Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-1

Սեպտեմբեր 02,2003 00:00

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-1 Ըստ հեղափոխությունների դասական տեսության, հեղափոխական իրադրությունը Հայաստանում հասունանում է։ Բոլորի համար այն ակնհայտ է, բայց, ինչպես միշտ, հաջողությամբ կարող են անտեսել։ «Մշակույթ» հասկացությունը, որքան էլ տարօրինակ հնչի մեզ՝ «մշակութային ազգ» հորջորջողներիս ականջների համար (կարծես կարող է լինել նաեւ «ոչ մշակութային ազգ»՝ նույնիսկ ցեղախմբի մակարդակում), գրեթե ժամանակակից հասկացություն է։ Խորենացին խոսում է գիտության, բանականության, «չափավոր մոլության», ազգի, «քաջության գործերի» եւ հատկապես պատմության կարեւորության մասին, երբեք չհիշատակելով մշակույթը։ Շատ ավելի ուշ՝ Նյուտոնի, ապա Մոցարտի եւ ֆրանսիացի հանրագիտակների օրոք մշակույթի մասին նույնպես առանձնապես չեն արտահայտվում։ Եթե ասենք, որ «մշակույթը» ժամանակակից բովանդակություն ստացավ հաղորդակցման զանգվածային միջոցների ակտիվ գործունեության պահից, որոնք մշակույթը դիտարկեցին որպես առաջընթացի հիմնական գործոն, ապա հասկանալի կլինի, որ այն գրեթե նորօրյա հասկացություն է։ Կարճ ասած՝ մշակույթն իր լիարժեք ժամանակակից իմաստով հաստատվեց այն ժամանակ, երբ հասարակության մեջ տեղեկություններ ստացողների քանակն անհամեմատ գերազանցեց տեղեկություններ առաքողների քանակը։ Սույն փաստը հաստատում է նաեւ ինֆորմացիայի տեսությունը։ Քաղաքական մշակույթ հայտնաբերող լրատվամիջոցների մեծ մասի օգոստոսյան կարճատեւ արձակուրդը ցույց տվեց, որ աշխարհում, մանավանդ Հայաստանում, ոչ մի կարեւոր իրադարձություն չի կատարվում առանց նրանց սադրիչ ներկայության։ Այն ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է ապրել առանց իշխանության, իսկ իշխանությունը՝ առանց ժողովրդի ներկայությունն զգալու եւ փոխադարձ անտեղյակության պայմաններում։ Եվ բավական է, որ մամուլը ետարձակուրդյան թափ հավաքի, որպեսզի պարզվի՝ հացը թանկանում է, էլեկտրաէներգիան ուր որ է թանկանալու է ու ջրի թանկացումը դառնալու է անխուսափելի։ Այսինքն՝ դրանք ամենեւին էլ չէին գնափոխվի, եթե անսպասելիորեն չհայտնվեին լրատվամիջոցները, եւ ոչ ոք, բնականաբար, չէր կարող խոսել հեղափոխական իրադրության հասունացման մասին։ Ինչեւէ։ Հայաստանյան քաղաքական կյանքի զարգացման տրամաբանությունը թելադրվում է երկրում կուտակված խնդիրների անլուծելիության բազմազանությունից, որ, ուզած-չուզած, երեւան է գալու աշնան սկզբին։ Մի կողմում՝ իշխանություն, մյուս կողմում՝ ընդդիմություն-ժողովուրդ եւ նրանց միջեւ ընթացող պայքարը անցած ութ ամիսներին ցույց տվեց, թե ինչ կարող է անել իշխանությունը իր իշխանությունը պահպանելու համար եւ ինչ պիտի անի ընդդիմությունը, որպեսզի իշխանությունը հասնի նպատակին։ Այս ընթացքում ընդդիմությունը ցանկացավ հաստատել օրինական իշխանություն ունենալու նախադեպ եւ հաստատեց օրինական ճանապարհով իշխանության հասնելու անհնարինության նախադեպը, իսկ իշխանությունը կարծես վերջնականապես վերահաստատեց անօրինականությունը որպես իշխանության պահպանման միակ երաշխիք, միաժամանակ ապացուցելով, որ ժողովրդավարությունը մեզ մոտ առավելապես արեւմտյան արժեհամակարգի վիրուս է, քան իրողություն։ Եվ այս պայմաններում, իրոք, դժվար է մի երկրի համար, որտեղ փորձ է արվում տնտեսությունը երեւութապես արեւմտականացնել, սակայն կառավարումը ծայրահեղորեն ասիականացնել, խոսել ժողովրդավարության իրական հնարավորությունների մասին։ Ինչը իր հերթին ծնելու է Կենտավրոսի պատկերով մի հրեշ, որ վաղ թե ուշ տանելու է մշակութային շիզոֆրենիայի։ «Կարելի է կիսով չափ արաբ լինել, կիսով չափ՝ ֆրանսիացի, ավելի բարդ է կիսով չափ կաթոլիկ լինելը, կիսով չափ՝ մուսուլման»,- պնդում է քաղաքագետ-հրապարակախոս Հանտինգտոնը։ Ամենայն հավանականությամբ, կարելի է պնդել, որ շատ ավելի բարդ է կիսով չափ դեմոկրատ լինել, մյուս, ընդ որում՝ լավագույն կեսով՝ չգիտես ինչ լինելը. անգլիական փողկապը անհամատեղելի է մտածողության տեղական չարուխի հետ։ Բայց դա ողջախոհության դիրքերից։ Պարզվում է, որ այդպիսին լինելը ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում միանգամայն հնարավոր է եւ պարտադիր չէ, որ այն գոյություն ունենա դասական դեմոկրատիայի օրրան համարվող Հունաստանի Կենտավրոսի օրինակով։ Պատմականորեն շատ ավելի խոսուն փաստեր կան, ինչպես բացարձակ իմաստով արեւմտամետ Պետրոս Մեծը, որը խուզել տալով բոյարների փառահեղ մորուքը, ոչ միայն դեմոկրատ չդարձավ, այլեւ ավելի ամրապնդեց երկրի տոտալիտար, միանձնյա կառավարման ռեժիմը։ Մորուք խուզելը ժամանակակից Հայաստանում մահապատժի վերացման համարժեքն է։ Բանն այն է, որ մեր իշխանությունները, խոստման համաձայն, եթե անգամ մինչեւ տարեվերջ իրագործեն Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները (ինչը անխուսափելիորեն լինելու է), միեւնույն է, զուտ արեւմտյան օրենսդրական-իրավական համակարգով, երբեք չեն դառնալու ժողովրդավար։ Կարծես թե պարադոքս կա, բայց փաստ է, որ կարելի է արեւմտամետ լինել, չլինելով դեմոկրատ, որովհետեւ մեր իշխանությունները կարող են արեւմտամետ ձեւանալ Իլֆ-Պետրովի «Արեւմուտքը մեզ կաջակցի» ակնկալիքով, իսկ դեմոկրատ ձեւանալ չեն կարող։ Այնպես որ, մշակութային արեւմտյան վիրուսը ոչնչացրեց մի ողջ կայսրություն, սակայն փլատակների տակ իրենց կենսունակությունը պահպանեցին կոմերիտա-կգբական վերջին սերնդի առաջին շարքի ներկայացուցիչները՝ որպես իշխանության փոխակերպման հնարավորության անհրաժեշտ պայման։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել