Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԵՇՏ՝ ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 29,2003 00:00

ՀՐԱԺԵՇՏ՝ ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ Եթե գյումրեցիների տխուր ճակատագիրը հայտնի էր Դանիայի «Նորդսայլանդ» թիմի հետ առաջին հանդիպումից հետո, ապա «Բանանցը» «Հապոելի» հետ պատասխան խաղում առաջին արգելքը հաղթահարելու լավ հնարավորություն ուներ։ Բայց, ավաղ, մեր սպասելիքները չարդարացան։ Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը «Հանրապետական» ստադիոնում երեկ անճանաչելիորեն անօգնական էր։ Թերեւս դրա պատճառ կարելի է համարել խաղի սկզբում բաց թողած գոլը, որը «նոկդաունի» մեջ գցեց դաշտի տերերին։ Բայց որքան էլ մեծ է «Բանանցին» արդարացնելու ցանկությունը, միեւնույն է, պարտության մեղավորը հենց Հովհաննես Զանազանյանի գլխավորած թիմի գործող անձինք էին։ Մեր թիմի եւ առանձին ֆուտբոլիստների, եւ խաղային օղակների միջեւ ոչ մի համագործակցություն չկար։ Նրանք գործում էին տարերայնորեն, մի տեսակ անվստահ։ Ու հենց վերջինի հետեւանքով էլ, երբ պաշտպանը չկարողացավ չեզոքացնել մրցակցի գրոհը, ծնվեց առաջին գոլը։ Թվում էր, թե դա պետք է երեւանցիների մեջ արթնացներ պատվախնդրության զգացումն ու նրանք պետք է արագորեն խաղը հունի մեջ գցելու փորձեր անեին։ Սակայն տեղի ունեցավ հակառակը։ «Հապոելը» շուտով ամբողջովին տիրեց նախաձեռնությանը եւ դաշտի տերերին առնվազն 60-65 րոպե չթողեց որեւէ իմաստավորված կոմբինացիա ձեռնարկել։ Ավելին՝ հյուրերը, ամբողջ դաշտով կիրառելով մամլիչ պաշտպանություն, տեւական ժամանակ «Բանանցին» սեփական տուգանային հրապարակից հեռանալու հնարավորություն չէին տալիս։ Այդ պարագայում, եթե չլիներ դարպասապահ Վորոբյովի համեմատաբար վստահ խաղը, լուսատախտակի վրա 0։1 հաշիվը կարող էր կրկնապատկվել կամ եռապատկվել։ Հարկ է նշել, որ դրանում իրենց մեծ ներդրումն ունեցան նաեւ դաշտի տերերը։ Մեր ֆուտբոլիստներն իրավիճակը փոխելու որեւէ խելամիտ ելք այդպես էլ չգտան։ Չկար ստեղծագործական միտք, նախաձեռնություն, որեւէ անակնկալ քայլ։ Ամբողջ թիմն աշխատում էր, ասես, միայն Արա Հակոբյանի վրա։ Բայց նրա խաղը ոչ մի կերպ չէր ստացվում, հետեւաբար, ամբողջ 10 հոգի դաշտում իզուր տեղը տանջվում էր։ Ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնում է այն թիմը, որը լավ է տիրապետում կարճ ու միջին փոխանցումներին, իսկ գրոհի վերջնամասում մրցակցին առաջադրում է անակնկալ ու սրընթաց շարունակություն, մինչդեռ «Բանանցն» անընդհատ կրկնում էր նույն բանը՝ խորքից գնդակը երկար փոխանցումով անհասցե կամ ոչ ճշգրիտ, տեղափոխում էր մրցակցի տուգանայինի մատույցներ, որտեղ էլ այն պաշտպանների բաժին էր դառնում։ Մեր թիմն այնքան տկար էր, որ այդպես էլ չկարողացավ կապ ստեղծել պաշտպանության, կիսապաշտպանության ու հարձակման գծերի միջեւ։ Այդուհանդերձ, առաջին խաղակեսում իսրայելցիների դարպասին մեկ-երկու շատ թե քիչ վտանգավոր պահ, այնուամենայնիվ, ստեղծվեց, սակայն առիթն օգտագործել այդպես էլ չհաջողվեց։ Թվում էր երկրորդ խաղակեսում խաղի նկարագիրը պետք է փոխվեր։ Տեղի ունեցավ հակառակը. 56-րդ րոպեին կրկին անփույթ ու անվստահ խաղի հետեւանքով «Բանանցի» դարպասում գնդակը հայտնվեց 2-րդ անգամ, իսկ դա նշանակում էր, որ մնացած ժամանակում վիճակը փրկել այլեւս անհնար է։ Այդուհանդերձ, 78-րդ րոպեին «Բանանցը« խփեց սփոփանքի գոլը։ Միակ մտածված կոմբինացիան արդյունավետ եզրափակեց Ամիրյանը՝ 1։2։ «Բանանցը» երկու խաղերի արդյունքով դուրս մնաց հետագա պայքարից։ Ա. Հ. Չօգտագործված հնարավորություններ Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլի պատասխան խաղում էլ Գյումրիի «Շիրակը» պարտություն կրեց Դանիայի «Նորդսայլանդ» թիմից: Բայց ի տարբերություն առաջին խաղի՝ շիրակցիները ունեին խաղային եւ տարածքային առավելություն: Առաջին խաղակեսի հենց սկզբից գյումրեցիները սկսեցին մրցակցի դարպասը տանող ուղիներ փնտրել: Արդեն 4-րդ րոպեին Կարեն Խաչատրյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ եւ ուժեղ հարվածեց դարպասին, բայց դարպասապահ Յան Հոֆմանը հետ մղեց գնդակը: Մեկ րոպե անց Գագիկ Մարգարյանը հաշվենկատ փոխանցումով հարվածի դուրս բերեց Արտյոմ Հակոբյանին, որն էլ կիսաշրջադարձ հարվածով քիչ էր մնում գրավեր դանիացիների դարպասը՝ գնդակը դարպասաձողի կողքով դուրս եկավ դաշտի սահմաններից: 9-րդ րոպեին «Շիրակը» ունեցավ եւս մեկ հնարավորություն հաշվի մեջ առաջ անցնելու համար: Արարատ Հարությունյանը խորքից ստանալով խաղընկերոջ փոխանցումը , փորձեց ընդառաջ դուրս եկած դարպասապահի վրայով գնդակն ուղարկել Հոֆմանի պաշտպանած դարպասը, բայց այս անգամ էլ այն դուրս եկավ դաշտի սահմաններից: Հետեւեց «Շիրակի» նոր գրոհը եւ արդեն Արտյոմ Հակոբյանը վրիպեց մոտ տարածությունից: Մի խոսքով առաջին 10 րոպեների ընթացքում գյումրեցիները արդյունքի հասնելու շատ հնարավորություններ ունեցան, բայց 0-0 հաշիվը այդպես էլ մնաց անփոփոխ: Այդպես շարունակվեց մինչեւ 43-րդ րոպեն: Հյուրերը շուտով կարողացան հավասարեցնել խաղը եւ առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ, «Շիրակի» տուգանային հրապարակում հսկողությունից դուրս մնացած Դավիդ Ռասմուսենը առաջ մղեց «Նորդսայլանդին»: Երկրորդ կեսում խաղի պատկերը չփոխվեց: Նորից նախաձեռնությունը «Շիրակի» կողմն էր, բայց մեր ֆուտբոլիստների մոտ չէր ստացվում եզրափակիչ հարվածը: Դանիացիները մեծ ուժեր կենտրոնացնելով սեփական տուգանային հրապարակում, գնդակին տիրելուն պես դիմում էին արագ հակագրոհների: Իսկ շիրակցիները համառորեն փորձում էին գոնե հավասարեցնել հաշիվը: Եվ պետք է ասել, որ մի քանի դրվագներում գյումրեցիների բախտը ուղղակի չբերեց: Երկրորդ կեսում «Շիրակի» գործողությունները մրցակցի կիսադաշտում ավելի վտանգավոր դարձան այն բանից հետո, երբ խաղադաշտում հայտնվեց Վարդան Բիչախչյանը: Նորից վտանգավոր պահեր եւ նորից ապարդյուն: Ճիշտ է, մարզասերները գոլի ականատես եղան, բայց, ցավոք, գնդակը նորից հայտնվեց «Շիրակի» դարպասում եւ նորից Դավիդ Ռասմուսենի հարվածից հետո: Միայն թե այս անգամ իր մեղքի չափն ուներ նաեւ «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը: Այսպիսով «Շիրակը» կրելով երկու պարտություն դուրս մնաց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունից: ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել