավոր հավաքածուների ճանաչված հեղինակներ, արվեստագետներ։ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյանն էլ էր հրավիրվել միջոցառմանը։ Տեղի թերթերը դրական են արտահայտվել Դան եւ Էլեն ամուսինների գործունեության մասին։ Իսկ, օրինակ, Սկիֆ քաղաքի «Ֆոլկըբլել» թերթը տպագրել է հոդված, որտեղ նշված է, որ Էլեն Դիսինգ Մադսենի ապրած կյանքը մեկնաբանվել է Գետիկ Բաղդասարյանի քանդակի միջոցով։ Արձանի բացման արարողությունից հետո քանդակագործը հնարավորություն ունեցավ հանդիպել տեղի դպրոցների սաների ու մանկավարժների հետ։ Նա պարզեց կարեւոր մի բան՝ դանիացի արվեստասերներն ու արվեստագետները իրենց պատմամշակութային հուշարձանների կողքին հիշում էին նաեւ հայկական հինավուրց եկեղեցիներն ու խաչքարերը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել