ԱԶԱՏՎԵՑ ԵՎՍ ՄԻ «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ» Դատարանը մարդասպանին «գժի թուղթ» տվեց Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին Արգավանդի գյուղապետ Սամվել Նարիբեկյանը ոմն Աշոտ Ասատրյանի հրավիրում է գյուղապետարան՝ կապված հողատարածքների բաշխման խնդրի հետ։ Գյուղապետի աշխատասենյակում Ասատրյանը հայտնում է, որ մտադիր է սպանել Արտաշ Մկրտչյանին։ Գնալով տուն՝ վերցնում է երկփողանի որսորդական հրացանը, 10 փամփուշտ եւ ժամը 18.00-ի սահմաններում, ըստ նախաքննության մարմնի, նկատելով ավտոմեքենայով դեպի տուն գնացող Մկրտչյանին, Ասատրյանը հետեւում է նրան եւ հենց փողոցում կանգնեցնելով մեքենան, 3 մետր հեռավորությունից 2 կրակոց է արձակում։ Կրակոցները դիպուկ էին՝ մեկը դիպչում է գլխին, մյուսը՝ կրծքավանդակին։ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը (Մասիսի, դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) անմեղսունակ է ճանաչում Աշոտ Ասատրյանին եւ որոշում կայացնում նրան հարկադիր բուժման ուղարկել։ Որքանով է նա «անմեղսունակ»՝ «պարզվում» է կենսագրականից։ Սույն «անմեղսունակը» ծառայել է բանակում, հիմնել է առքուվաճառքի կոոպերատիվ, 1990-ին ընտրվել շրջխորհրդի պատգամավոր, աշխատել է ավտոշարասյան պետ, իսկ 1996-2002թթ. աշխատել է Արարատի մարզի Արգավանդ գյուղի գյուղապետ։ «Անմեղսունակ» լինելով հանդերձ՝ նա Մասիսի շրջանի որսորդմիության անդամ էր դարձել, եւ Մասիսի ոստիկանության բաժնի կողմից ստացել զենք կրելու թույլտվություն։ Սակայն «անմեղսունակությունը» հաստատվում է դատահոգեբուժական փորձաքննության (07.07.03) թիվ 25 եզրակացությամբ։ Ըստ փորձագետների, Ասատրյանը տառապում է «շիզոֆրենիայի պարանոիդ ձեւի ցնորազառանցային համախտանիշ» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, ինչը առիթ է դարձել, որ այս տարվա մարտի 13-ից նա տեղավորվի Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի խիստ հսկողության հոգեբուժական բաժանմունքում։ Սակայն մինչ այդ նա գտնվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ըստ նրա խցակիցների, իրեն միանգամայն նորմալ է դրսեւորել: Մասիսի դատարանում կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն անցկացվեց տուժողի իրավահաջորդի՝ Արթուր Մկրտչյանի միջնորդության հիման վրա։ Ըստ փորձագետներ Ա. Խաչատրյանի, Ա. Մուրադյանի, Լ. Գրիգորյանի՝ «մեղադրվող արարքի նկատմամբ Աշոտ Ասատրյանը անմեղսունակ է եւ կարիք ունի հարկադրական բուժման»։ Տուժողի իրավահաջորդը իր վերաքննիչ բողոքում գրել է, որ անմեղսունակության վերաբերյալ տրված եզրակացությունը շինծու է, քանի որ անմեղսունակ անձնավորությունը չէր կարող 6 տարի շարունակել ղեկավարել գյուղի համայնքը, չէր կարող ունենալ զենք կրելու թույլտվություն եւ չէր կարող սպանությունից անմիջապես հետո, վախենալով վրեժխնդրությունից, իր ընտանիքին Արգավանդից հեռացնելու փորձ անել։ Փաստենք, որ քրեական գործում հոգեկան հիվանդությամբ տառապելու մասին որեւէ փաստաթուղթ չկա, չկա նաեւ որեւէ փաստարկ, որ նա գրանցված է եղել որեւէ բուժհիմնարկում։ Սակայն Քրեական դատավարության օրենսգիրքը չարամիտ է այն առումով, որ զրկում է տուժողին բողոք բերելու հնարավորությունից: Ստացվում է, որ տուժողը օգտվում է միայն դատական պաշտպանության մեկ իրավունքից՝ առաջին ատյանի, իսկ մարդասպանն, օրինակ, եռաստիճան դատական պատասխանատվության իրավունքից։ «Նախաքննության մարմնի կողմից Աշոտ Ասատրյանի նկատմամբ ՀՀ քրօրի 100 հոդվածով հարուցված քրեական գործը միայն տուժողի բողոքի հիման վրա հարուցված գործերից չէ, հետեւաբար տուժողի իրավահաջորդի բողոքը պետք է թողնել առանց քննության»,- արձանագրել է դատարանը։ Մեր ունեցած տեղեկություններով, վճռաբեկ բողոք է բերվել սույն անհեթեթության դեմ քրեական եւ զինվորական գործերով պալատին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ