Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ «ՆՈՐՄԱ»-ՏԻՎ ԷԹԻԿԱ

Սեպտեմբեր 03,2003 00:00

ՈՉ «ՆՈՐՄԱ»-ՏԻՎ ԷԹԻԿԱ Մեր թերթն արդեն գրել էր, որ ռեժիսոր Բորիս Հայրապետյանի «Նորմա» ֆիլմ-օպերայում անսպասելիորեն տեղի ունեցավ գլխավոր դերակատարուհու փոփոխություն. մեր օպերայի մեներգչուհի Անահիտ Մխիթարյանին փոխարինեց արտասահմանից ժամանած Հասմիկ Պապյանը: Ռեժիսորի մեկնաբանություններն այդ առիթով մենք արդեն ներկայացրել ենք: Այժմ՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանի տեսակետը: Նախ Անահիտը հարկ համարեց ընդհանուր գծերով բնութագրել պրն Հայրապետյանի աշխատանքը: «Նորություն չպիտի ասեմ՝ դա հայտնի է մեր ողջ թատերախմբին. Բորիս Հայրապետյան ռեժիսորի հայտնվելը մեր օպերային թատրոնում՝ որպես «Նորմա» օպերայի բեմադրիչ, թյուրիմացություն էր: Նա չգիտեր՝ ինչ է օպերան, ինչպես աշխատել երգիչների հետ: Մի բան է՝ լինել շնորհալի կինոռեժիսոր, այլ բան՝ օպերայի բեմադրիչ: Դրանք տարբեր կարգի ունակություններ են, եւ պարտադիր չէ, որ մեկը պայմանավորի մյուսը: Ամբողջ թատերախումբը ամիսներ շարունակ գտնվում էր սիրողականից ցածր կարգի փորձերի մեջ, եւ եթե ներկայացումը կայացավ, ապա մեր երգչական կազմի պրոֆեսիոնալիզմի, ոչ թե Բորիս Հայրապետյանի ռեժիսուրայի շնորհիվ»: Օպերան, ինչպես հայտնի է, սինթետիկ արվեստ է, եւ այստեղ տարանջատել որեւէ առանձին ոլորտ (երաժշտությունը, դրամատիկ գործողությունը, վոկալը, նվագախումբը)՝ դժվար է: Անձամբ ինձ «Նորմայի» ներկայացումն ընդհանուր առմամբ դուր է գալիս, եւ, իհարկե, այդ տպավորության մեջ առաջնայինը Անահիտի երգեցողությունն է: Մոսկովյան մամուլը, որն անդրադառնում էր այս տարվա սկզբին Մեծ թատրոնում ցուցադրված այդ նույն ներկայացմանը, կարծես թե համանման տեսակետին է: Օրինակ, «Իտոգի» ամսագիրը նշում է, որ «Նորմայի» դերակատար Անահիտ Մխիթարյանն այս դերերգում Ռուսաստանում հավասարը չունի: «Նրա երգեցողությունը Մոսկվայում անթերի էր թվում. առանց վիբրատոյի (ձայնի տատանումների – Ա.Ա.) մաքուր ձայնը ստեղծված է «Կաստա դիվայի» նման գլուխգործոցների համար»: Իսկ «Կուլտուրա» թերթն ավելի կտրուկ է արտահայտվում. «Նորմայի» ներկայացումը Մոսկվայում կտապալվեր առանց Անահիտ Մխիթարյանի: Նա էր, որ իր անթերի խաղով եւ անբասիր երգեցողությամբ քարացրել էր ողջ դահլիճը, իսկ հանրահայտ «Կաստա դիվան» նա այնպես կատարեց, որ շռնդալից ծափահարությունները ընդհատեցին ներկայացումը»: Ստացվում է, որ երեւանյան ներկայացումների ժամանակ եւ մանավանդ հյուրախաղերի համար Անահիտը շատ է պետք, իսկ ֆիլմ-օպերայի դեպքում նա պետք չէ: Իհարկե, ֆիլմը մնում է ֆիլմ, նա ունի իր յուրահատկությունները, եւ տեսականորեն հնարավոր է, որ երգիչ-երգչուհիներից ոչ մեկն էլ կադրում չերեւա: Օրինակ, Մարատ Վարժապետյանի «Անուշ» ֆիլմում Սաթենիկ Սահակյանց-Անուշը «երգում է» մեր մեծագույն երգչուհի Գոհար Գասպարյանի ձայնով, եւ այդ պայմանականությունը միանգամայն հասկանալի եւ ընդունելի է: «Անուշ» ֆիլմը որեւէ աղերս չունի օպերային թատրոնի ներկայացման հետ՝ նման ձեւով աշխարհում հարյուրավոր ֆիլմ-օպերաներ են նկարահանվել: Եթե հիմքում լիներ այդ սկզբունքը, որեւէ խոսակցություն չէր առաջանա: Բայց տվյալ դեպքում «Նորմա» ֆիլմում արտիստները երգելու են սեփական ձայներով, եւ վոկալն այս պարագայում չի կարող 3-4-ական նշանակություն ունենալ: Ինչ խոսք, Հասմիկ Պապյանը ճանաչված երգչուհի է, սակայն անցյալ տարի նրա «Նորմայի» դերերգի երեւանյան կատարումը անթերի չէր: Եթե արտիստը (եւ ընդհանրապես մտավորականը) շարունակում է ապրել եւ աշխատել Հայրենիքում, դա մեխանիկորեն չի նշանակում, որ նա իր մասնագիտական որակներով զիջում է արտասահմանը գերադասած մեր հայրենակիցներին: «Ինձ համար զարմանալի էր ձեր թերթի այն մեկնաբանությունը, որ իբր ես իմ տեղը զիջել եմ Հասմիկ Պապյանին: Դա այդպես չէ՝ այդ նա է կանգնել իր համար չնախատեսված տեղում,- ասում է Անահիտը։- Եվ, վերջապես, այս պատմության մեջ ինձ համար ամենակարեւորը հետեւյալն է: Ռեժիսորն իր ֆիլմի համար կարող է փորձել բազմաթիվ դերասանների եւ ընտրել մեկին: Դա օրինաչափ է: Բայց երբ նա ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմի առաջ հայտարարում է, որ ընտրվել է Անահիտ Մխիթարյանը, իսկ հետո նկարահանումները սկսում է մեկ այլ դերակատարի հետ, դա, կարծում եմ, ազնիվ չէ»: Ավելին, Անահիտը ուրիշներից է իմանում, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են, իսկ ռեժիսոր Բորիս Հայրապետյանն առայժմ պաշտոնապես չի հայտնել երգչուհուն, որ նա այլեւս իր ֆիլմում գլխավոր դերակատարը չէ: Կարելի է միայն ենթադրություններ անել, թե ինչու դա չի արվում: Եթե այդ ենթադրությունները ճիշտ են, ապա միջազգային մրցույթների եռակի մեդալակրին եւ երեք գրանպրիների «թագակրին» «պահեստային նստարանին» նստեցնելը էթիկայի տեսակետից լավագույն լուծումը չէ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հ. Գ. Անահիտ Մխիթարյանը մեծ ծրագրով աշնանը ելույթ կունենա Աթենքում, այնուհետեւ՝ Բարսելոնի Licco օպերային թատրոնում, ինչպես նաեւ ձայնագրում է CD` մեր հոգեւոր երգերի ընտրանիով: Իսկ հայ հանդիսատեսը սպասում է օպերային թատրոնի վերաբացմանը եւ մասնավորապես «Անուշին»՝ Անահիտի բարձրարվեստ կատարմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել