Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵԿՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ, ՄՅՈՒՍԸ՝ ՀՐԱՇՔՆԵՐՈՎ

Օգոստոս 30,2003 00:00

ՄԵԿՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ, ՄՅՈՒՍԸ՝ ՀՐԱՇՔՆԵՐՈՎ Կառավարությունը երեկ իրավաբանորեն պատշաճ պատրաստվածությամբ էր ներկայացել «ԱրմենՏելի» կողմից թիվ 60 լիցենզիայի դրույթների չկատարման հարցով բաց ժողովին: Իսկ «ԱրմենՏելը» երեկ շարժվում էր «Առավոտի» նախանշած սցենարով՝ շեշտը դնելով «գեղարվեստական մասի» վրա: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսն ասաց, որ «բարեկամ երկրի՝ Հայաստանի» հեռահաղորդակցության ոլորտում ներդրում կատարելն «իր կարծիքով» Հունաստանի պետության քաղաքական որոշումն էր: Ակնարկեց, որ Լոնդոնի միջազգային արբիտրաժ կդիմեն: Նա, ինչպես եւ նախատեսված էր, դժգոհեց Հայաստանում բիզնեսի խոչընդոտներից: Նա ցավ հայտնց, թե ինչպես իրենք՝ հույները, չէին հասկանում միջազգային վարկատու կազմակերպությունների տարակուսանքի պատճառը, երբ նրանցից «ԱրմենՏելը» Հայաստանում ներդրումներ կատարելու համար վարկեր էր խնդրում: Պատճառն էլ ասաց. «Այժմ հասկանում ենք՝ նրանք արդեն այն ժամանակ հաշվի էին առել մի բան, որ ՀՀ-ն իր գերիշխող դիրքով կհրամայի մեզ ժամանակից շուտ (նկատի ունի մինչեւ շահույթ ստանալը-Ա. Ու.) հեռանալ: Դա է այսօր տեղի ունենում»: Հաջորդ կետով նա տարակուսանք ու անհամաձայնություն հայտնեց արդարադատության նախարարի մասնակցության վերաբերյալ: Սույնի գեղարվեստական զուգահեռումն էր ուշագրավ. «կարող էին նաեւ ազգային անվտանգության, պաշտպանության նախարարներն էլ մասնակցել, ձեռքներիս էլ ձեռնաշղթաներ կրեինք»: Բնականաբար, այսպիսի խորը վերլուծական ելույթից հետո «ԱրմենՏելի» ներկայացուցիչների համար կարկուտի պես հնչեցին ՀՀ կառավարության իրավախորհրդատու Վահե Յաղուբյանի (լուսանկարում՝ ձախից) բացման խոսքում ընդգրկված ամեն մի օրենքի անունը, կետը, մեղադրանքների հիմնավորումները: Այնպես՝ որ «ԱրմենՏելը» թեեւ նախապես ծանուցված էր կառավարության հիմնավորումներին, բայց ստիպված եղավ խոստովանել. «չհասցրեցի Յաղուբյանի նշած բոլոր կետերին հետեւել, լավ չհասկացանք: Իրավախորհրդատուն հղումներ արեց ՀՀ օրենքների վրա, որն իր մասնագիտական որակավորումն է: Մեզ համար շատ դժվար է այսպես ոտքի վրա տեսնել, թե ինչ են ասում այդ օրենքները»: Ավելին, այս ամենը Պարոն Վասիլակիսին հիշեցրել էր մի դրվագ «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթից, երբ Ալիսան իր բարեկամ կատվին հրաժեշտ տալիս կատուն չքացել է, իսկ ժպիտը՝ մնացել: Այլ կերպ ասած, զրկվելով մենաշնորհից, «ԱրմենՏելի» բացառիկ իրավունքները կչքանան, վարկերն ու պարտքերը՝ կմնան: «ԱրմենՏելն» ստիպված էր լսումները հետաձգելու միջնորդություն անել, որը ձեւակերպեց այսպես. «մեկ ամիս ժամկետ կառավարության ասածը հասկանալու համար»: Կառավարությունն, իհարկե, առարկեց, իսկ պարոն Յաղուբյանը նկատեց, որ ինքը հղումներ էր անում օրենքներին, իսկ «ԱրմենՏելը»՝ հրաշքներին, մինչդեռ, «ԱրմենՏելն» էլ ունի այդ օրենքները եւ կարող է վերլուծել: Հետաձգելու միջնորդությունը մերժվեց: Այժմ՝ «ԱրմենՏելի» նախապատրաստած «կոմպրոմատները», որոնց մասին այդքան ակնարկվում էր: Դրանցից առայժմ մեկի մասին ակնարկվեց, երբ հարցաքննվում էր կառավարության հրավիրած վկան՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետ Գեւորգ Սաղյանը: Ժամանակին պարոն Սաղյանը պատասխանելով դատավորների հարցմանը, նշել է, որ IP հեռախոսակապ մատւցելու իրավունք ունեն նաեւ այլ ընկերություններ: «ԱրմենՏելը» հարց ողղեց, թե արդյոք նա այդ պատասխանը չի՞ տվել ելնելով սեփական շահերից, թե արդյոք որեւէ նման ծառայություն մատուցող ընկերությունում շահեր չունի՞: Պատասխանը բացասական էր, հավանաբար, «ԱրմենՏելը» նկատի ունի Գ. Սաղյանի կենսագրության այն «հատվածը», երբ նա աշխատել է՝ այժմ նման ծառայություններ մատուցող «Արմինկոյում»: Երեկ երկու վկաների հարցաքննությամբ արդարադության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց «ԱրմենՏելի» կողմից ծառայությունների մատուցման ներկայիս մակարդակն ու պարտավորությունների չկատարման փաստը: Նոր վկաներ կհարցաքննվեն այսօր: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել