Պալատն ու տունը՝ նույն գնով Երիտասարդության պալատը ներառված է պետական գույքի մասնավորեցման 2001-03թթ. ծրագրում, իսկ տնտեսական դատարանն այս տարվա հունվարին վճիռ է կայացրել՝ վաճառել համալիրը բաց աճուրդով։ Երեք անգամ կազմակերպված ձեւական աճուրդների ընթացքում աստիճանաբար գին «գցելով», մեկնարկային գինը մոտ 1 մլն 100 հազար դոլարից արհեստականորեն իջել է եւ այժմ կազմում է 718 հազար դոլար։ Այսինքն, իր նշանակությամբ բացառիկ այս շինությունը վաճառվում է մի լավ առանձնատան գնով։ Այն դեպքում, երբ հաշվեկշռային արժեքով Երիտասարդության պալատը գնահատվում է 2 մլն դոլար։ Երկար ժամանակ լռելուց հետո պալատի տնօրեն Ռուբեն Հեբոյանը երեկ վերջապես բացահայտեց այս առուվաճառքի մութ «ծալքերը»՝ «ինչ-որ մեկը նպատակային ձեւով ուզում է սեփականացնել Երիտասարդության պալատը, եւ այդ մեկը իշխանական վերին էշելոններից է»։ Ավելին նա չգիտեր։ Բայց նման կարծիք կազմելու հիմքեր ուներ։ Պալատը 1996 թվականից կուտակել էր հարկային պարտքեր, որոնց մեջ մեծ բաժին են կազմում շենքում ապրող փախստականների 45 ընտանիքների հոսանքի, ջրի եւ այլ կոմունալ ծախսերը։ Պարտք է գումարվել նաեւ շենքում գործող բար-սրճարանների չվճարած հաստատագրված հարկերից, որովհետեւ «նրանք զբաղեցնում են իքս տարածք, բայց նրանցից ուզում են գանձել 4-5 անգամ ավելի տարածքի համար, ինչին ոչ մեկն էլ չէր համաձայնի»։ Մինչեւ 1998 թիվը (կամ նոր տնօրենի նշանակումը) կուտակված 27 մլն դրամը հետագայում տույժ ու տուգանքի միջոցով դառնում է շուրջ 70 մլն դրամ։ Մյասնիկյանի տարածքային հարկային տեսչությունը փորձում է պետության վնասը հատուցել դատական միջամտությամբ։ Փորձը հաջողվում է օրենքի բազմաթիվ խախտումներով։ Տնտեսական դատարանը (դատավոր՝ Կարինե Պետրոսյան) նախ զլանում է կառավարությանը հարցում անել՝ ընդգրկվա՞ծ է շինությունը գույքի օտարման ցանկում, եթե աներ՝ ինքնըստինքյան խնդիրը կվերանար եւ վճիռ չէր կայացվի «Երիտասարդության պալատ» ՊՓԲ ընկերությունը անվճարունակ ճանաչելու մասին։ Ընկերության գլխավոր իրավաբան Վարդան Տարախչյանի տեղեկացմամբ, «դատական նիստին չեն մասնակցել ո՛չ հայցվոր, ո՛չ էլ պատասխանող կողմերից, վճիռը կայացվել է առանց կողմերին լսելու»։ Այդ ամենը լիովին հնարավոր է, եթե գործին խառնված լինեն երկրի «գլխավոր էշելոններից»։ Դատարանը հնարավորություն չի տվել պարտապանին, որ 10-օրյա ժամկետում վերջինս ներկայացնի գործունեության առողջացման-բարելավման ծրագիր։ Բացի այդ, հրապարակային աճուրդի ներկայացվելուց առաջ գույքի գնահատում չի կատարվել, ընդհանուր տարածքով 36420 քմ շինությունը վաճառքի է հանվել 10 հազար քմ պակաս մակերեսով։ Ընկերությունը խնդրել է վաճառել պալատի մի հատվածը՝ պարտքը մարելու չափով ու նպատակով. խնդրանքը չի հարգվել։ Հինգ ամիս առաջ ընկերությունը բողոքարկել է վճիռը վճռաբեկ դատարանում, բայց՝ լռություն։ Ամեն կողմից անկյուն մղված ընկերության տնօրինությունը դիմել է երկրի նախագահին՝ երիտասարդության միակ պետական մշակութային կենտրոնը պետական պահելու խնդրանքով։ Պատասխանը եկել է աշխատակազմից՝ «սա դատարանի լուծելիք հարցն է, մենք էլ միջամտելու իրավունք չունենք»։ Հիմա նրանց միակ հույսը մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Թամար Պողոսյանն է, ավելի ստույգ՝ նրա միջնորդությունը ԱԺ նախագահ իր կուսակցին։ Հույսը հիմք ունի՝ նախարարի միջնորդությամբ, ԱԺ-ում ստեղծված հատուկ հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է խնդիրը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ