Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանի եւ Թուրքիայի «լավերը» համընկում են

Սեպտեմբեր 02,2003 00:00

Ադրբեջանի եւ Թուրքիայի «լավերը» համընկում են Չնայած ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարների կողմից ստեպ-ստեպ շրջանառության մեջ նետվող՝ հայ- թուրքական մերձեցմանն առնչվող անորոշ ակնարկներին, այդ հարցի լուծումն, ըստ ամենայնի, դեռ շատ երկար ժամանակ կպահանջի։ Այդ են վկայում, մասնավորապես, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւի՝ օրերս արած հայտարարությունները։ Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում վերջինս նշել է, թե «Պաշտոնական Անկարան չի համաձայնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե անգամ Հայաստանը հրաժարվի ցեղասպանության հարցի առաջադրումից»։ Ըստ ադրբեջանցի դիվանագետի, Թուրքիայի կառավարությունն իր համար խիստ կարեւոր է համարում «գրավյալ ադրբեջանական տարածքների» ազատագրման հարցը, իսկ այդ հողերը «նույնքան թանկ են նաեւ Թուրքիայի համար»։ Միանգամայն ակնհայտ է, որ Անկարայում Ադրբեջանի դեսպանը չէր կարող ինքնուրույնաբար կարդալ Թուրքիայի իշխանությունների այդչափ պատասխանատու մտքերը եւ բարձրաձայնել դրանք։ Մամեդ Ալիեւն այդ բանը, վստահաբար, կատարել է Անկարայի գիտությամբ եւ թույլտվությամբ։ Սակայն հարց է ծագում. ինչո՞ւ Թուրքիայի դիրքորոշման խստացման մասին չի հայտարարում հենց ինքը՝ Թուրքիան եւ ինչո՞ւ է նա այդ գործը վստահում Ադրբեջանին։ Թերեւս արժե հիշել, որ վերջին ամիսներին հայ-թուրքական մերձեցման հնարավորությունների մասին խոսելիս, թուրք պաշտոնատարներն առավելապես ծանրանում էին Հայոց ցեղասպանության հարցի վրա եւ խուսափում էին հիշատակել հայ-ադրբեջանական հակամարտությամբ պայմանավորված խոչընդոտը։ Որոշ դիտորդներ հակված են Մամեդ Ալիեւի այդ անակնկալ ակտիվացման մեջ ադրբեջանա-թուրքական համատեղ «խորամանկության» փոքրիկ դրսեւորում տեսնել։ Ամեն ինչ շատ պարզ է. վերջին ամիսներին հայտնի պատճառներով ԱՄՆ-ի ու Եվրամիության պերմանենտ ճնշումների տակ գտնվող Թուրքիան չի հայտարարում այն, ինչը շատ կուզենար հայտարարել, եւ ինչը նրա փոխարեն անում է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը։ Այսպիսով, Անկարան խուսափում է գոնե այս փուլում Արեւմուտքի աչքին ոչ կառուցողական դիրքերից հանդես գալու հերթական տհաճությունից։ Միեւնույն ժամանակ, այս հնարքը, ըստ դրա մտահղացողների, զգալի քաղաքական դիվիդենտներ է բերում նախընտրական բուռն շրջան ապրող Ադրբեջանի իշխող վարչախմբին։ Պետք է նկատել, որ ադրբեջանցի դիվանագետն այս անգամ, ինչպես ասում են, գերազանցել է ինքն իրեն։ «Քանի որ մենք «մեկ ազգ՝ երկու պետություն» ենք, ապա մեր շահերը համընկնում են. այն, ինչ լավ է Ադրբեջանի համար, լավ է նաեւ Թուրքիայի համար (եւ՝ հակառակը.- խմբ.), թուրքական կողմը երբեք չի գործի ի վնաս իր իսկ շահերի»,- ծավալվել է Մամեդ Ալիեւը։ Ի դեպ, նշենք, որ Թուրքիայի հետ հիանալի հարաբերությունների ցուցադրումն Ադրբեջանի արտաքին գերատեսչության միակ նախընտրական հնարքը չէ։ Այս երկրի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը հրապարակայնության սեփականություն է դարձրել նաեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ համագործակցության «գոհացուցիչ» մակարդակը։ «Նախագահ Հեյդար Ալիեւի շնորհիվ Ադրբեջանը դարձել է այս տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական գործընկերը»,- հայտարարել է Գուլիեւը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել