Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բլիթ թխելու» արվեստը

Սեպտեմբեր 02,2003 00:00

«Բլիթ թխելու» արվեստը Օրերս դեղատանը ականատես եղա հարկատուի եւ հարկային տեսուչի հերթական կոնֆլիկտին։ – Ես պարտք չունեմ, պետական տուրքերն ու բոլոր հարկերը մուծել եմ եւ մոտ 40 հազար դրամ էլ կանխավճար ունեմ, տարվա մեջ 2 անգամ ակտ եք սարքում, նախապես լրացված բերում եք, թե ստորագրեք։ Ինչո՞ւ, չէ՞ որ բոլոր գնումները ՀԴՄ-ի վրա տպված են, ինչո՞ւ եք կեղծ մեղադրանք ներկայացնում, թե ժամը 13.03-ին ես չեմ գրանցել ասպիրինի վաճառքը։ Հիմա ժամը 18.30-ն է. ինչո՞ւ էն ժամանակ չմոտեցաք,- զայրացած ու զարմացած ասում էր «Դավթյան գրուպ» ՍՊԸ դեղատան վաճառող Նելլի Հակոբյանը Քանաքեռ-Զեյթունի տարածքային հարկային տեսուչ ներկայացած Արմենին (վերջինս այդպես էլ անձը ներկայացնող փաստաթուղթ ցույց չտվեց)։ Միացված ձայնագրիչս նկատելով, երիտասարդ տեսուչն ասաց. «Այսպես գեղարվեստորեն լա՞վ է ստացվում, անջատեք ձայնագրիչը եւ ես կխոսեմ»։ Անջատելուց հետո էլ, իհարկե, չխոսեց ու չպատասխանեց, թե ինչո՞ւ ժամը 13-ի փոխարեն եկել է ժամը 18.30-ին։ Իսկ երբ դեղավաճառը իր դառը փորձը ներկայացրեց՝ թե նախօրեին էլ Մաշտոցի տարածքային հարկային տեսուչներից մեկն էր փորձում ինչ-որ բան սարքել, տեսուչ Արմենն արագ հեռացավ։ Երբ խնդիրը ներկայացրինք Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչության պետ Տիգրան Զաքարյանին ու հարցրինք՝ Արմեն անունով տեսուչ ունե՞ն, թե՞ ոչ, ավագ հարկահանը սկզբում խիզախորեն նշեց, որ դա «բլիթ թխել» (այսինքն՝ շորթելու նպատակով հարկատուի վրա գործ սարքել) չէ, այլ աշխատաոճ է եւ տեսուչն իր հրահանգն է կատարել։ Իսկ երբ ժամերի տարբերությունը փաստեցինք, կարծես սթափվեց՝ թե կարող է խաբեբայի մեկն է եղել։ Օրեր շարունակ «Առավոտի» բազմաթիվ հեռախոսազանգերն իզուր էին։ Մեզ չհաջողվեց պարզել, թե ի՞նչ մուծումներ չի արել «Դավթյան գրուպը», քանզի պրն Զաքարյանը մեկ խորհրդակցության էր, մեկ՝ կառավարություն էր գնացել։ Օրեր հետո բարեհամբույր քարտուղարուհին հաղորդեց պրն Զաքարյանի պատասխանը, թե նա այդ հարցով չի զբաղվում։ Իսկ տիկին Հակոբյանը պատմեց, որ անցյալ տարի նման ձեւով 2 անգամ ակտ են կազմել։ Երկրորդ դեպքում, երբ պետք է մուծեր 300 հազար դրամ տույժ, ինքը դիմել է դատարան եւ դատը շահել։ Այդ փաստը, ըստ տիկին Հակոբյանի, տարածքային հարկային տեսչությունը չի մոռացել եւ հիմա առիթը բաց չի թողնում՝ «մուռը հանելու» համար։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել