Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉՆ ՈՒ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՎԱՐԴԱՆԻԿԸ

Սեպտեմբեր 03,2003 00:00

ԼԵՈՆԻԴ ԻԼՅԻՉՆ ՈՒ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՎԱՐԴԱՆԻԿԸ Շիրակի փոխմարզպետը փոքր-ինչ աշխատեցրեց բյուջեի կատարողականի «լճացած» քննարկումը Խորհրդարանում կամաց-կամաց վերականգնվում է կոմունիստական շրջանի ժողովների ավանդույթը։ Երեկ պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը իսկական կուսակցական ժողով էր, միայն մեկ տարբերությամբ՝ որպես պատվավոր նախագահություն չընտրվեց քայղբյուրոն՝ թանկագին Լեոնիդ Իլյիչի գլխավորությամբ։ Ամեն ինչ ընթանում էր հալած յուղի պես։ Լսում էին գլխահակ, շատերը ննջում էին, ոմանք՝ հորանջում, իսկ վերջում՝ միանշանակ հավանություն էին տալիս 2002-ի բյուջեի 100 տոկոսանոց կատարմանը։ Չվճարված աշխատավարձերի մասին խոսք ու զրույց չկար։ Քննարկումներին ներկա պատգամավոր Մանուկ Գասպարյանը ավելի ուշ թեպետ այդ ամենը «խեղկատակություն» անվանեց, բայց ինքն էլ ոչ մի հարց չտվեց։ 2002 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում ոչ մի հարց, ոչ մի պարտք ու պահանջ քննարկման մասնակից հատուկենտ պատգամավորները չներկայացրին կառավարությանը։ Ոլորտների պատասխանատուները հերթապահ երկու նախադասություն էին ասում՝ իրենց «խորը բավարարվածության» մասին։ Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ուրախությունն անչափ էր. «Այսպիսի քննարկում չի եղել, երբ բոլորն ասում են, թե բյուջեն կատարվել է 100 տոկոսով, նույնիսկ՝ ավելի»։ Ու այս ամենից ոգեւորված, հերթական «հիմնական զեկուցողներն» էլ ավելի հակիրճ դարձրին իրենց երկու նախադասությունը։ Միայն Շիրակի փոխմարզպետ Բորիս Ալեքսանդրովը փորձեց մեկ նախադասություն ավելին ասել, ու երեւի դա ոգեւորեց հանձնաժողովի նախագահ Մինասյանին, որն առաջարկեց. «Պատգամավորներ, եկեք մի հատ հարց տանք, որ փոխմարզպետն իմանա այստեղ նաեւ հարցեր են տալիս»։ Եվ տվեցին։ Հարց տվողն էլ գյումրեցի Սամվել Բալասանյանն էր (ՕԵԿ խմբակցության ղեկավար) ու երեւի հենց այս դեպքի մասին են ասել՝ հարցից հարց ծագեց։ Փոխմարզպետը չդիմացավ ու թեթեւ ակնարկ արեց Գյումրիի քաղաքապետերի ինքնագլուխ գործողությունների մասին։ Ավելի ուշ, պատասխանելով «Առավոտի» հարցերին, փոխմարզպետը որոշ մանրամասներ ներկայացրեց, որոնց մի մասին արդեն մամուլն անդրադարձել է։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հանրապետության չորս մարզերում (Շիրակ, Լոռի, Տավուշ եւ Արագածոտն) բնակարանների բաշխումը հանձնել մարզպետարաններին։ Մինչ այդ բաշխումը կատարվում էր քաղաքապետարանների կողմից։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փաստորեն արդեն 10 ամիս շարունակ համարձակվում է չկատարել կառավարության վերոհիշյալ որոշումը եւ ինքնագլուխ բաժանում է բնակարաններ, ընդ որում՝ նաեւ այնպիսիք, որոնք գոյություն չունեն։ Մասնավորապես՝ նա բնակարան է հատկացրել մի ընտանիքի շենքերից մեկի չորրորդ հարկում, երբ տվյալ շենքը երեք հարկանի է։ Փոխմարզպետ Բ. Ալեքսանդրովի վկայությամբ. «Քաղաքապետարանը չի համաձայնվում հանձնել բնակարան ստացողների ցուցակները, որպեսզի մենք կարողանանք բաշխում իրականացնել։ Եվ ստացվել է այնպես, որ կառուցվող, արդեն կառուցված եւ նույնիսկ՝ դեռեւս հիմքը չգցած շենքերի բնակարաններն անգամ այլեւս ազատ չեն, քաղաքապետարանը կատարել է հատկացումներ։ Իսկ կառավարության որոշման մեջ նշված է, որ բնակարանները պետք է շահագործման հանձնվեն շենքի փաստացի ավարտից հետո, բնակարանները պետք է բաշխվեն մարզպետարանների կողմից եւ մարզպետը պետք է պայմանագիր կնքի բնակչի հետ միանգամից՝ սեփականաշնորհման իրավունքով։ Այս գործընթացը ձգձգվում եւ ձախողվում է այն պատճառով, որ քաղաքապետարանը հրաժարվում է մարզպետարանին հանձնել ցուցակները»,- պատմում է փոխմարզպետը։ Իր այսպիսի պահվածքը քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հետեւյալ կերպ է ներկայացրել՝ ինքը պայմանավորվածություն ունի նախկին մարզպետի, կառավարության որոշ պատասխանատուների հետ եւ որ իրեն «դաբրո» է տրված բնակարաններ բաժանելու գործընթացը շարունակել սեփական ձեռնարկմամբ։ Ստեղծվել է ակնհայտ աբսուրդ իրավիճակ՝ կառավարության որոշումը շրջանցելու իրավասություն ունեցողների ռիսկային գոտին անընդգրկուն է։ Փոխմարզպետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը աստվածաշնչյան մեջբերումներով փառաբանում էր Ռոբերտ Քոչարյանին, ոչ ոք նրան չհիշեցրեց, որ ինքը ոտնահարում է երկրի օրենքներն ու իշխանության որոշումները եւ միայն այսօր է այդ մասին բարձրաձայնվում։ Պատասխան չկար, եղավ հետեւյալ մեկնաբանությունը. «Մենք գրություն ենք ուղարկել վարչապետին, որպեսզի հարցին վերջնական լուծում տրվի, որովհետեւ վերջին հաշվով տուժում է աղետի գոտու բնակիչը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել