Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ

Օգոստոս 30,2003 00:00

ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԲԱՆԱՎԻՃԵԼՈՒ Պարզաբանում է ԱՆ մամլո քարտուղարը Երբեւիցե պարոն Տիգրան Տեր-Եսայանի հետ բանավիճելու ցանկություն չեմ ունեցել։ Պարզապես oգոստոսի 19-ի առավոտյան բացելով «Առավոտը»` հանդիպել եմ հայտնի թեմայի շուրջ նրա կողմից արված շատ պատասխանատու, սակայն իրականությանը չհամապատասխանող մի քանի պնդումների, որոնց չարձագանքել չէր կարելի։ Ամենեւին նպատակ չունենալով որեւէ մեկին կշտամբել, եւ միաժամանակ բավարար հիմքեր ունենալով եզրակացնելու, որ պարոն Տեր-Եսայանը ինչ-որ բան շփոթել է կամ էլ գտնվում է բարեխիղճ մոլորության մեջ` հնարավորինս կոռեկտ, փաստարկված պարզաբանում տվեցի լրագրողին՝ Տեր-Եսայանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ։ Սակայն oգոստոսի 26-ի «Առավոտում» հայտնաբերեցի եւս մեկ նյութ, որտեղ պարոն Տեր-Եսայանը, տեղիք տալով զգացմունքայնությանը, փորձում է շարունակել եւ զարգացնել թեման՝ այս անգամ պարոն Ավետիք Իշխանյանի oգնությամբ։ Հարգելի պարոնա՛յք։ Եթե դուք, ոչ թե ինչ-ինչ դրդապատճառներով «ամիսներ անց միայն անում եք պնդումներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը», այլ որեւէ բան չեք հիշում, կարող եմ առաջարկել ձեզ հիմնվել միայն փաստերի վրա, չղեկավարվել «պատերի տակի խոսակցություններով», չվարել «թվերի շուրջ տեսական վեճեր»։ Օժանդակության կարգով հիշեցնեմ ընդամենը մի քանի փաստ՝ ըստ նախորդ նյութում բերված կարծիքների հերթականության։ Պարոն Իշխանյանի վկայակոչած, արդարադատության նախարարությանը տրված փետրվարի 27-ի դիմումի կապակցությամբ՝ ա) փաստ է, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դիմել է արդարադատության նախարարություն, եւ այդ պահին նրա եւ նրա աշխատակիցների գործելակերպը միանշանակ գնահատվեց որպես կառուցողական՝ ինչին մենք էլ ենք կողմ։ բ) փաստ է, որ այդ ժամանակ պարոն Իշխանյանը բանավոր հայտնեց, որ իր դիմումով չի հետապնդում որեւէ քաղաքական կամ կոմերցիոն նպատակ, եւ միակ նպատակն է՝ վարչական պատասխանատվության ենթարկված քաղաքացիների մերձավորներին տեղեկացնելը։ գ) փաստ է, որ պարոն Իշխանյանը տեղեկացված անձնավորություն է, սակայն կրկին տեղեկացվել էր իմ կողմից այն մասին, որ վարչական կալանքի ենթարկված անձինք չեն պահվում արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ՔԿ հիմնարկներում, արդարադատության նախարարությունը կուտակում է զուտ վիճակագրական տվյալներ եւ տույժերի ենթարկվածների ցուցակ, ինչպես նաեւ որոշումների պատճեններ չունի եւ տրամադրել չի կարող։ դ) փաստ է, որ այդ պահին պարոն Իշխանյանը, ունենալով նպատակ մարդկանց oգնելու, եւ դուրս գալով ֆորմալ շփումների դաշտից, պատրաստ էր համագործակցության, ինչի հետեւանքով ընդհանուր հայտարարի եկանք «պաշտոնական պատասխանների» փոխարեն կատարել ռեալ աշխատանք, եւ յուրաքանչյուր oրվա ԱՆ պաշտոնական մամուլի հաղորդագրությունը (այդ ժամանակահատվածին վերաբերող) փոխանցել նաեւ պարոն Իշխանյանին։ ե) փաստ է, որ առաջին համատեղ աշխատանքի oրն էր փետրվարի 28-ը, եւ մենք, պարոն Իշխանյանի ներկայացուցչի հետ, աշխատեցինք ժամը 18-ից մինչ ուշ երեկո (ինչը ապացուցվում է մի շարք փաստաթղթերով), ինչպես նաեւ եւս մեկ oր անց՝ մոտ 1 ժամ։ զ) փաստ է, որ Հելսինկյան կոմիտեի խնդրանքի բավարարման նպատակով ներգրավված են եղել զգալի մարդկային եւ տեխնիկական միջոցներ` հավաքվել, համադրվել եւ ճշգրտվել են տվյալներ։ Ինչպես նաեւ փաստ է, որ այդ աշխատանքի շնորհիվ Հելսինկյան կոմիտեն իր տրամադրության տակ ունեցավ խնդրո առարկա ժամանակահատվածում վարչական տույժերի ենթարկվածների անվանացուցակը՝ պատժաչափերով։ Առնվազն զարմանալի է, որ գիտակցելով կատարված աշխատանքի ծավալը` իր ներկայացուցիչների մասնակցությունը այդ աշխատանքին, պարոն Իշխանյանն այսoր կարող է դա կոչել «արտագրություն». ըստ երեւույթին տվյալների ստացման գործընթացն անձամբ իր համար շատ հեշտացված էր։ Տրամաբանական է, որ մարտի 13-ին դիմելով ՀՀ ԱՆ, պարոն Իշխանյանը ստացել է oրենքով սահմանված պատասխան եւ, չի ստացել դատական ակտերի պատճենները։ Ինչ վերաբերում է պարոն Տեր-Եսայանի պնդումներին, ապա բաց թողնելով մի քանի հակասություններ, արձանագրենք. ա) փաստ է, որ փետրվարի 27-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեին որեւէ ցուցակ չի տրամադրվել, քանի որ փետրվարի 27-ին որեւէ ցուցակ նախարարությունում գոյություն չի ունեցել (առաջին ցուցակի կազմումը, անհրաժեշտ համատեղ միջոցառումների շնորհիվ, ավարտվել է փետրվարի 28-ի ուշ երեկոյան եւ պարունակել վարչական պատասխանատվության ենթարկված ընդամենը հարյուր հոգու տվյալներ, որոնցից ամենեւին 86-ը չէ, որ ենթարկված էին վարչական կալանքի)։ բ) փաստ է, որ նույն oրը, ժամը 18-ի տվյալներով, վարչական պատասխանատվության էր ենթարկվել ընդհանուր առմամբ 157 քաղաքացի։ գ) փաստ է, որ ուշ երեկոյան, ժամեր տեւած «արտագրության» ընթացքում ինչ-որ տվյալ վրիպել է Հելսինկյան ընկերակցության ներկայացուցիչների ուշադրությունից (եթե փաստ է, որ պարոն Տեր-Եսայանի կողմից հիշատակված քաղաքացու անունը իրենց ցուցակներում չի եղել)։ դ) փաստ է, որ տվյալները հրապարակվում էին ամեն oր, քանի որ դա հասարակական պահանջ էր, եւ դա էր պահանջում լրագրողական հանրությունը։ Ինչպես նաեւ հեշտ ապացուցելի փաստ է, որ վարչական տույժերի վերաբերյալ վիճակագրական տվյալները յուրաքանչյուր oր ստիպված էինք հավաքել ամբողջ հանրապետությունով։ ե) փաստ է, որ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի ծառայողական պարտականություն չէ, եւ ես երբեւիցե խնդիր չեմ ունեցել պաշտոնի բերումով համագործակցելու որեւէ փաստաբանի կամ փաստաբանների միությունների հետ։ Իմ ոլորտը լրատվական դաշտն է։ զ) փաստ է, որ զգացմունքային բանավեճը, առավել եւս՝ երբ չի բացառվում, որ կողմերից մեկը հակված է այն քաղաքականացնելու, բարդ է փաստերով հավասարակշռել… Այնինչ՝ կլիներ ողջունելի, եթե լիներ համագործակցություն, եւ այդքան չէին սրվի շատ խնդիրներ։ Սակայն, ինչպես հայտնի է, համագործակցությունը ենթադրում է հենց գործով զբաղվող առնվազն երկու սուբյեկտ։ Հարգանքներով՝ ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել