Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԳՐԱՎՈՐ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ

Սեպտեմբեր 03,2003 00:00

ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԳՐԱՎՈՐ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ «Վրիժառու» Ջոն Հարությունյանը շատ բաներ չի հիշում Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով նախորդ դատական նիստում դատարանը բավարարել էր ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի միջնորդությունը՝ Ջոն Հարությունյանի ցուցմունքների տեսագրությունը դատարանում ցուցադրելու մասին: Երեկվա դատաքննության ժամանակ ամբաստանյալի մարտի 3-ի ցուցմունքի տեսագրությունից պարզ դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության քննիչները Ջոն Հարությունյանին ուղղորդող հարցեր էին ուղղում հատկապես՝ սպանությունը Վազգեն Սարգսյանի ընտանիքի, նրա եղբայրների հետ կապելու համար՝ նույնիսկ հուշելով՝ թե արդյոք ամբաստանյալը գիտի՞, որ նա երկու եղբայր ունի՝ Արամ, Արմեն անուններով, ինչին Ջ.Հարությունյանը բացասական պատասխան էր տալիս: Ի դեպ, հատկապես այդպիսի ցուցմունքներն էին, որ նախաքննության ընթացքում քննիչներն իրենց ձեռքով շատ հարթ հայերենով գրավոր շարադրել էին՝ ամբաստանյալի փոխարեն: Տեսագրությունը նայելուց հետո դատավարության կողմերը Ջ.Հարությունյանին հարցեր ուղղեցին, որոնց նա այս անգամ համաձայնեց պատասխանել: Բայց նախ կրկին հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իր տված գրավոր բոլոր ցուցմուքներից հրաժարվում է, չի հրաժարվում միայն տեսագրված ցուցմունքներից: Թե ինչո՞ւ է հրաժարվում, հատկապես ինչի՞ց է հրաժարվում՝ ամբաստանյալը չկամեցավ որոշակիացնել: «Էն ցուցմունքն իմը չի»,- կրկնում էր ամբաստանյալը: Իր պաշտպանի հարցերին պատասխանելով Ջոն Հարությունյանն ասաց, թե ԼՂ-ում իրեն բռնել են «զենք-մենքի» համար: Իսկ Տ.Նաղդալյանի սպանության մասին խոստովանել էր, որովհետեւ, իր ասելով, խիղճն էր տանջել. մտածել էր, թե «բռնվել-բռնվել եմ, միանգամից էդ սպանությունն էլ խոստովանեմ, նստեմ պրծնեմ»: Այս պատասխանը նա պնդեց, երբ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի հարցին էր պատասխանում: Ջ.Հարությունյանը չկարողացավ այս դեպքում նույնիսկ ծիծաղը զսպել, թերեւս, այն պատճառով, որ ստիպված էր՝ անգիր արած հեքիաթի պես պատմել, թե ինչն է իրեն դրդել զենք պահելու համար բռնվելուց հետո խոստովանել ավելի ծանր, եւ մահապատիժ ենթադրող հանցագործության մասին: Ջ.Հարությունյանի պաշտպան Լուսնթագ Բադալյանը եզրակացրեց, որ Տ.Նաղդալյանին սպանելու համար իր պաշտպանյալը երկու դրդապատճառ է ունեցել. մեկն այն է, որ նրան վստահեցրել են, որ Տ.Նաղդալյանը առնչություն է ունեցել «27»-ի հետ եւ՝ ֆինանսական վատ վիճակը: Այստեղ ամբաստանյալը մի նոր երգ երգեց: Պարզվում է՝ նա սպանությամբ վրեժ է լուծել նաեւ իր համագյուղացու, նախարար Լեոնարդ Պետրոսյանի սպանության համար, որին ճանաչել է, իսկ Սպարապետի մասին՝ ոչ մի խոսք: Մեղադրող կողմին խիստ հետաքրքրում էր, ի վերջո, Ջ.Հարությունյանն ինչու է հրաժարվում իր ցուցմուքներից: Արդյո՞ք ցուցմունքներ տալուց նրա նկատմամբ բռնություն է կիրառվել, ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Պատասխանելուց առաջ Ջ.Հարությունյանը երկար մտածեց, հետո ուսերը թոթվեց, ինչը մեղադրողը թարգմանեց որպես ժխտական պատասխան: Ավելի ուշ, իհարկե, Ջ.Հարությունյանը խոստովանեց, որ դեռ ԼՂՀ-ում կալանավորված ժամանակ եւ մինչեւ Երեւան տեղափոխվելը «4 օր ընենց պալաժենիում չեմ ըլել, որ կիրեմ»: Նույնիսկ դատարանի դահլիճում մեղադրողները փորձում էին ամբաստանյալին վերադարձնել նախաքննական ցուցմունքների հուն ու հիշեցնում, որ նա այն ժամանակ սպանության համար վճարողի անունն է իմացել: «Չէ, չեմ ասել, չեմ հիշում»,- եղավ պատասխանը: «Երբ Լյովան հրաժարվել էր իր մտադրությունից՝ Տ.Նաղդալյանին սպանելու համար 30 հազար դոլար վճարելու մասին է, դուք ասացիք, որ Գեղամն ասել է, թե կգնա կճշտի պատվերի մասին: Ումի՞ց էր ճշտելու: Ցուցմունքում դուք անուն եք տվել»,- պնդում էր մեղադրող Ավագ Ավագյանը: «Չեմ հիշում»,- ուսերը վեր քաշելով պնդում էր Ջ.Հարությունյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել