Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԱՄԵՆԸ» ՄԵԿ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 29,2003 00:00

«ԸՆԴԱՄԵՆԸ» ՄԵԿ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ Մեզնում միշտ էլ այն, ինչ պետք է, այնտեղ չի փնտրվում, որտեղ որ պետք է: Ավելի ճիշտ՝ այնտեղ, որտեղ որ է: Ահա այդպես, այդ նույն տրամաբանությամբ էլ հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ Տիգրան Նաղդալյանի սպանության զուգահեռ-համակշռում-հակակշռումներն են փնտրվում ու «գտնվում», բնականաբար, ոչ այնտեղ, որտեղ կան: Մինչդեռ զուգահեռ իսկապես կա: Որը, սակայն, համառորեն չենք ուզում տեսնել: Կամ էլ ի վիճակի չենք: Կամ էլ՝ ձեռնտու չէ: Նախ՝ մեջբերումներ: Սկզբում հոկտեմբերի 27-ի առաջին արձագանքներից: Ոճրագործություն կատարողների խմբակի համակարգողի խոսքից մինչեւ իշխանանվեր գործիչներն ու թերթերը: «Ազգի պատմությունը ցույց է տալիս, որ շատ դեպքերում, երբ որեւէ ազգ մտնում է փակուղի՝ իր զարգացման ընթացքում, ելքը մնում է միայն նման գործողությունները: Ուրիշ ելք չկա: …Մենք տեռորիստ չենք, որ ինչ-որ պահանջներ դնենք: Մենք մեր ժողովրդի մի մասնիկն ենք եւ մեզ ժողովրդից չենք անջատում: Մենք արել ենք քայլ՝ հանուն ժողովրդի»: «Հայաստանում պետական հեղաշրջման փորձ չի եղել»: «Պետք է վանել ամեն տեսակ պղտոր ջրերում ձուկ որսացողին, թեկուզ հայրենիքի ապագայի գնով ռեւանշի ձգտող «պոլիտիկանին»: «Սպաները պետք է հասկանան, որ իրենցից ոչ պակաս ողբում է Քոչարյանը…»: «Երկու-երեք կրակոցով, նույնիսկ որքան էլ դա ողբերգական ավարտ ունենա, մեր երկրի կայունությունը, մեր երկրի պետականությունը չպետք է որեւէ կորուստ կրի»: «Սա կարող են անել միայն մարդիկ, որ ռեւանշի են դուրս եկել, իրենց քթի ծայրից այն կողմ չեն տեսնում եւ պատրաստ են ազգի ու հայրենիքի դիակների վրա սեփական շահերը հետապնդել»: «Հայաստանի Հանրապետությունում կարեւորագույն կամ գլխավոր բոլոր հարցերը լուծվել են հատկապես զենքի, ահաբեկչության, կոպիտ ուժի կիրառման տարբերակով: Եվ հենց այս անայլընտրանքային հիմքի վրա ձեւավորվելով «կարեւոր» գործի ենթագիտակցության, մեր վերջին տարիների տրամաբանությունը հարցի լուծման որեւէ այլ եղանակ ուղղակի անզոր է առաջարկելու հոկտեմբերի 27-ի հանցագործներին»: Սրանք, ինչպես արդեն նշեցինք, հոկտեմբերի 27-ի առաջին արձագանքներն են: Հա, որոնց արժե հավելել նաեւ բավականին տեղեկացված ու բարձրաստիճան տիկնոջ հայտնածը օտարերկրյա ռադիոկայանին, թե «մի խումբ նարկոմաններ են մտել ԱԺ» եւ այլն: Օդը մաքրվելու, ռոմանտիկների, ռոբինհուդների եւ այլ «վարկածներն» էլ՝ ձեզ նվեր: Հիմա նայենք Տ.Նաղդալյանի սպանության առաջին տպագիր արձագանքները. «Կարճ ասած. սպանողը պատրաստվում է մեղադրել ուրիշներին»: «Ով կասի, թե Տիգրան Նաղդալյանի սպանությունը քաղաքական չէ, միանշանակ դասվելու է այդ քստմնելի ոճիրը մտահղացող-իրականացնող ճիվաղների շարքում»: «Համոզված ենք, որ 2002 թ. դեկտեմբերի 28-ի քաղաքական սպանությունը իշխանության ձեւավորման իրավունքը ժողովրդի ձեռքից խլելու եւ քաղաքական հաշվեհարդարի միջոցով իշխանությանը տիրելու փորձ էր»: «Երեսունվեցամյա լրագրողի մահը ցնցեց բոլորին, թեեւ դատապարտումի պաշտոնական խոսքեր հնչեցին ոչ բոլոր կողմերից»: «Ճիշտ էր հանրապետության նախագահը, երբ Տ.Նաղդալյանի սպանությանը հաջորդած իր պաշտոնական հայտարարության մեջ քաղաքական որակեց կատարված ոճիրը»: «Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 28-ից մինչեւ օրս արմատականները, ողորմելի կեցվածք ընդունած, դավադիր սսկվել են»: «Դուք պատերա՞զմ եք ուզում: Կստանաք պատերազմ: Եվ այնպիսին, որ հաստատ քիչ չի թվա»: «Հայրենի կիսախելագար փրկիչների ոհմակի անդուլ ջանքերի շնորհիվ հասարակության մեջ մի տեսակ բթացել է ցավի զգացողությունը»: Տարբերություններ մի փնտրեք: Փորձեք գտնել նմանությունը: Ավելի շուտ՝ նույնությունը: Իսկ դա խիստ ակնհայտ է. այն, ինչ ասվել-«հաստատագրվել» է առաջին իսկ օրերին՝ «ապացուցել»-հաստատվել է հետագայում: Երկու դեպքում էլ: Երեք տարբերակ կա. կամ այդ ասողները պարզապես պայծառատեսներ են, կամ նրանք հաստատապես գիտեն ամեն ինչ՝ եւ լինելիքը, եւ ներկայացվելիքը, կամ՝ նրանց հանձնարարված է ասել հենց այդ՝ հետագա «ապացույցներն» իրենց գործը չեն: (Ի դեպ, բնավ էլ պատահական չէ, որ հոկտեմբերի 27-ի այստեղ նշված ու դրանց հաջորդած «կուտերն» ուտեցնելուց հետո միայն դրվեց «ուչաստկովիի» վերդիկտը, որովհետեւ արդեն համապատասխան մթնոլորտն ու հողն ապահովված էին): Անցնենք տարբերակներին: Առաջին՝ պայծառատեսության տարբերակը, անհավանական է: Նախ՝ այդքան շատ եւ միակողմանի պայծառատեսներ մի տեղում եւ միանգամից չեն «ծնվում»: Եվ հետո, եթե փոքր-ինչ նման լիներ դա իրականությանը, Հայաստանում եւ այլուր բոլոր խաղատները պարզապես կկործանվեին՝ էդպիսի անվրեպ զգացողություններով ճիշտը ռուլետկա խաղալն է: Երկրորդ տարբերակը նույնպես քիչ հավանական է. էդպիսի գործերը հանրային իրազեկության պայմաններում չեն կատարվում: Ավելի ճիշտ՝ չեն կարող արվել: Մնում է երրորդ տարբերակը. ով պետք է՝ գիտի: Ինչ պետք է՝գիտի: Մնացյալը թող կատարեն այն, ինչ իրենց հանձնարարվում է: Ու ավելորդ թող չթպրտան: Զահլա չկա: Թե չէ… ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ Հ. Գ. Այլ արձագանքներ եւս եղան: Այս բնույթի. «Կրակողը ոչ միայն այդ մի քանի զույգ ձեռքերն էին: Աներեւույթներն ավելի շատ են: Էդ կրակոցների արձագանքը ավելի դաժան է լինելու, դա Երրորդ Հանրապետության ավարտն էր: Եթե այս մեկ-երկու օրը էս երկրում չծնվի Չորրորդ Հանրապետությունը՝ այլեւս այս հողի վրա երկար ժամանակ որեւէ նորմալ բան չի ծնվելու: Այսօր զգացմունքներն են իշխում մեզ վրա: Էս կրակոցների արձագանքը կրակոցներից ավելի զորեղ է լինելու: Ավաղ»: Միայն սա չէր: Մյուսներն, ովքեր ավելի կոնկրետ հասցեատերեր էին նշում՝ մեղավորներ-կատարողներ-կազմակերպիչներ, հիմա որտե՞ղ են… Այո, այո, «աշխատանքային ուղղիչ գաղութում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել