Ռուսաստանը ուժ է ցուցադրում «Ռուսաստանի նոր աշխարհաքաղաքական նպատակները»։ Ահա այսպես է վերնագրել իր հրապարակումը «Նեզավիսիմայա գազետա» թերթի մեկնաբան, պահեստի գնդապետ Վլադիմիր Մուխինը, փորձելով ամփոփիչ գնահատականներ տալ վերջին օրերին Ռուսաստանում տեղի ունեցած, իր ձեւակերպմամբ՝ «հետխորհրդային ողջ շրջանի ամենաակտիվ» զորավարժություններին։ Հեղինակի տվյալներով. «Գործնականում Ռուսաստանի գրեթե բոլոր զինօկրուգներն ու նավատորմերն ընդգրկած այդ գործողություններին մասնակցել են ամենաքիչը կես միլիոն զինծառայող, հարյուրավոր ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ տասնյակ ռազմանավեր ու սուզանավեր։ Հետաքրքիրն այն է, որ «ՆԳ»-ի մեկնաբանն այս մտահանգումն անմիջականորեն չի առնչում բուն բանակի հետ։ Ըստ նրա, էականն այստեղ «թերեւս նոր աշխարհաքաղաքական իրավիճակն է եւ երկրի անվտանգությունն ապահովող նոր ռեսուրսները»։ Վլադիմիր Մուխինն այլեւս համոզված է, որ Ռուսաստանի հնարավորությունները աճել են եւ նա առաջվա պես (ինչպես ԽՍՀՄ-ի օրոք) ի վիճակի է դարձյալ փորձել հակադարձել լայնամասշտաբ սպառնալիքները սովորական՝ ոչ միջուկային զինատեսակներով։ Եվ այդուհանդերձ, այդչափ ծավալուն զորախաղերի տրամաբանության մեջ՝ «ո՞վ է թշնամին», հարցադրում է անում հոդվածագիրը, փորձելով դրա պատասխանը գտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի մեկնաբանություններում։ Դրանք, սակայն, Մուխինին ակնհայտորեն չեն բավարարում։ Կոնկրետ թշնամիներ չկա՞ն, միակ թշնամին ահաբեկչությո՞ւնն է, բայց չէ՞ որ Հեռավոր Արեւելքում դեռեւս ահաբեկիչներ չեն նկատվել. ահա այսպիսի եւ մոտավորապես այսպիսի տարակուսություններ է արտահայտում վերոհիշյալ հրապարակման հեղինակը, անմիջապես էլ պատասխանելով ինքն իրեն։ Ճիշտ է, միջազգային կարգավիճակ ունեցող այդ զորավարժություններին մասնակցում են այլ, մասնավորապես, ամերիկյան ուժեր եւս, այդպիսով, կարծես «ցուցադրելով գործընկերային հարաբերություններ»։ Միեւնույն ժամանակ ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Կուրոյեդովի շուրթերով, պաշտոնական Մոսկվան բավականաչափ մերկ ակնարկներ է արել ԱՄՆ հասցեին, մի կողմից դժգոհելով ռուսական տարածքային ջրերին շատ մոտ հայտնված 2 ամերիկյան սուզանավերի կապակցությամբ, մյուս կողմից պարզորոշ հասկացնել տալով, որ այսուհետեւ իր ռազմավարական շահերը պաշտպանելու է ավելի վճռականորեն։ Ի լրումն սրա, հեղինակը բերում է նաեւ վերջերս Կասպից ծովում անցկացված մանեւրների օրինակը։ «Ընդամենը մի քանի օր առաջ այնտեղ ընթանում էին ադրբեջան-ամերիկյան աննախադեպ զորավարժություններ, որոնց կապակցությամբ, ի դեպ, Իրանը բարձրաձայն դժգոհեց Ադրբեջանից»,- հիշում է «ՆԳ»-ի մեկնաբանը, հաճույքով արձանագրելով, որ Ռուսաստանի արձագանքն այս դեպքում առավել քան պերճախոս էր։ Ըստ այդմ, թեեւ Ռուսաստանը լռեց, բայց նրա կասպյան զորավարժությունների սցենարն այլ բան չէր, քան խիստ թափանցիկ ակնարկ։ «Դա բոլորովին այն չէր, ինչ մեկ տարի առաջ, երբ պայքարում էին պայմանական որսագողերի դեմ։ Այս անգամ կրակում են թեւավոր հրթիռներով եւ հրետանիով»,- չհասկացողների համար պարզաբանում է Վ. Մուխինը։ Այսպիսով, հեղինակը համոզված է, որ Ռուսաստանը դարձյալ սկսել է ցուցադրել իր ռազմական «մկանունքը», բայց եւ դա պայմանավորում է ոչ թե նոր կայսերական ձգտումներով, այլ «նոր աշխարհաքաղաքական իրողություններով»։ Պատրաստեց Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸ