Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽՈՍՔԻՑ ԱՌԱՋ

Սեպտեմբեր 03,2003 00:00

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽՈՍՔԻՑ ԱՌԱՋ Վահրամ Ավանեսյանը վատառողջության պատճառով «ԱրմենՏելի» կողմից լիցենզիայի դրույթների կանխամտածված եւ պարբերաբար խախտման հարցով բաց ժողովի շրջանակներում նախորդ օրը փակ ընթացակարգով էր ցուցմունք տվել: Պարոն Ավանեսյանը «ԱրմենՏելի» մասնավորեցման հանձնաժողովի անդամ է եղել եւ այն ժամանակ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը: Մասնավորեցման ընթացքի մասին նա մանրամասներ էր հաղորդել: Երեկ «ԱրմենՏելը» խնդրեց հարցաքննության ձայնագրությունը: Բայց կառավարության որոշմամբ Վահրամ Ավանեսյանը երեկ առողջացել էր եւ բաց ժողովի ընթացքում անձամբ կրկնեց այդ ընկերության մասնավորեցման գործընթացի վերաբերյալ նախորդ օրը տված իր մեկնաբանությունները: Նրա մեկնաբանություններից հետաքրքիրը հետեւյալն էր, որ արեց թերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան. «այն ժամանակ մենք կարծում էինք, որ ամեն ինչ կարող էինք անել ինքնուրույն, առանց մասնագետների»: Իսկ «ԱրմենՏլի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը նրա միջոցով պարզեց, որ լիցենզիայում Լոնդոնի միջազգային արբիտրաժի որոշումները ՀՀ կառավարության համար բացառապես խորհրդատվական բնույթ են կրում (այսինքն կառավարությունը կարող է լսել, բայց վարվել ինչպես ինքն է նպատակահարմար գտնում), իսկ ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրում՝ պարտադիր կատարման ենթակա են երկու կողմերի համար էլ: Պարզվեց, այս կետը փոխվել է հետագայում, բանակցությունների արդյունքում: Վ. Ավանեսյանի տվյալներով, սա, ինչպես նաեւ 15 տարվա մենաշնորհի իրավունքը միակ երաշխիքները չէին, որ տրվել էին խոշոր ներդրում կատարող ընկերությանը, բայց ընկերությունն էլ որոշակի պարտավորություններ է ստանձնել՝ կապի բարձր որակի ապահովումը: Խոստովանենք, «ԱրմենՏելին» ներկայացրած իր մեղադրանքները հաստատելու համար կառավարությունը վկաներին ընտրել էր «մաթեմատիկական ճշգրտությամբ»: Իսկ ինչ հակադրեց «ԱրմենՏելը» այն բարձր պատրաստվածությանը, որ ցուցադրեց կառավարությունը այս օրերին: Երեկ Գեորգիուս Վասիլակիսը իր հակափաստարկները ներկայացնելիս՝ մեղադրանքներին պատասխանում էր ոչ ըստ էության, ավելի ստույգ՝ լայնածավալ ինֆորմացիա տրամադրելով: Պարոն Վասիլակիսը նախընտրել էր ցուցադրել գրաֆիկներ, որոնք պարունակում էին տվյալներ մինչ այժմ կատարված ներդրումների մասին: Բայց պատասխանն ու մեղադրանքները համադրելու դեպքում կարելի է որոշ հիմնավորումներ գտնել, որոնք հաշվի առնելով էլ, կարծում ենք, կառավարությունը գուցե փոքրիկ զիջումների գնա: Իսկ հարցերին պարոն Վասիլակիսը պատասխանում էր այնպես, որ օրինակ, Դավիթ Հարությունյանը ասում էր, «ես համբերություն ունեմ, կարող եմ անվերջ հարցս կրկնել, մինչեւ պատասխան ստանամ» կամ՝ «ես դեռ հարցս չեմ ձեւակերպել, կարո՞ղ եք ասել՝ ո՞ր հարցիս էիք պատասխանում»: Կամ Անդրանիկ Մանուկյանը՝ «դուք իմ հարցին չպատասխանեցիք», «ես ուրիշ հարց եմ տվել» եւ այլն: Երեկվա հարցուպատասխանի ընթացքում կառավարության բեմադրած շոուի մանրամասները չենք հրապարակում բացառապես պարոն Վասիլակիսի պատկառելի տարիքը հաշվի առնելով: «ԱրմենՏելի» խնդրանքով նիստն ընդհատվել է մեկ օրով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել