Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրկին մրցույթ կլինի

Սեպտեմբեր 03,2003 00:00

Կրկին մրցույթ կլինի Գրիգոր Ամալյանը պնդում է, որ ՀՌԱՀ-ը անկախ մարմին է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարել է արտոնագրման մրցույթ՝ 3-րդ մետրային հաճախականության համար, որով ներկայումս հեռարձակվում է «Ար»-ը, եւ 63-րդ դեցիմետրային կապուղու համար, որով ներկայումս հեռարձակվում է «Արմնյուզը»։ ՀՌԱՀ-ը որոշել է 63-րդ կապուղու համար սահմանել լրատվական թեմատիկ ուղղվածություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասվող մրցակիցները նույնպես ունեն հեռարձակման լրատվական ուղղվածություն։ Այս կապակցությամբ մենք ենթադրել էինք, որ խոսքը, հավանաբար, մրցույթների մշտական մասնակիցների՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» մասին է։ Երեկ փորձեցինք ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանից պարզել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում նման պահանջը (լրատվական թեմատիկ ուղղվածության) սահմանումը։ Պրն Ամալյանը վերահաստատեց, թե նման սահմանման պատճառը՝ մրցույթին լրատվական թեմատիկ ուղղվածություն ունեցողների մասնակցությունն է. «Ե՛վ նախկինում, ե՛ւ հիմա պահպանվել է սկզբունքը, այսինքն՝ գործող հեռուստաընկերության համար փորձում ենք պահպանել նախկին գործունեության կարգը, որովհետեւ, դուք գիտեք, եթե որեւէ հեռուստաընկերություն ունեցել է թեմատիկ ուղղվածություն, ապա նրա համար այլ ուղղվածություն կամ՝ ընդհանուր բնույթի մրցույթ հայտարարելը ստեղծելու է անհաղթահարելի պայմաններ։ Առավել եւս՝ ակնկալվող մրցանակները կարծես թե ունեն լրատվական նախասիրություններ։ Այնպես որ, որեւէ նոր բան այս մրցույթի պարագայում չենք հնարել»։ Պրն Ամալյանին հիշեցրինք, թե ԵԱՀԿ մոնիտորինգի խումբը, ավելի ճիշտ՝ այն ժամանակ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվն ինչպես հակադարձեց ՀՌԱՀ-ի նախագահի այն մտքին, թե միջազգային կառույցները գնահատականներ տալու փոխարեն թող ֆինանսապես եւ տեխնիկապես օգնեն «Ա1+»-ին՝ մրցույթին ավելի հաջող մասնակցելու համար։ Իսկ հակադարձումը հետեւյալն էր՝ եթե Գրիգոր Ամալյանն ուշադիր լիներ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հանդեպ, ապա կիմանար, որ միջազգային կառույցներն իրավասու են նաեւ՝ դատապարտել հեռուստաընկերությունը (խոսքը, հասկանալի է, «Ա1+»-ի մասին է) կապուղուց զրկելու փաստը։ Ինքը՝ Գրիգոր Ամալյանն այս պատասխանին դեռ չէր անդրադարձել։ Երեկ փորձեցինք ստուգել՝ սպասվո՞ւմ է ինքնապաշտպանություն։ Գրիգոր Ամալյանի պատասխանը հետեւյալն էր. «Ըստ էության, Ռոյ Ռիվն ասել է այն, ինչ պատրաստվել է ասել, եւ ես ժամանակին ասել էի այն, ինչ գտնում էի, որ ավելի, ըստ էության, օգտակար կլինի»։ «Ա1+»-ին կապուղուց հերթական անգամ զրկելով, ՀՌԱՀ-ն, ըստ էության, կրկին առիթ տվեց քարկոծել իշխանություններին եւ Ռոբերտ Քոչարյանին, քարկոծողներն իրավացիորեն գտնում են, թե ՀՌԱՀ-ը կատարել է իշխանությունների պատվերը։ Արդյո՞ք այս կապակցությամբ իշխանությունները մատ թափ չեն տվել ՀՌԱՀ-ի վրա։ Պարզվեց՝ Գրիգոր Ամալյանը չի վախենում. «Հանձնաժողովը չի ակնկալում ո՛չ իշխանությունների շնորհակալությունը, ո՛չ էլ որեւէ դիտողությունից է վախենում։ Հանձնաժողովն անկախ մարմին է, գործում է ինքնուրույն եւ այն իրավասությունների շրջանակում, որոնք նախատեսված են օրենքով, հանձնաժողովը հետագայում եւս պիտի գործի գործող օրենսդրության շրջանակներում»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել