Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից շինում են ապօրինի

Օգոստոս 29,2003 00:00

Նորից շինում են ապօրինի Վանաձորի Մյասնիկյան եւ Լուսավորչի փողոցների հատման կետից մինչեւ Խորենացու փողոց՝ համատարած «տաղավարացման» շարժում է սկսվել։ Ընթացքում այդ «սուրբ գործին» խանգարող թփածածկույթներն ու ծառերը վերանում են։ Աղավաղվում է նաեւ քաղաքի ճարտարապետական տեսքը, քանի որ առանձին դեպքերում բնակելի շենքերի ու բնակիչների «տեսադաշտը» փակվում է քարաշեն կամ մետաղյա տնակներով։ Այս առումով օրինակներ կարելի է գտնել նաեւ Վարդանանց փողոցում։ Վերջերս հերթական տաղավարների շարքը տեղադրվեց Մյասնիկյան եւ Լուսավորչի փողոցների հատման կետում գտնվող մի փոքր պուրակի հարեւանությամբ։ Տաղավարները պարզապես կիպ կպած են այդտեղ գտնվող հսկայական ծառերին եւ մոտակա շենքերի բնակիչները մտահոգված են, որ շուտով ծառերը կկտրվեն։ Բնակելի շենքերի միջեւ գտնվող ազատ հատվածներում (Մխիթար Գոշի, Տերյան, Լուսավորչի փողոցներ եւ այլուր) պարբերաբար քարաշեն, միահարկ «օբյեկտներ» են կառուցվում կամ շենքերի «պոչին» կցակառույցներ ավելացվում, աչքակապություն կարելի է համարել այն, որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ տեղական իշխանությունները հավաստում են, թե «պայքարում» են ապօրինաշինությունների դեմ։ Օրինակ, մեկ տարի առաջ Լուսավորչի 54 հասցեում գտնվող շենքի կողքային մասից սկսեց կցակառույց ավելացվել, որը, թերեւս, իշխանությունների այդ անզիջում «պայքարի» արդյունքում բարեհաջող հասել է 2-րդ հարկ։ Վերջերս Վանաձորի իշխանությունները հավաստիացրին, որ այն ապօրինաշինությունները, որոնք քաղաքի արտաքին տեսքը չեն խաթարում, կօրինականացնեն։ Սա մեղքի խոստովանություն է. նախ համբերատար սպասում են ապօրինաշինությունն ավարտվի, հետո որոշում են՝ քաղաքի ճարտարապետական տեսքը խաթարո՞ւմ է, թե՞ ոչ։ Օգոստոսի 11-ին ապօրինաշինության վերաբերյալ «Առավոտը» հերթական ահազանգը ստացավ Նժդեհի 9 հասցեից. բնակիչներից մեկը զայրացած էր, որ շենքի հարակից պուրակը «ավերել» են, «քարերն ու շիբինը թափել»՝ ավտոլվացման կետ են տեղադրում։ Օրերս հանրապետական մամուլում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը թյուրիմացության մեջ է գցել մայրաքաղաքաբնակ մի լրագրողի, որը շտապել էր գալ այն եզրակացության, թե իբր «Վանաձորում անգամ մի ոտնաչափ կանաչապատ հատված բիզնեսին չի զոհաբերվում։ Բիզնեսմենին թույլ չեն տա կանաչի հաշվին անգամ մի ցուցանակ դնել»։ Այդ ակնհայտ ապատեղեկատվությունն ընթերցած մի վանաձորցի վրդովմունք հայտնեց, թե «կարող է՞ մենք էս քաղաքում չենք ապրում»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել