Լրահոս
Օրվա լրահոսը

Հնգամյակը՝ 4 տարում

Օգոստոս 30,2003 00:00

Հնգամյակը՝ 4 տարում Ըստ ԱԺ ներկայացված հաշվետվության, կառավարությունն ամեն ինչ կատարել-գերակատարել է Երկուշաբթի օրվանից նորաթուխ խորհրդարանը կսկսի քննել 2002-ի բյուջեի կատարման հաշվետվությունը եւ վստահաբար կարելի է արդեն այսօր նկատել, որ հավանություն կտա այդ փաստաթղթին։ Հաշվի առնելով այսօրվա խորհրդարանի որակական հատկանիշները, ենթադրելի է, որ մատների վրա հաշված պատգամավորներ միայն հետաքրքրասիրություն կցուցաբերեն Անդրանիկ Մարգարյանի ներկայացրած թվերի հանդեպ։ Ո՞վ իրեն նեղություն կտա ոչ միայն կարդալ 427 էջ պլյուս եւս 38 թերթ հաշվետվությունը, երբ միեւնույն է, կողմ են քվեարկելու։ Ըստ հաշվետվության, 2002-ը «ամենաբարենպաստն է» տնտեսական աճի իմաստով՝ 12,9 տոկոս տնտեսական աճ։ Սա դեռ ոչինչ, ամենասպանիչը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափն է՝ 737 ԱՄՆ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 11,9 տոկոսով։ Ու մնում է զարմանալ, եթե տնտեսական աճն այդքան «բարենպաստ է», ուրեմն ինչն է պատճառը, որ աշխատանք փնտրողների միայն 5,5 տոկոսն է աշխատանք գտել (ըստ պաշտոնական տվյալների, որոնք, նկատենք, սովորաբար մի թեթեւ ուռճացված են լինում)։ Եթե բյուջետային ոլորտում զբաղվածների միջին աշխատավարձը կազմել է 15.948 դրամ, ապա միջին անվանական աշխատավարձը կազմել է 26.444 դրամ։ Մեկ այլ զուգահեռ եւս՝ մասնավոր սեկտորում զբաղված է աշխատողների 76,9 տոկոսը, 22,7-ը՝ պետական հատվածում։ Եվ ամենա-«նախագահական» թիվը՝ 2002-ի ընթացքում հանրապետությունում ստեղծվել է շուրջ 35 հազար նոր աշխատատեղ։ Ըստ հաշվետվության, կառավարությունը բանակին լավ է նայել։ «2002 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարությունը պաշտպանության բնագավառին տրամադրել է 36,8 մլրդ դրամ՝ ամբողջությամբ կատարելով տարեկան ծրագիրը»։ Ի դեպ, բացի 2002-ի պարտավորություններից, համապատասխանաբար 4,8 եւ 3,3 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից եւ նախորդ տարիների մարման միջոցներից։ Հասարակական կարգի պահպանությանը, ազգային անվտանգությանը եւ դատական գործունեությանը եւս 2002-ի բյուջեն չի նեղացրել եւ միայն 5,5 տոկոսով չի պահպանել ծրագրավորված ցուցանիշը։ Իբրեւ թերացման պատճառ է նշված ՀԲ-ի կողմից տրամադրված միջոցներով դատաիրավական բարեփոխումների ծրագրի թերակատարումը։ Երեւի այսքան լավ ֆինանսավորումն էր պատճառը, որ 2002-ի ձմռանն ու գարնանը հասարակական կարգի պահապանները եւ մեր քաջարի ազգային անվտանգությունը կարողացան ռետինե մահակներով կոտրել ժողովրդի բողոքի ցույցերն ու հանրահավաքները։ Թերեւս փշալարերը, որակյալ մահակները, պսպղուն վահաններն ու ջրցան մեքենաները, որ ընտրություններից հետո հանվեցին ժողովրդի դեմ՝ բյուջեի կատարողական ամենավառ ապացույցներն են։ Հաշվետվության մեջ նշված է, որ ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեն ֆինանսավորվել է ընդամենը՝ 944,6 մլն դրամի չափով (2001-ի ցուցանիշը կազմել է 7,1 մլրդ դրամ)։ Եթե միայն արագ, ոտքի վրա հիշենք, թե ինչպիսի շենքեր սեփականաշնորհվեցին հենց հաշվետու տարում, ապա վերոհիշյալ 944,6 թիվը խիստ ծիծաղելի է։ Իսկ եթե մի շարք նախարարությունների հսկա շենքերի սեփականաշնորհման գումարները ուրիշ տեղ են գնացել, դա ուրեմն ուրիշ պատմություն է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել