Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ 20 ՏԱՐՈ՞Վ

Սեպտեմբեր 03,2003 00:00

ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ 20 ՏԱՐՈ՞Վ Ամենաքստմնելի եւ դատապարտելի հանցագործներն իսկ նոր «Քրեական օրենսգրքի» համաձայն՝ կարող են հայտնվել ազատության մեջ: Այս հնարավորությունը եւս նրանց ընձեռեց «Հոկտեմբերի 27» տեսած ԱԺ-ն: Նոր «Քրեական օրենսգիրքն» ուժի մեջ մտնելուն հաջորդեցին մեկնաբանություններ, թե ցմահ ազատազրկումը բոլորովին չի նշանակում, որ հանցագործն իր կյանքն անցկացնելու է կալանավայրում: Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «Ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 20 տարին»: Հանցագործին հնարավորություն է տրվել ազատ արձակվել ուղղվելու կամ հասարակության համար վտանգավորությունը կորցնելու պատճառաբանությամբ: Ըստ այդմ՝ ցմահ ազատազրկման դեպքում, ասենք, Նաիրի Հունանյանը կարող է որոշ ժամանակ անց հայտնվել ազատության մեջ: Անկեղծ ասած՝ փոքր-ինչ անհավանական թվաց, որ ահաբեկիչների նկատմամբ իշխանական հովանավորությունը կարող է դրսեւորվել արդեն բոլորովին անթաքույց: Եվ պարզաբանումների համար դիմեցինք Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Նիկոլայ Առուստամյանին: «Իհարկե, թեեւ մահապատիժը՝ որպես բացառիկ պատժամիջոց՝ մերժվեց նոր «Քրեական օրենսգրքով», այնուամենայնիվ՝ կուզենայի մատնանշել նոր օրենսգրքի 12-րդ հոդվածը, ըստ որի՝ արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են արարքը կատարելու պահին գործող քրեական օրենքով»,- նախ ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ըստ նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի՝ պատիժը մեղմացնող օրենքներն ունեն հետադարձ ուժ, պրն Առուստամյանն այսպես արձագանքեց, թե մահապատիժն ամենախիստ պատժատեսակն է եւ դրա համեմատ՝ ցմահ ազատազրկումը դիտվում է մեղմ պատիժ: Դատաիրավական բարեփոխումների վարչության պետը ներկայացրեց նախապատմությունը, թե ինչպես է ստացվել, որ նոր «Քրեական օրենսգիրքը» նախատեսում է ցմահ ազատազրկումից վաղաժամկետ ազատվելու իրավունք. «Օրենսգրքի մշակման աշխատանքների ժամանակ քննարկվում էր ցմահ ազատազրկումը նախատեսել երկու տարբերակով, այսինքն՝ պայմանական, վաղաժամկետ ազատման իրավունքով եւ ցմահ ազատազրկում՝ առանց այդ իրավունքի: Նման առաջարկներ արվեցին նաեւ ԱԺ-ում քննարկման ժամանակ: Այնուամենայնիվ՝ ելնելով միջազգային փորձի ուսումնասիրությունից, ինչպես նաեւ՝ օրենսգրքի միջազգային փորձաքննության արդյունքներից՝ եկանք այն եզրակացության, որ ավելի մարդասիրական է այն տարբերակը, որով նախատեսվում է պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը ցմահ ազատազրկման համար»: Սակայն ինչո՞ւ հաշվի չի առնվել միջազգային այն փորձը, որ հասարակության, պետության դեմ գործված առանձնապես վտանգավոր եւ ծանր որոշ հանցագործությունների համար չի նախատեսում ներման կամ որեւէ այլ ճանապարհով ազատ արձակման իրավունք, եւ ավելին՝ որպես նաեւ բարոյական պատիժ՝ նախատեսում է անգամ կրկնակի կամ եռակի ցմահ ազատազրկում: Նիկոլայ Առուստամյանը նշեց, թե առանց ազատման իրավունքի ցմահ ազատազրկում սահմանելը մոտ է ամերիկյան համակարգին. «Իսկ եվրոպական զարգացած երկրների մեծ մասում ցմահ ազատազրկում պատժատեսակը նախատեսված է պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքով: Ինչ եք կարծում, Եվրախորհրդի անդամ այդ երկրները պակա՞ս արդարադատության եւ քաղաքացիական հասարակության ձգտող պետություններ են: Եվ ինտեգրվելով եվրոպական ընտանիք՝ նաեւ մարդասիրության սկզբունքը նկատի ունենալով հանգեցինք այս տարբերակին»: Նշենք, որ Հայաստանը Եվրախորհրդի առջեւ պարտավորություն ունի միայն մահապատիժը վերացնելու վերաբերյալ, բայց չկար եւ ոչ մի պարտավորություն, թե ծանրագույն հանցագործություններ կատարած անձինք պիտի ունենան ազատ արձակվելու հնարավորություն: «Այն անձինք, որոնք այսօր կրում են ցմահ ազատազրկում պատիժը, այո՛, հնարավոր է, որ 20 տարին լրանալուց հետո դիմեն դատարան, որը նկատի ունենալով նրանց վարքագիծը եւ ուղղման աստիճանը՝ կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել նրանց,- ասաց պրն Առուստամյանը:- Կուզենայի մատնանշել նաեւ, որ պայմանական, վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման ընթացքում արդարադատություն իրականացնող մարմինները կարող են որոշակի պարտավորություններ սահմանել ազատվողների նկատմամբ»: Սակայն ըստ մամուլում եղած մեկնաբանությունների՝ ցմահ ազատազրկման դատապարտվածները 20-ից էլ շուտ՝ 13 տարուց կարող են ազատ արձակվել, քանի որ նոր օրենսգրքով՝ մեկուսարանային պայմաններում անցկացրած 1 օրը հաշվվում է 1,5 օր, իսկ մեր մահապարտներն իրենց կալանքը կրում են ոչ թե գաղութային, այլ հենց մեկուսարանային պայմաններում: «Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ օրենսդիրը ոչ թե ասում է, թե մեկուսարանային պայմաններում գտնված 1 օրը պիտի հաշվեն1,5, այլ «Քրեական օրենսգրքի» 69 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամանակահատվածն է հաշվարկվում 1 օրը 1,5-ի դիմաց,- ի պատասխան ասաց պրն Առուստամյանը:- Այսինքն՝ որոշիչ դեր չունի, թե մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը գտնվել է մեկուսարանո՞ւմ, թե՞ ուղղիչ հիմնարկում»: Մեր հարցին, թե կանխատեսո՞ւմ են, որ օրենքում նման հնարավորություններ նախատեսելը անպայման դիտարկվելու է «27»-ի գործով ահաբեկիչներին տրված երաշխիքների շրջանակներում՝ Արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների վարչության պետը պատասխանեց. «Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, մշակվել է երկար տարիներ, քննարկվել բավական երկար ժամանակ՝ մանրազնին եւ մանրակրկիտ: Եվ կարծում եմ, որ կոնկրետ գործերից ելնելով չէ, որ պետք է օրենսգիրք ընդունել, այլ նկատի ունենալով հասարակարգի զարգացման ուղղությունները, տեմպերը եւ ձեւերը: Որեւէ օրենսդրական ակտ գնահատելիս նաեւ պետք է զգույշ լինել: Համենայն դեպս՝ պետք է հեղինակներից մի փոքր բարձր լինել, որպեսզի քննադատությունն արժանի լինի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել