Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդիկ՝ լռության աշխարհից

Սեպտեմբեր 02,2003 00:00

Մարդիկ՝ լռության աշխարհից Հայաստանի բնակչության 0.1 տոկոսը, այսինքն 3500 մարդ խուլ ու համր է։ Նրանցից 300-ը դպրոցահասակ երեխաներ են։ 2000թ. նախկին խորհրդային մի քանի պետությունների թվում նաեւ Հայաստանի հատուկ կրթական համակարգում առաջին անգամ կիրառվեց ժեստերի լեզուն եւ հաստատվելով Կրթության ու գիտության նախարարության կողմից, ընդգրկվեց ուսումնական պլանում։ Նորամուծությունն առաջինը կիրառած՝ Լսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 15 հատուկ դպրոցի տնօրեն Աշոտ Ավետիսյանը վստահ է, որ իրենք միանգամայն ճիշտ են վարվել, որովհետեւ, ըստ նրա, խուլ ու համրը պետք է ունենա հաղորդակցության իր լեզուն։ Ժեստերի լեզուն նույնը չէ աշխարհում։ Միայն միջազգային հավաքներում, քննարկումներում կամ հանդիպումներում կիրառվում են ժեստունո միասնական բառարանում ներկայացված 1500 ժեստերը։ Ժեստերի լեզվով Հայաստանում առաջին սուրդոթարգմանությունը տարիներ առաջ իրականացրեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը։ Այդ օրը մեր հանրապետությունում ապրող խուլերի համար դարձավ պատմական, նրանք առաջին անգամ սեփական լեզվով ստացել էին տեղեկատվություն, իսկ դա նշանակում էր, որ հասարակությունը սկսել էր մտածել չլսող ու չխոսող, բայց բոլորի հետ հավասար իրավունքներ ունեցող մարդկանց մասին։ «Համաշխարհային ուսուցում» հասարակական կազմակերպության դրամաշնորհով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» կազմակերպությունն իրականացնում է «Խուլ հաշմանդամների ինտեգրացումը հասարակության մեջ» ծրագիրը, որն առաջին հերթին ուղղված է հեռուստաալիքներում սուրդոթարգմանության դերի բարձրացմանը։ Այսինքն՝ տարբեր ալիքներով հեռարձակվող հաղորդումները անհրաժեշտ է, որ ուղեկցվեն սուրդոթարգմանությամբ, եւ խոսքն, առաջին հերթին, լրատվական ծրագրերի մասին է։ Մեր հանրապետությունում բնակվող խուլ ու համրերն այսօր գրեթե զրկված են ինֆորմացիա ստանալու հնարավորությունից: Տեղեկատվության անմատչելիության պատճառով նրանք սովորաբար շտապում են այնտեղ, որտեղ իրենց լեզվով տրվում է ինֆորմացիա։ Ամենատարբեր աղանդավորական կազմակերպությունների քարոզները վերջին շրջանում ուղեկցվում են սուրդոթարգմանությամբ։ Այսպիսով, մեր կողքին ու մեզ հավասար իրավունքներով ապրող չլսող ու չխոսող մարդիկ հիմնականում հայտնվում են աղանդավորների քարոզատներում, ավելի ուշ՝ նրանց շարքերում։ Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել