Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ը՝ լուծարված դպրոցում

Սեպտեմբեր 02,2003 00:00

Սեպտեմբերի 1-ը՝ լուծարված դպրոցում Թեեւ օպտիմալացման ծրագրի շրջանակներում լուծարվել է նաեւ Հին Նորքի թիվ 26 դպրոցը, սակայն երեկ աշակերտները սեպտեմբերի 1-ը հին դպրոցում են դիմավորել եւ հրաժարվում են որեւէ այլ կրթօջախում ուսումը շարունակել։ «Այսօր երեխաները դպրոց կհաճախեն դասացուցակներով, իսկ ուսուցիչները սովորականի պես պարապմունքներ կանցկացնեն, մինչեւ հարցը լուծվի»,- հույս էին հայտնում աշակերտների ծնողները։ Դպրոցի մոտ 107 աշակերտների եւ ուսուցչական կոլեկտիվի ճակատագիրը դեռեւս պարզ չէ, բայց դպրոց եկած ծնողները միայն մի բան են պնդում, որ երեխաներին ուրիշ դպրոց չեն տեղափոխելու։ Ինչպես արդեն հայտնել ենք, օպտիմալացման արդյունքում թիվ 26-ի աշակերտներն այսուհետեւ պետք է հաճախեն 2 կմ հեռավորության վրա գտնվող Նորք-Մարաշի թիվ 124 դպրոցը, ուր հասնելու համար երեխաները անցնելու են նաեւ գրեթե մայթ չունեցող բանուկ փողոցով։ Դպրոցը փակելու դեմ ամիսներ շարունակ պայքարող ծնողները պատկան մարմիններին հղած դիմումներում եւս հայտնել են իրենց մտավախությունների մասին. «124 դպրոց տանող ճանապարհները զուրկ են մայթերից եւ երեխաները ստիպված են լինելու փողոցով քայլել։ Բացի այդ, թիվ 124 դպրոց հասնելու համար աշակերտները երկու խաչմերուկ են անցնելու։ Ձմռանը Հին Նորքի փողոցները չեն մաքրվում, իսկ առաջին կամ երկրորդ դասարանցին ինչպե՞ս է հաղթահարելու անանցանելի այդ ճանապարհները»։ Սակայն նման փաստարկների թվարկումը չի շարժել իշխանավորների գութը, եւ թիվ 26-ը «սեւ ցուցակից» չի հանվել։ Ի դեպ, ծնողները վրդովված էին, որ երեխաների անձնական գործերն առանց իրենց տեղյակ պահելու թիվ 26 դպրոցի տնօրենը հանձնել է 124-ի տնօրինությանը, որտեղից ծնողները գործերը հետ չեն կարողանում ստանալ։ Մինչ օրս աշխատանքից ազատման հրաման չի ստացել թիվ 26 դպրոցի ուսուցիչների մեծ մասը, բայց մի՞թե դա գործազուրկ չմնալու երաշխիք է։ Կրթության վարչությունից տեղեկացանք, որ վարչության պետի տեղակալ Ա. Կուբանյանը երեկ առավոտվանից մասնակցում է առաջին զանգի միջոցառումներին, հեռուստաեթերից բարի երթ է մաղթում դպրոցականներին։ Հետաքրքիր է, պրն Կուբանյանին չի՞ հուզում թիվ 26 դպրոցի աշակերտների ճակատագիրը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել