Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Օգոստոս 30,2003 00:00

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԿԵՍՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մայքլ Ջ.Ուայգենթի ասելով, մենք գտնվում ենք «զարգացող երկիր համարվելու ճանապարհին» ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվի հայաստանյան գործունեությունը եվրոպական կառույցները բարձր էին գնահատել: Վերջինիս՝ Հայաստանից մեկնումից հետո այդ պաշտոնում նրան, ճիշտ է՝ ժամանակավոր, փոխարինել է Մայքլ Ջ.Ուայգենթը: Նա արդեն հասցրել է մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին, Քրեական օրենսգրքի, ԶԼՄ-ների մասին օրենսդրության հետ կապված մի շարք միջոցառումների: Ի պատասխան մեր այն հարցին, թե Հայաստան ժամանելուց առաջ նա որոշակի պատկերացումներ ունեցե՞լ է մեր երկրի մասին, դեսպանն ասաց, թե Հայաստանի մասին շատ է կարդացել, ԱՄՆ-ում հայերի է ճանաչել, շուրջ 30 տարի առաջ որպես՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կրտսեր աշխատակից, կարճատեւ այցով եղել է նաեւ Հայաստանում: Եվրոպական կառույցներին ու, մասնավորապես, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանը՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման մակարդակի տեսանկյունից, Մ.Ուայգենթի դիտարկմամբ, «գտնվում է զարգացող երկիր համարվելու ճանապարհին: Այն հանգամանքը, որ Հայաստանը համարվում է ԵԽ անդամ, փաստում են նրա պատրաստակամությունը՝ ստանձնած որոշակի պարտավորությունները կատարելու հարցում: Իսկ ԵԱՀԿ-ն՝ ԵԽ-ի հետ սերտ համագործակցությամբ, դրանց կատարման խնդրում օժանդակում է Հայաստանին»: ՀՀ-ն պարտավորություններ, իհարկե, ստանձնել է, բայց, ինչպես փաստում են հենց եվրոպական կառույցներն ու այդ պարտավորությունների կատարման դիտարկման խմբերը, Հայաստանն այնքան էլ չի շտապում դրանք կատարել: Մասնավորապես ընտրական օրենսդրությունը ինչպես անկատար եղել, այնպես էլ շարունակում է մնալ եւ արդեն՝ շատ վաղուց: Միջազգային դիտորդները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն, ու այդ թվում՝ նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավարը, դեռ 2002-ի ՏԻՄ ընտրություններից հետո էին դիմել ՀՀ իշխանություններին՝ մինչեւ 2003-ի ընտրությունները «Ընտրական օրենսգրքում» կոնկրետ փոփոխություններ անելու առաջարկությամբ, ինչը՝ չկատարվեց: Ավելին, հակառակ խոստումների, այդ ընտրությունները չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին: Կա՞ն հույսեր, որ մոտ ապագայում միջազգային կառույցների այդ առաջարկներն, այնուամենայնիվ, կյանքի կկոչվեն: «Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներին, ապա՝ ինչպես տեղյակ եք, նաեւ ԵԱՀԿ Վարշավայի՝ Մարդու իրավունքների գրասենյակն էր դիտորդական առաքելությունների դիտարկումների հիման վրա զեկույց եւ առաջարկություններ ներկայացրել ՀՀ կառավարությանը: «Մենք այսօր էլ պատրաստ ենք աշխատել ՀՀ կառավարության եւ համապատասխան մարմինների հետ ընտրական օրենսդրությունը բարեփոխելու համար»,- հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարը: Անդրադառնալով՝ այս իմաստով, մասնավորապես ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանն ու ընտրական հանձնաժողովների ձեւավորման նրա տարբերակին, պարոն դեսպանը հայտարարեց. «Մենք ողջունում ենք այլ տեսակետներ, որոնք կհնչեն իշխանությունների կամ՝ հասարակական ու քաղաքական գործիչների կողմից: Մենք պատրաստ ենք փորձագիտական աշխատանքներ կատարել եւ օժանդակել իշխանություններին, ԱԺ-ին՝ այդ օրենքը բարեփոխելու հարցում: Սակայն պետք է նշեմ, որ դա ՀՀ-ի խնդիրն է, եւ նա պետք է ցանկություն ունենա այդ փոփոխություններն իրագործել»: Արդյո՞ք այս խնդրում՝ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ անհամաձայնության դեպքում, հնարավո՞ր է, որ Հայաստանում կիրառվի Վրաստանի փորձը: Հիշեցնենք, որ այդ երկրում ընտրական հանձնաժողովները ձեւավորվեցին ամերիկացիների առաջարկությամբ՝ նրանց մատնանշած համամասնությամբ, եւ ԿԸՀ-ում՝ ԵԱՀԿ ներկայացուցչի նախագահությամբ: «Ինչ վերաբերում է Վրաստանի դեպքին, ապա՝ յուրաքանչյուր երկիր իր տարբերակն է ընտրում եւ, եթե մի տարբերակն ընդունելի է որեւէ երկրի համար, կամ՝ կիրառվել է կոնկրետ Վրաստանում, չի նշանակում, որ դա կարող է հարմար գտնվել Հայաստանի համար»,- կարծիք հայտնեց Մ.Ուայգենթը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել