Կմեկնարկի «Սուպերմոդել Հայաստան -2003»-ը «Միսս»-երը ազդում են երիտասարդ առաջադիմականների նյարդերի վրա Հայաստանի առաջադիմական երիտասարդական միությունը (ՀԱԵՄ) որոշել է հակադրվել ամեն տեսակ «միսս-միստերական» մրցույթներին, դրա համար էլ նախաձեռնել է «Սուպերմոդել Հայաստան-2003» մրցույթի կազմակերպումը։ Միջոցառումը կկայանա աշնանը։ Հետաքրքիր է, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր չեն համապատասխանում տարբեր մրցույթների կազմկոմիտեների սահմանած շաբլոն չափորոշիչներին։ Կարճ ասած՝ Հայաստանի առաջադիմական երիտասարդությունը հրավիրում է բոլոր յուրատեսակ ու հմայիչ երեխաներին, աղջիկներին, կանանց ու տատիկ-պապիկներին եւ պարտադիր չի համարում 1մ 70սմ հասակը կամ կրծքագիծ-գոտի-կոնք՝ 90-60-90 սմ ներդաշնակությունը։ ՀԱԵՄ նախագահ Տիգրան Ուրիխանյանը հույս ունի այս մրցույթով «հայ ազգի հմայքը, գեղեցկությունը եւ ինքնատիպությունը արտահանել միջազգային շուկա»։ Նա հավատացնում է, որ իրենց մտահղացումը միջազգային կարգի խոշորագույն նախագիծ է։ Առաջադեմ երիտասարդի նպատակն այն է, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդներում այս կամ այն կերպարը կերտողը լինի հայեցի դիմագծերով. «Հեռուստատեսությամբ կամ գովազդային վահանակներին հաճախ տեսնում ենք մանկական տակդիրների գովազդ։ 90-60-90 պարամետրերով գեղեցիկ աղջիկը չի կարող այդ գովազդն անել։ Իսկ այ, օրինակ, յուղերի, ձեթերի գովազդներում լավ է, որ գեր տղամարդկանց ենք տեսնում։ Դրանք իսկապես համապատասխան կերպար են կերտում։ Նույնը կարելի է ասել լվացող միջոցների գովազդներում նկարահանված տատիկների մասին»։ «Սուպերմոդել Հայաստան-2003»-ում, մասնակիցները, Տ. Ուրիխանյանի հավաստմամբ, ի տարբերություն Հայաստանում կազմակերպվող մեծ ու փոքր «Միսս եւ միստր» մրցույթների, հագուստներով կամ անհագուստ (նկատի ունի լողազգեստով- Լ. Բ.), բեմի վրա պտույտներ չեն անելու։ Փոխարենը կլինի թատերականացված ներկայացում՝ երկու փուլով։ Առաջինը նախատեսվում է անցկացնել Երիտասարդական պալատի մեծ դահլիճում, երկրորդը՝ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային կենտրոնում։ Մրցույթի կազմակերպիչները ակնկալում են ժյուրիի նախագահի դերում տեսնել հայ անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանին։ Կհրավիրվեն նաեւ հյուրեր արտերկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, «Պոդիում» ռուսական էստրադային խումբը, DJ Դմիտրի Պոլինը, երգչուհի Իրինա Սալտիկովան։ Տ. Ուրիխանյանը առայժմ գերադասեց չբացահայտել ժյուրիի անդամների կազմը, ընդամենն ասաց, որ նրանք կինոյի-թատրոնի բնագավառում հայտնի մարդիկ են։ ՀԱԵՄ նախագահը խոստացավ, որ կապահովի մրցույթի թափանցիկությունը, չմոռանալով նշել, որ Հայաստանում մարդիկ վաղուց թերահավատությամբ են վերաբերում նման նախաձեռնություններին։ Տ. Ուրիխանյանը տեղեկացրեց նաեւ, որ կկազմվի անկախ հանձնաժողով, այնտեղ կընդգրկվեն բոլոր ցանկացողները, որի յուրաքանչյուր անդամ կարող է անարգել միջամտել մրցույթի հետ կապված բոլոր հարցերին. «Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք կունենա պահանջել մեր գործունեության հետ կապված ցանկացած փաստաթուղթ, հետաքրքրվել ֆինանսատնտեսական եւ կազմակերպչական հարցերով, ինչպես նաեւ մրցույթի ժյուրիի անաչառությամբ»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ