Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչության պետի անհիմն առաջարկները

Օգոստոս 30,2003 00:00

Վարչության պետի անհիմն առաջարկները Երեկ, ավանդույթի համաձայն, նոր ուսումնական տարվա նախաշեմին, մայրաքաղաքի դպրոցների տնօրենները հանդիպեցին կրթության ոլորտի պատասխանատուներին: Տնօրենների այս տարվա խորհրդաժողովը նախորդներից նախ տարբերվում էր նրանով, որ չեղան գործնական զրույցներ ու առաջարկներ տնօրենների կողմից: Վերջիններս հանդես եկան միայն պաթետիկ ելույթներով: Այսպիսի ելույթ ունեցավ նաեւ մի շրջանավարտ՝ գոչելով, թե «Հայաստանում արդարություն կա»: Ինչ վերաբերում է գործնական առաջարկներին, ինչի համար էլ կոչված են նմանատիպ հանդիպումները, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, իր կարծիքով, մի աննախադեպ ծրագրի առաջարկ արեց: Այն դպրոցականների համար, ովքեր հնարավորություն չունեն լրացուցիչ կրթություն ստանալ ռեպետիտորների մոտ, պրն Վաթյանը առաջարկում է բուհերի հետ համագործակցության արդյունքում համայնքներում ստեղծել առարկայական խմբակներ կամ ակումբներ, որտեղ կդասավանդեն հիմնականում բուհերի մասնագետներ: Այս իր առաջարկով, փաստորեն, պրն Վաթյանը նսեմացրեց դպրոցի դերը, իսկ առաջարկը, ի դեպ, բնավ էլ աննախադեպ չէր: Նման պրակտիկա վաղուց գոյություն ունի. բուհերի ներսում միշտ էլ գործել են խմբակներ, որտեղ ռեպետիտորները պարապել են դիմորդների խմբի հետ, եւ բնականաբար, յուրաքանչյուր դիմորդից պահանջվել է ավելի քիչ գումար, քան կպահանջվեր անհատական պարապմունքների դեպքում: Արդյո՞ք կրթության վարչության պետի առաջարկած տարբերակը նույն ռեպետիտորությունը չի ենթադրում: Այս հարցով դիմեցինք ԿԳ նախարար Սերգո Երիցյանին: Վերջինս պատասխանեց. «Ինձ թվում է, որ այդ առաջարկությունն այնքան էլ հիմնավորված չէր»: Օնիկ Վաթյանը մի ուրիշ առաջարկո ւթյուն էլ արեց: Նա կարծում է, որ ավելի լավ է ամռան արձակուրդի հաշվին երկարացնել ձմեռային արձակուրդը (ամռան եւ ձմեռվա արձակուրդները դարձնելով 2-ական ամիս), որպեսզի վառելիքի խնդիրը որոշ չափով թեթեւանա: Դահլիճից լսվեցին ինչ-որ տնօրենների դժգոհություններ, սակայն դրանք տեղերից այն կողմ չանցան: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը, սակայն, հավելեց, որ ոչ մի առաջարկ առանց տնօրենների հետ քննարկման՝ գործի չի դրվի: Իսկ վերոնշյալ տնօրեններն առաջարկում էին աննպատակ էքսպերիմենտներ անցկացնելու փոխարեն մի քանի կոպեկ ծախսել եւ ջեռուցման կենտրոնացված համակարգ ստեղծել, որի դեպքում գազը կպահանջի նույնքան ծախս, որքան էլեկտրաէներգիան, իսկ արդյունքում նորմալ կջեռուցվի դպրոցի ողջ շենքը: Տնօրեններից մի քանիսը (բնականաբար՝ ոչ հրապարակավ) նշում էին, որ դրամաշնորհային ծրագրերը, որպես կանոն, ճիշտ հասցեներով չեն գնում. «Թող մրցույթ անցկացնեն, քննարկեն, ով ավելի շատ կարիք ունի, ով ինչ օպտիմալ առաջարկներ ունի»: «ՀՌԱԿ-ը համակարգիչ տվեց այն դպրոցներին, որոնք արդեն 10 հատ ունեին»: Կրթության վարչության պետը չմոռացավ նշել, որ 2002-2003 ուստարում 12 տոկոսով բարձրացել է ուսման առաջադիմությունը: Սակայն այս տարվա ընդունելության քննությունների արդյունքում ոլորտի պատասխանատուների, մասնավորապես՝ նախարարի կողմից բազմիցս շեշտվել է, որ նախորդ տարիների համեմատ դիմորդների այս տարվա ցածր ցուցանիշներն արդյունք էին հանրակրթության ցածր մակարդակի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել