Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» ՆԻՍՏ

Սեպտեմբեր 03,2003 00:00

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» ՆԻՍՏ Երեկ ԱԺ-ում հրավիրված ԱԺ մշակույթի, երիտասարդության հարցերի, կրթության եւ գիտության հանձնաժողովի տեղեկատվական խորհրդի նիստի ժամանակ հերթական անգամ քննարկվեց բազմաչարչար «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը: Օրնագիծն արդեն որոշակի հանգրվանի է մոտենում, եւ կրքերն ինքնաբերաբար հանդարտվել էին: Երեւանի մամուլի ակումբի եւ Ժուռնալիստների միության կողմից հանդես եկավ Մեսրոպ Հարությունյանը եւ պնդեց նախորդ առիթների ժամանակ քանիցս բերված իրենց առաջարկի կարեւորությունը՝ անպայմանորեն «զանգվածային լրատվության միջոց» գաղափարի ձեւակերպման մեջ ներառել լրատվամիջոցի պարբերականության եւ մշտական անվանման գաղափարը: Հակառակ դեպքում, կարող է ստացվել, որ հարյուր եւ ավելի օրինակով մեկ անգամ մի որեւէ նամակ գրողը եւ տարբեր հասցեներով ուղարկողը կարող է պահանջել պրոֆեսիոնալ լրագրողների իրավունքներ: Ինչպես միշտ, շատ ավելի արմատական տարբերություններ էր առաջարկում Մամուլի ազգային ակումբը: ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանն առաջարկում էր ընդհանրապես այս օրինագիծը մի կողմ դնել, եւ ԱԺ-ն, օրենսդրական նախաձեռնության կարգով սկսի լրիվ այլ «Մամուլի եւ տեղեկատվության ազատության մասին» ընդհանուր օրինագծի ստեղծումը: Այս առաջարկը հմտորեն շրջանցվեց, նկատի առնելով հատկապես այն փաստը, որ երկրորդ ընթերցմամբ ընդունվել եւ ավտոմատ կերպով երրորդ ընթերցմանն է սպասում «Տեղեկատվության ազատության մասին» Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագիծը: Քառասուն րոպե «կառուցողական» քննարկումից հետո տեղեկատվական խորհրդի նիստն ավարտվեց: Նման մեղմ, անգամ անտարբեր մոտեցման պատճառներից մեկն էլ, թերեւս, շատ լրագրողների եւ խմբագիրների մոտ ձեւավորված այն կարծիքն է, որ անգամ լավագույն օրենքի առկայությունը լրատվամիջոցների ազատ եւ անկախ աշխատանքի պայման չի կարող լինել, քանի դեռ մեր երկիրն իրավական չէ: Վկան՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որը վկայակոչելով (բայց իրականում՝ շրջանցելով) կարողացել են լռեցնել անհաճո լրատվամիջոցները: Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել