Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ 20-30 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Օգոստոս 30,2003 00:00

ԻՆՉՊԵՍ 20-30 ՏԱՐԻ ԱՌԱՋ Ինչո՞ւմն է մասնավոր սեփականության եւ շուկայական հարաբերությունների գլխավոր առավելություններից մեկը: Նախ եւ առաջ նրանում, որ ցանկացած ապրանք կամ ծառայություն ազատ «դրված» է շուկայում եւ ցանկացած սպառող իր հնարավորությունների սահմանում իրավունք ունի այդ ապրանքը կամ ծառայությունը գնել: Օրինակ, Հայաստանում խանութներն ու սրճարանները գործում են հենց այդ ազատ շուկայի տրամաբանությամբ՝ լայն ընտրություն, ապրանքների առատություն, բարեհամբույր սպասարկող անձնակազմ: Չես համեմատի 20-30 տարի առաջվա իրավիճակի հետ՝ դատարկ վաճառասեղաններով, «տակից վաճառվող» ապրանքներով եւ իրենց աշխարհի տերն ու տիրականը զգացող վաճառողներով: Բայց կան ոլորտներ, որտեղ ժամանակը կարծես թե կանգնած է: Օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանը: Նույն «Սովետի շրջանի» հսկայական հերթերը տոմսերի հաշվառման սրահում, նույն խղճուկ սրճարաններն ու duty free-ն, ժամանելիս ճամպրուկներին նույն 1-1,5 ժամ սպասելը: Հետաքրքիր է, պրն Էռնեկյանն իր կառավարած բոլո՞ր օդանավակայաններն է այս վիճակում պահում: Ուղեւորներին «խորհրդային» դաժանությամբ տանջամահ անելուն համապատասխան՝ սպասարկող անձնակազմն էլ իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես խանութի վաճառողները եւ «բուֆետչիկները» 20-30 տարի առաջ: Ժամանակը կանգնել է նաեւ «Արմավիայում»: Ի՞նչ է անում նորմալ բիզնեսմենը, երբ իմանում է, որ իր ապրանքի պահանջարկը մեծացել է: Նա ձեռքերը շփում է ուրախությունից եւ ոգեւորված փող աշխատելու հեռանկարով, ամեն ինչ անում է այդ պահանջարկը բավարարելու համար: Պետք չէ մարքեթինգի խոշոր մասնագետ լիենել՝ հասկանալու համար, որ օգոստոսի վերջին ուղեւորների քանակը կտրուկ աճ է ապրում: Սակայն «Արմավիան»՝ Սովետի «Աերոֆլոտի» նման, այդ հանրահայտ իրողությանը չի արձագանքում: Երեւի չի ուզում փող աշխատել: Արդյունքում կատարվում է այն, ինչ 20-30 տարի առաջ էր. արձակուրդից վերադառնալու համար ծանոթ մեջ գցել, «տակից» տոմս ճարել, ավել գին տալ, նույն տեղի համար երկու ուղեւոր եւ այլն: Դե, իսկ «ԱրմենՏելի» մասին էլ չենք խոսում: Սա այն դեպքն է, երբ կարող ենք բոլշեւիկների հանդեպ կարոտախտ զգալ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել