Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Հունաստան. ֆուտբոլային տոն՝ Երեւանում

Սեպտեմբեր 02,2003 00:00

Հայաստան-Հունաստան. ֆուտբոլային տոն՝ Երեւանում Եկող տարվա ամռանը Պորտուգալիայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը թեւակոխել է վճռորոշ փուլ։ Առանց բացառության բոլոր խմբերում այսուհետեւ կայանալիք ամեն մի հանդիպում ճակատագրական կարող է լինել յուրաքանչյուր ազգային հավաքականի համար։ Ընտրական 6-րդ խմբում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» ստադիոնում ընդունելու է միանձնյա առաջատարին՝ Հունաստանի ընտրանուն, որն անհաջող մեկնարկելով (երկու առաջին հանդիպում միեւնույն 0։2 հաշվով, պարտություններ Իսպանիայից եւ Ուկրաինայից), այնուհետեւ կարգավորեց գործերը եւ տարավ չորս անընդմեջ հաղթանակ։ Հունաստան-Հայաստան առաջին հանդիպումը կայացել է անցած տարվա հոկտեմբերի 16-ին ու մեր թիմը Օսկար Լոպեսի գլխավորությամբ Աթենքում 0։2 հաշվով պարտություն է կրել։ Երկու գոլերն էլ խփել է հույների հարձակվող Դեմիս Նիկոլաիդիսը։ Երեւանյան այս հանդիպումը անչափ կարեւոր է երկու հավաքականների համար էլ։ Հույները, որ մտադիր են պահպանել առաջատարի դիրքերը, պարտավոր են մնացած խաղերում անպայման առավելագույն միավոր վաստակել, քանի որ «Եվրո-2004»-ի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում նրանց կրնկակոխ հետապնդում են Իսպանիան եւ Ուկրաինան, որոնք ամեն պահ կարող են շրջանցել առաջատարին։ Իսկ մերոնք, որ գործնականում զրկվել են եզրափակիչ մրցաշարի հեռանկարից, ցանկանում են ֆուտբոլային Եվրոպային ապացուցել, որ ամուր ընկույզ են ցանկացած հեղինակության համար եւ որ ժամանակն է լրջորեն հաշվի նստել նաեւ Հայաստանի հետ։ Համենայնդեպս, այդպես են մտածում թե մեր ֆուտբոլի ֆեդերացիան, թե ներկայիս գլխավոր մարզիչ, ռումինացի Միհայ Ստոյկիցան, թե իրենք՝ ֆուտբոլիստները ու նաեւ մենք բոլորս։ Հայաստան-Հունաստան խաղին մնացել է չորս օր եւ հուսանք, որ սեպտեմբերի 6-ին ստադիոնում ասեղ գցելու տեղ չի լինի։ Իսկ անցած շաբաթ գլխավոր մարզիչները՝ Օտտո Ռեհագելը եւ Միհայ Ստոյկիցան, հրապարակեցին հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները։ Նրանք են. Հունաստան Դարպասապահներ՝ Անտոնիս Նիկոպոլիդիս («Պանատինաիկոս»), Ֆանիս Կատերիննակիս («Օլիմպիակոս»)։ Պաշտպաններ՝ Ստելիս Վենետիդիս, Պարացկեվաս Անտցաս (երկուսն էլ՝ «Օլիմպիակոս»), Տակիս Ֆիսսաս, Սոտիրիս Կիրգիակոս, Յուրկաս Սեյտարիդիս (բոլորն էլ՝ «Պանատինաիկոս»), Միխալիս Կարպսիս (ԱԵԿ), Նիկոս Դաբիզաս («Նյուքասլ»), Տրայանոս Դելլաս («Ռոմա»)։ Կիսապաշտպաններ՝ Կոստաս Կացուրանիս, Վասսիլիս Ցարտաս, Թեո Զագորակիս (բոլորն էլ՝ ԱԵԿ), Գիորգիոս Գեորգադիս, Պանտելիս Կաֆես (երկուսն էլ՝ «Օլիմպիակոս»), Անգելոս Բասինաս («Պանատինաիկոս»), Ստելիոս Յաննակոպոլուս («Բոլթոն»), Գիորգոս Կարագունիս («Ինտեր»)։ Հարձակվողներ՝ Անգելոս Խարիստաես («Վերդեր»), Զիսիս Վրիզաս («Պերուջա»), Դեմիս Նիկոլաիդիս («Ատլետիկո», Մադրիդ)։ Ինչպես տեսնում ենք, մրցակցի կազմում հատկապես ուժեղ է հարձակման գիծը, որի խաղացողները հանդես են գալիս Եվրոպայի առաջատար ակումբներում։ Հայաստան Դարպասապահներ՝ Ռոման Բերեզովսկի («Դինամո», Մոսկվա), Արմեն Համբարձումյան («Սլավիա», Բուլղարիա), Էդել Ապուլա Էդիմա Բետե («Փյունիկ», Երեւան)։ Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան («Տորպեդո-Մետալուրգ», Ռուսաստան), Հարություն Վարդանյան («Սերվետ», Շվեյցարիա), Կարեն Դոխոյան («Կռիլյա սովետով», Սամարա, Ռուսաստան), Տուդոր Զեչու, Խոսե Անդրե Բիլիբիո (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Անատոլի Մորոզով («Ռոստով», Ռուսաստան)։ Կիսապաշտպաններ՝ Ալբերտ Սարգսյան («Սպարտակ-Ալանիա», Ռուսաստան), Արթուր Ոսկանյան («Դիգենես», Կիպրոս), Արթուր Պետրոսյան («Ցյուրիխ», Շվեյցարիա), Ռոմիկ Խաչատրյան («Օլիմպիակոս», Կիպրոս), Արտավազդ Քարամյան («Արսենալ», Ուկրաինա), Աղվան Մկրտչյան, Կառլ Ն՛Կալե Լոմբե (երկուսն էլ՝ «Փյունիկ», Եղիշե Մելիքյան («Մետալուրգ», Ուկրաինա), Էդուարդ Պարցիկյան («Փյունիկ»), Կարեն Ալեքսանյան («Շիրակ», Գյումրի)։ Հարձակվողներ՝ Արման Քարամյան («Արսենալ», Ուկրաինա), Արա Հակոբյան («Բանանց», Երեւան), Գալուստ Պետրոսյան («Փյունիկ»)։ Կրկին հիշեցնենք, որ Ստոյկիցան հրավիրել է նաեւ Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» հարձակվող Անդրեյ Մովսիսյանին, որն ավելի քան մեկ տարի չի խաղացել հավաքականում։ Մեր ընտրանու ուժը այն է, որ հավաքականի անդամների ճնշող մեծամասնությունը մոտ տասը տարի է, ինչ թիմում խաղում են կողք-կողքի ու դաշտում կես խոսքից հասկանում են միմյանց։ Այդ խաղը սպասարկելու է Հոլանդիայի մրցավարական բրիգադը։ Հունաստանի հետ խաղից հետո մեր ազգային հավաքականը կմեկնի Բելֆաստ, որտեղ սեպտեմբերի 10-ին կհանդիպի Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ։ Այդ խաղում էլ մեր տղաներից սպասելիքները մեծ են, քանի որ այս գարնանն արդեն իսկ հաղթել ենք հյուսիսիռլանդացիներին 1։0 հաշվով, բացի դա, ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային վերջին ցուցակում առաջ ենք անցել նրանցից։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել