Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻԶՈՒՐ ԵՔ ՔԱՐ ԳՑՈՒՄ ՄԵՐ ԲՈՍՏԱՆԸ»

Օգոստոս 30,2003 00:00

«ԻԶՈՒՐ ԵՔ ՔԱՐ ԳՑՈՒՄ ՄԵՐ ԲՈՍՏԱՆԸ» «Հայաստանի կոմունիստների» միության 1-ին քարտուղար Իշխան Թովմասյանին հորդորում է ՀՆԿԿ 1-ին քարտուղար Յուրա Մանուկյանը: Հայաստանում գործող կոմունիստական ուժերից յուրաքանչյուրը պնդում է, թե ինքն է կոմունիստական նոր շարժում ստեղծելու առաջամարտիկը: Հենց այս «հողի վրա» էլ, թերեւս, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Յուրի Մանուկյանն ուզում է մինչեւ սեպտեմբերի 20-ն իր շուրջը համախմբել որոշ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների՝ անկախ նրանից, վերջիններս ունեն կոմունիստական ուղղվածություն, թե ոչ: Երկու ամիս առաջ Յ. Մանուկյանն իր գրասենյակում թվով 8 քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարվեց կոմունիստների համախմբման մասին: Սակայն, Առաջադիմական կոմկուսի ղեկավարն ու «Կոմունիստների միության» առաջին քարտուղարը հրաժարվեցին, թե իրենք համաձայն են Նորացվածների եւ մյուս կոմունիստների հետ համախմբվելուն: Թերեւս հարկ չլիներ եւս մեկ անգամ անդրադառնալ այս թեմային, եթե, ի վերջո, պարզ լիներ՝ միանո՞ւմ են արդյոք այս ուժերը, թե՞ ոչ, քանի որ «Կոմունիստների միության» 1-ին քարտուղար Իշխան Թովմասյանն այլ բան է պնդում, իսկ ՀՆԿԿ 1-ին քարտուղարը՝ բոլորովին այլ: Յ. Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միավորման շուրջ կայացած բանակցություններին մասնակցել է ոչ թե Ի. Թովմասյանը, այլ «իրենց ներկայացուցիչներից ուրիշ մի քանիսը»: Սակայն լրատվամիջոցներով Ի. Թովմասյանի դժգոհություններից հետո, Յ. Մանուկյանը որոշել է այլեւս նրանց հետ չհանդիպել: «Դա նրանց ներքին խոհանոցն է, ու ես իրենց մարդկանց ասել եմ՝ չներկայանալ այստեղ այնքան ժամանակ, մինչեւ ձեր խոհանոցում այդ հարցը չլուծեք: Իսկ Ի. Թովմասյանը իզուր է քար գցում մեր բոստանը, քանի որ մենք ոտնձգություններ չենք անում իրենց իրավունքների վրա»,- խորհուրդ էր տալիս ՀՆԿԿ 1-ին քարտուղարը: Բացի այդ, Յ. Մանուկյանը խոստացավ «չընդունել» «Կոմունիստների միության» անունից միավորման փաստաթղթի տակ դրված ստորագրությունը, քանի դեռ «պարզություն չկա»: Հարցին, թե ինչո՞ւ է Ի. Թովմասյանը հեռակա բանավիճում ու «քարեր նետում» հենց իր ուղղությամբ, երբ միավորման նախաձեռնությունն անձամբ իրենը չէ, Մանուկյանը պատասխանեց. «Թող նետեն, ես դրանից վատ չեմ զգում: Այս միավորումն այնքան արժեքավոր է, որ արժե մի քանի զոհ ունենալ: Թող այդ զոհերից մեկն էլ ես լինեմ: Մանուկյանն այսօր կա, վաղը չկա, իսկ միացյալ կոմունիստները կան ու կլինեն»: Իսկ ինչ վերաբերում է «Կոմունիստների միության» երկրորդ քարտուղար Դավիթ Սեմ-Բալայանի հայտարարությանը, թե Նորացված կոմունիստները «Սերժ Սարգսյանի դրածոններն են», որոնց նա «վարձել», «փողեր է տալիս, որպեսզի նրանք ընդդիմանան կոմունիստներին», ապա Յ. Մանուկյանն այսպես հակադարձեց. «Կգա ժամանակը եւ ամեն ինչն իր տեղը կընկնի: Այսօր շատ քիչ քանակության անձեր կան, որոնք պետական մտածողություն ունեն: Դա է պատճառը, որ չեն զանազանում պետական մտածելակերպը, պետականության ընդունումը կամ պետականության համար աշխատանքներին ներգրավվածությունը՝ իշխանամետությունից կամ իշխանահաճությունից: Չեմ զարմանում, ինչպիսի բազմաբնույթ ազգանուններ էլ հնչեցնեք, միեւնույն է հայ իրականության մեջ ամեն մարդ իր արշինով է չափում դիմացինին»: Յ. Մանուկյանը վստահեցնում էր, որ ՀՆԿԿ-ն լիարժեքորեն տիրապետում է իրադրությանը, ու որ այն ստեղծվել է «անկախ պետականություն ունեցող Հայաստանում եւ պարտավորություն ունի այդ անկախության եւ ժողովրդի անվտանգության պահպանման գործում»: «Իմ ընկերները եւ ես այն կարծիքին ենք, որ այս պայմաններում մեր հանրապետական խժդժությունները, աննորմալ վիճակը, անկարգությունները չեն նպաստում այդ անկախ պետականության ամրապնդմանը»,- նշեց պետականամետ կոմունիստը: Ի դեպ, Յ. Մանուկյանը վստահեցնում էր, թե միավորման շուրջ իրենք Առաջադիմական կոմկուսի հետ խնդիրներ չունեն, սակայն ՀԱՄԿԿ ղեկավար Վազգեն Սաֆարյանը նշեց, որ իրենք դեռեւս չեն գտել համախմբման այն «ձեւերը», որոնք դա հնարավոր կդարձնեն: Նա նշեց, որ համախմբման պայմաններից մեկն այն պիտի լինի, որ ՀԿԿ-ից վտարված բոլոր այն կոմունիստները, որոնք «կուսակցությունն իրենց ուսերի վրա են բարձրացրել», պիտի միավորվեն: «Մարդը եթե կոմունիստ է, ո՞նց կարող են ասել՝ դու կոմունիստ չես: Այդպես ո՞նց կլինի: Դա աբսուրդ հասկացողություն է, քանի որ եթե մի անգամ կոմունիստ ես, ապա ինչքան էլ ուզում են հեռացնեն, միեւնույն է դու բնույթով, մենթալիտետով արդեն այդպիսին ես»,- հավաստիացնում էր Վ. Սաֆարյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել