Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի՛ հեղինակազրկեք օմբուդսմենին

Սեպտեմբեր 03,2003 00:00

Մի՛ հեղինակազրկեք օմբուդսմենին Երեկ ԱԺ-ում սկսվեցին «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագծի քննարկումները Որոնց մասնակցում էին խորհրդարանի, Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հենց վերջիններս էլ, իսկ մասնավորապես՝ Փաստաբանների միջազգային միությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Ինտերնյուս-Հայաստանը, ԵՄԱ-ն, Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ 10 այլ կազմակերպություններ ստորագրել էին մի հայտարարություն, որը քննարկումների ժամանակ հրապարակեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը. «Ողջունելով Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը եւ կարեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում դրա անգնահատելի դերը, – գիտակցելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի ընդունումը Եվրոպայի խորհրդին անդամակցելիս՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է, – ըմբռնելով, որ գործող Սահմանադրությունն ու օրենսդրությունը սահմանափակում են այդ ինստիտուտի ստեղծման կարգը, բնույթն ու կառուցվածքը միջազգայնորեն ընդունված անկախության չափանիշներին համապատասխանեցնելու հնարավորությունները, – մտահոգված, որ նման պայմաններում գործադիր իշխանությունների կողմից լիազորություն ստացած ինստիտուտը հեղինակազրկվելու ցավալի հեռանկար ունի, քանի որ մարդու իրավունքների ազատ իրականացման եւ պաշտպանության հիմնական խնդիրներն առաջանում են գործադիր ոլորտում գործող կամ այդ ոլորտից անմիջական կախման մեջ գտնվող կառույցների, պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով, – հաշվի առնելով, որ հայտնի չէ, թե երբ պատրաստ կլինի երկրում նախատեսվող սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ինչպես նաեւ՝ ինչպիսին կլինեն նրա բովանդակությունն ու հանրաքվեի արդյունքները, – համոզված, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի այսօրվա պահանջարկի բավարարումը ժամանակավորապես կարող է շարունակել ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովը՝ անհրաժեշտ ընդլայնված լիազորություններով՝ Գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը Հայաստանում ժամանակավրեպ է։ Հույս ենք հայտնում, որ այս մոտեցումը ճիշտ կգնահատվի։ Կարծում ենք, որ ՀՀ ԱԺ-ն ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների շարքում դեռեւս քիչ անելիքներ չունի՝ կապված ինչպես նոր օրենքների ընդունման, այնպես էլ՝ եղած օրենքներում եվրոպական չափանիշներին համապատասխան փոփոխություններ կատարելու հարցում»։ Հայտարարությունը ստորագրածների հետ զրույցներից պարզեցինք, որ նրանք համարում են, թե ՀՀ նախագահի նշանակած օմբուդսմենը լինելու է ճիշտ այնպիսին, ինչպիսին նրան կից այժմ գործող Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն է, ուստի չարժե կրկնել նույն կառույցը՝ միայն փոխելով անունը եւ վարկաբեկելով օմբուդսմենի ինստիտուտը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել