Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Սեպտեմբեր 02,2003 00:00

ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ Լինո՞ւմ է արդյոք լավ, արդարացված ահաբեկչություն Ժամանակակից աշխարհում ահաբեկչության դեմ պայքարն առաջադեմ մարդկության եւ ժողովրդավարական պետությունների համար առանցքային խնդիր է, որի շուրջ համախմբվել եւ համագործակցում են նույնիսկ աշխարհաքաղաքական միանգամայն տարբեր շահեր հետապնդող գերտերություններ: Հայաստանի իշխանություններն էլ փորձում են աշխարհին համոզել, թե իրենք էլ առաջադեմ մարդկության մի հատվածն են ու դատապարտում են ահաբեկչության որեւէ դրսեւորում՝ սեփական երկրի ներսում, թե աշխարհի որեւէ անկյունում, ընդգրկվում են հակաահաբեկչական ինչ-ինչ կոալիցիաների կազմում: Մի կողմից համոզում են այլոց, մյուս կողմից՝ սեփական երկրում մի ամբողջ սերունդ փորձում են դաստիարակել այնպիսի զարհուրելի գաղափարով, թե լինում են նաեւ ազնիվ նպատակ ունեցող, լավ, արդարացված ահաբեկչություններ ու, նույնիսկ՝ հայազգի ահաբեկիչներին նվիրված հուշակոթող կառուցում, ուր այցելում են եւ ծաղիկ դնում: Դժվար թե աշխարհում գտնվի մի այլ երկիր, որտեղ ոմանց անձնական նախաձեռնությամբ ու, առավել եւս, պետական մակարդակով հավերժացված լինի աշխարհի տարբեր ծալքերում ահաբեկչական գործողություն իրականացրած եւ անմեղ մարդկյանց կյանքեր խլած տեռորիստների հիշատակը: Որեւէ այլ պետության քաղաքացու համար դա հրեշավոր միտք կարող է թվալ, իսկ մեզ համար, պարզվում է, դա արտառոց չէ: Միայն թե ՀՀ իշխանությունները, որոնք կանաչ լույս են վառել այդ միտքն իրագործողների համար, թերեւս, միայն ամոթից է, որ Հայաստան ժամանող միջազգային կազմակերպությունների, պաշտոնական պատվիրակությունների անդամներին չեն ուղեկցում հայ տեռորիստների հուշակոթող, կամ՝ առաջարկում, որ նրանց հիշատակին մի-մի ծառ տնկեն: Իսկ խոսքը Եռաբլուրում կառուցված «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին»՝ ԱՍՍԱԼԱ-ին, նվիրված հուշակոթողի մասին է, որն, ի դեպ, գտնվում է Արցախի ազատագրության եւ Հայաստանի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված հայ զավակների աճյուններն ամփոփող հուշակթողի՝ եղբայրական գերեզմանոցի հարեւանությամբ: Ինչպես հուշաքարի վրա է գրված, այն նվիրված է 1975թ. «հունուարի 20-ով բոցավառուած Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան պայքարի անմահ հերոսներին, որոնց լուսաուրած ճանապարհով երթը կըշարունակուի մինչեւ յաղթանակ»: Թե արդյո՞ք ՀՀ իշխանություններն այդ «հաղթանակն» արդեն ձեռքբերված են համարում, կամ՝ թե ինչպես են պատրաստվում շարունակել դեպի հաղթանակ իրենց երթը՝ դժվար է ասել: Ի դեպ, այս հուշահամալիրը կառուցվել է 2000թ. ապրիլի երկրորդ կեսին: Ասել է թե, արդեն անկախ պետականություն ձեռքբերելուց հետո, երբ Հայ դատի խնդիրներն արդեն պաշտոնական, պետական մակարդակով են բարձրացվում, մյուս կողմից էլ՝ երբ քաղաքակիրթ աշխարհը կենաց-մահու պայքար է ծավալում ահաբեկչության դեմ: Ի դեպ, հայ ահաբեկիչներին նվիրված կոթողը կառուցվել է 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի սահմռկեցուցիչ ահաբեկչությունից շուրջ կես տարի անց, ու վրան գրված է՝ «Վասն հայութեան, վասն հայրենեաց»: Որքան հասկացանք, նախաձեռնությունը «Նեմեսիս» կոչվող մի կազմակերպության ղեկավարինն է՝ Վազգեն Պետրոսյան անունով, որին, ցավոք, գտնել չկարողացանք: Հուշակոթողը, բացի կարմիր տուֆից կառուցված ու վեր խոյացած հուշաքարից, բաղկացած է նաեւ թվով 39 տապանաքարերից, որոնց վրա փորագրված են հայ ահաբեկիչների անուններն ու նահատակության վայրը՝ Փարիզ, Իրան, Լիբանան, ԱՄՆ եւ այլն, եւ, որոնց աճյունները, նախաձեռնողների մտահղացմամբ, երբեւէ պետք է տեղափոխվեն եւ ամփոփվեն այստեղ: Ենթադրում ենք, որ հիմա, գուցե, ոմանք ընդդիմանան, թե անզեն եւ անմեղ մարդկանց ոչնչացնելը Հայ Դատի, Ցեղասպանության ճանաչման, մեր պահանջատիրության վրա ուշադրություն հրավիրելու ծայրահեղ քայլ է եղել: Իսկ այդպես մտածողների համար ընդգծենք, որ աշխարհում տեղի ունեցած բոլոր ահաբեկչական գործողություններն իրենք՝ ահաբեկիչներն, արդարացնում են ամենաազնիվ եւ ամենասուրբ նպատակներով: Ճիշտ նույնքան «սուրբ» էր, թերեւս, նաեւ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին՝ արաբների եւ 2002-ի հոկտեմբերի 23-ին՝ Մոսկվայի Թատերական կենտրոնում չեչենների իրականացրած ահաբեկչությունների շարժառիթները: Ժամանակին ԱՍՍԱԼԱ-ի անդամներն ու հայ մյուս ահաբեկիչները գործել են հանուն նույն նպատակի, ինչ այսօր՝ լիբանանյան «Հըբոլլահը», պաղեստինյան «Համմասը», նույն «Ալ Կաիդան»՝ հանուն իրենց երկրի անկախության, ազգային ազատագրական շարժման: Թե ինչպիսին էր այդ գործողությունների իրական դեմքը՝ հիմա մեզ, հուսով ենք, հայտնի է: Հուսով են նաեւ՝ անընդունելի: Միաժամանակ վստահ ենք, որ ահաբեկիչներից հերոսներ կերտող ժողովուրդն ու նրա իշխանություններն ապագա չունեն: Ուրեմն, ո՞ւր ենք գնում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել