Լրահոս
Օրվա լրահոսը

Կապելլան չունի կապեր

Օգոստոս 29,2003 00:00

Կապելլան չունի կապեր Եվ հովանավորներ է ակնկալում՝ միայն մշակույթի նախարարության միջնորդությամբ Հայաստանի պետական ակադեմիական Կապելան մերժում է արտասահմանյան հյուրախաղերի հրավերները՝ գումար չունենալու պատճառով։ Օրինակ, ապրիլին երգչախումբը չի կարողացել մասնակցել Շվեյցարիայում կազմակերպված հեղինակավոր փառատոնին, իսկ վերջերս հրաժարվել է ֆրանսիական հյուրախաղերից, չնայած այն բանին, որ խմբերգային արվեստը շատ բարձր է գնահատվում արտասահմանում։ Կապելլայի տնօրեն Եղիշե Խերանյանը նորմալ չի համարում համերգի համար այս կամ այն գործարարից փող խնդրելը. «Պետական ակադեմիական երգչախումբը չպետք է գործարարների դիմի ամենից առաջ այն պատճառով, որ պետական է։ Դա այլ կերպ պետք է արվի։ Մշակույթի նախարարությունը պետք է կարողանա մշակութային նմանօրինակ օջախների կապել գործարար շրջանակների հետ, որոնք կհոգան գոնե մարզեր մեկնելու մինիմալ ծախսերը»։ Ինչ վերաբերում է երգչախմբի արտիստների աշխատավարձերին, ապա այս տարի դրանք 20%-ով ավելացվելուց հետո յուրաքանչյուր երգիչ ստանում է 8500 դրամ։ Առայժմ երգչախմբում բեմական հագուստները պատշաճ տեսք ունեն, փորձում են դրանք խնամքով պահպանել։ Տնօրենի հավաստմամբ, արտիստները դրանց վրա բառացիորեն դողում են. «Թե չէ՝ մեկ ֆրակ ձեռք բերելը մի քանի հարյուր դոլարի պատմություն է։ Իսկ եթե դա բազմապատկեք մի քանի տասնյակով, տեսեք՝ թե ինչ մեծ թիվ կստացվի»,- ասում է պրն Խերանյանը Մինչ որոշ խմբեր մարզեր են մեկնում (օրինակ, Հայաստանի կամերային երգչախումբն ու նվագախումբը), կապելլան առայժմ նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող։ Տնօրենի կարծիքով, 90-95 հոգուց բաղկացած երգչախումբը տեղափոխելու համար առնվազն երկու ավտոբուս է անհրաժեշտ եւ նորմալ դահլիճ։ Իսկ անգամ մարզկենտրոններում (էլ չենք խոսում մյուս քաղաքների, առավել եւս գյուղերի մասին) համերգային դահլիճներն ու մշակութային տները թալանված են։ Այս օրերին Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը արձակուրդում է եւ կաշխատի միայն սեպտեմբերի 5-ից։ Ըստ Ե. Խերանյանի՝ մեծ են ակնկալիքները՝ կապված Արամ Խաչատրյանի 100-ամյակի ամփոփիչ միջոցառումների հետ։ Երգչախումբը գարնանը հանդես է եկել կոմպոզիտորի «Ձոն ցնծության» ստեղծագործությամբ (գրված երգչախմբի եւ սիմֆոնիկ օրկեստրի համար), որը պատրաստվում է ներկայացնել հոբելյանական միջոցառումներին։ «Հավանաբար համերգներ կունենանք նաեւ Մոսկվայում, ուր եւս մեծ շուքով նշվում է Արամ Խաչատրյանի 100-ամյակը»,- կարծում է Ե. Խերանյանը։ Երգչախումբը հոգեւոր երգերով կմասնակցի նաեւ Նարեկացու 1000-ամյակի տոնակատարություններին, բացի այդ, առաջիկայում հանդիսատեսին կներկայացնի նոր շարք՝ Վլադիլեն Բալյանի երգերից։ Եթե տարեվերջին ավարտված լինեն Լինսի հիմնադրամով նորոգվող «Արամ Խաչատրյան» համերգասրահի շինարարական աշխատանքները, կապելլան մենահամերգ էլ կունենա։ Ի դեպ, կապելլայի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող փորձադահլիճի շինարարությունը շարունակում է անավարտ մնալ ու երգիչներն էլ «քոչվորի պես մի դահլիճից մյուսն են գնում»։ Ե. Խերանյանը տեղեկացրեց, որ շենքն ավարտուն տեսքի բերելու խնդրանքով դիմել են մշակույթի նոր նախարարին եւ նույնիսկ խոստում կորզել, որ այն կմտնի Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով նորոգվող մշակութային օջախների ցանկի մեջ, եթե ծրագիրը շարունակվի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել