Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊՈՅԻ

Սեպտեմբեր 02,2003 00:00

ՀԱՑԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊՈՅԻ «Քուրդիստան» կոմիտեում երեկ Քուրդիստանի ազատության եւ ժողովրդավարության վեհաժողովի կովկասյան ներկայացուցչության անդամ Դենիս Բարան ու տասնյակ քրդեր հայտարարեցին, որ, եթե իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առողջական վիճակը եւ բանտային «վտանգավոր» պայմանները չվերացվեն, ապա «արձանագրվելու են անկանխատեսելի հետեւանքներ»: Քուրդ ժողովրդի այս պահանջները անկատար թողնելու դեպքում, ինչպես ազդարարեց Դ. Բարան, «աննախանձելի» վիճակում են հայտնվելու նաեւ թուրքական պետությունն ու թուրք ժողովուրդը: «Անկանխատեսելի» գործողության մեկնարկը երեկ էր. ամբողջ աշխարհի քրդերը հայտարարել էին հացադուլի օր՝ 5-օրյա ժամկետով: «Բանն այն է, որ մեր առաջնորդ Ապոյի առողջական վիճակը մեր ժողովրդի առողջական վիճակն է, եւ մեր առաջնորդի հանդեպ վերաբերմունքը նշանակում է՝ վերաբերմունք 40 միլիոնանոց մեր ժողովրդի հանդեպ: Ժողովուրդը չի հանդուրժելու նման վերաբերմունք»,- սպառնում էր Դ. Բարան: Նա նշեց, որ իրենց առաջնորդ Ապոյին Յումրալիի բանտում այնպիսի դեղամիջոցներ են ներարկում, որոնք իրենց մեջ պարունակում են «մարդու առողջությունը քայքայող տարրեր»: «Առաջնորդ Ապոն վերջին օրերին ուղղակիորեն հասկացրեց իր փաստաբաններին, որ պետք է հաղորդել իր առողջության աղետալի վիճակի մասին: Նա պահանջել է եվրոպական մի անկախ բժշկական հանձնախումբ, այնինչ դրա փոխարեն թուրքական իշխանությունները կրկին Յումրալի ուղարկեցին իրենց բժշկական 6 հոգանոց խումբը»,- հայտարարեց Բարան: Հացադուլ հայտարարելու պատճառներից մեկն էլ, ինչպես տեղեկացրեց Դ. Բարան, այն է, որ 4 տարի է իրենց կողմից միակողմանի զինադադար է հայտարարված, որին ի պատասխան,սակայն, ըստ քրդերի, Թուրքիան համապատասխան միջոցներ չի ձեռնարկում. «Այսօրվանից այդ զինադադարը չեղյալ է հայտարարվում»,- սպառնացին քրդերը՝ ավելացնելով, թե՝ եթե Թուրքիան կրկին համառի իր նախկին դիրքորոշման մեջ, ապա վերսկսվելու է պատերազմը: Լ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել