ԴԵՂ ԿԱ, ՃԱՐ ՉԿԱ Հայաստանի՝ շատ մասնագետների կարծիքով, դեռեւս չկայացած դեղերի շուկայի պրոբլեմների մեծ մասը բխում է համապատասխան օրենսդրության բացակայությունից։ Մասնավորապես, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը չեն հետեւել ենթաօրենսդրական ակտերի, կարգերի եւ այլ փաստաթղթերի մշակումն ու ընդունումը։ Լավագույն դեպքում այսօր առաջնորդվում են ԽՍՀՄ օրենսդրությամբ։ «Առավոտի» տեղեկություններով, շուկայում խնդիրներ կան ոչ միայն վերոնշյալ պատճառներով, այլեւ, ասենք, հարկային մարմինների կամայականությունների («Առավոտն» առաջիկայում կանդրադառնա նման կոնկրետ դեպքի)։ Երեկ ոլորտի զարգացման հիմնականում օբյեկտիվ խոչընդոտներից նախընտրեցին խոսել նորաստեղծ «Դեղագործների միության» ղեկավարները։ Հիշեցնենք, որ ոլորտի պրոբլեմների ներկա ալիքը սկսեց թափ առնել հատկապես դեղերի շրջանառության վրա ԱԱՀ-ի կիրառման ներմուծմամբ, երբ արդեն վաղուց հանրահայտ էր ժամկետանց դեղերի առկայությունը։ Հետո սկսվեց արդեն կեղծ եւ մաքսանենգ դեղերի հաղթարշավը եւ դրա հետ կապված՝ պաշտոնական մարմինների ինքնիրավչությունը։ Այս ամենը «բացելու» փոխարեն, երեկ «Միության» տնօրեն Աշոտ Հակոբյանը, նախագահության անդամներ Հրաչիկ Մինասյանը եւ Վաչագան Ղազարյանը ասուլիսը սկսեցին հայտարարելով. «Հայաստանի դեղորայքի շուկան մյուս շուկաների համեմատությամբ զարգացածներից եւ պետության կողմից կառավարվողներից է»։ Հետո, իհարկե, հնարավոր եղավ որոշ չափով հաղթահարել բանախոսների զգուշավորությունը եւ պարզել գոնե իրենց խնդիրները։ Դեղարտադրող «Արփիմեդ» ՓԲԸ-ի նախագահ Վաչագան Ղազարյանը հայտնեց, որ հումքի ներկրման համար պետությունը կանխավ ԱԱՀ է գանձում իրենցից։ Իրենք սովորաբար մեծ ծավալներով են ներկրում, քանի որ ոչ մի ֆիրմա իր վաճառքի ծավալները չի նվազեցնի Հայաստանի փոքրիկ շուկային հարմարվելու համար։ Նման ծավալները հաճախ կարող են նախատեսված լինել 10 տարվա համար։ Պատկերացրեք, թե ինչ գումարներ է «թաղում» ձեռնարկությունը։ Դեղերի շուկա ԱԱՀ-ի ներմուծման հետեւանքներից մեկն էլ եղել է այն, որ «Դեղգործակալության» ամենամյա հրապարակած ոլորտի լիդերների ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է նախկինում միանգամայն անհայտ «Նատալիֆարմը»։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ