Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ԳՆԱՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ

Օգոստոս 29,2003 00:00

ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ԳՆԱՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ Երեւանի «Ծիծեռնակ» հյուրանոցի տնօրեն եւ սեփականատեր Սարգիս Սարգսյանը դեմ չէ, որ իր հյուրանոցում բնակվող փախստականների 15 ընտանիքներն անորոշ ժամանակով շարունակեն ապրել այդտեղ։ Բայց Միգրացիայի եւ փախստականների վարչությունից պահանջում է բնակարանով ապահովել նրանց, որ ինքը կարողանա տնօրինել շենքի ճակատագիրը։ Այդ հույսով նա դիմել է դատարան, տանուլ տվել առաջին ատյանում, հետո վճիռը բողոքարկել է տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում։ Երեկ նիստը հետաձգվեց դատավոր Տիգրան Սահակյանի վատառողջության պատճառով։ Մինչ այդ տեղեկացանք, որ մի քանի օր է, ինչ հյուրանոցում ջուր չկա։ Փախստականներն, իհարկե, դա վերագրեցին Սարգիս Սարգսյանին՝ «նա հիմա ամեն ինչ անում է, որ դուրս գանք»։ Մեղադրանքը «բողոքարկվեց». հյուրանոցի տնօրենը հաստատ գիտեր, որ շենքի ջրազրկումը վթարի արդյունք է եւ խիստ զայրացավ ասվածից։ Քիչ ավելի ուշ Ջրտնտպետկոմից ճշտեցինք, որ, իսկապես, տարածքը սնող Մարաշի ջրամբարի վթարի հետեւանքով ողջ թաղամասը ջրազրկվել է, բայց ոչ թե չորս օր առաջ, այլ ընդամենը նախորդ երեկոյից։ Միգրացիայի եւ փախստականների վարչության իրավաբան Ռուզան Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե «Ծիծեռնակի» նման դեպքեր եղե՞լ են, եւ հարցն ի՞նչ լուծում է ստացել։ Նա նշեց ոչ վաղ անցյալում մասնավորեցված «Անահիտ» ու «Սեբաստիա» հյուրանոցների օրինակները, որոնց սեփականատերերն ապահովել են փախստական բնակիչների բնակարանային պահանջները։ «Անահիտի» սեփականատերը կառուցել է բնակելի շենք, իսկ «Սեբաստիայի» բնակիչները բավարարվել են դրամական փոխհատուցմամբ։ «Ծիծեռնակի» տնօրենը փախստական բնակիչներին բնակտարածքով ապահովելու իր պարտականության մասին պետք է որ տեղեկացված լիներ Պետական գույքի կառավարման վարչությունում՝ մասնավորեցման գործընթացն սկսելուց առաջ։ Տիկին Պետրոսյանն ասաց, որ իրենք գրավոր զգուշացրել են հիշյալ վարչությանը, որ այսուհետեւ փախստականներով բնակեցված որեւէ տարածքի մասնավորեցումից առաջ այդ մասին անպայման տեղյակ պահեն իրենց վարչությանը։ Ավելացնենք, որ թեպետ դատական գործընթացում առայժմ կողմնակալ վերաբերմունք որեւէ կողմի համար չի արձանագրվել, փախստական ընտանիքները որոշեցին կեսօրին «հավաքվել» նախագահի նստավայրի մոտ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել