Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄՖ-ի խաբված ավանդատուները

Օգոստոս 29,2003 00:00

ՀՄՖ-ի խաբված ավանդատուները Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի (ՀՄՖ) խոսակցությունները նախկին դեկանի անօրինությունների մասին` խիստ ժամանակավրեպ թվացին բուհի ներկա ռեկտոր Արտյուշա Ղուկասյանին. «Հարցը փակված է»: Հարցը փակված է գուցե այնքանով, որ, ըստ հավաստի տվյալների, նախկին դեկանի նկատմամբ քրեական գործ է հարուցված մի շարք փաստերի հիման վրա, այդ թվում եւ՝ հետեւյալ խնդրի: 1980-2001 թթ. ՀՄՖ-ն ավարտած շուրջ 500 ուսանողների տրված դիպլոմներն իրականում դիպլոմ չեն, այլ միայն վկայագիր, որ հավաստում է, թե տվյալ անձն ավարտել է ՀՄՖ-ն՝ որպես լրացուցիչ կրթություն, եւ որեւէ որակավորում չի ստացել: Սակայն վերջինս է հաստատում այս դիպլոմի նմուշը (տես նկարը): Ավելին, այն կարդալով, չես էլ կասկածում, թե փաստաթուղթը կարող է լինել ոչ պետական նմուշի: Հիմա այս «դիպլոմի» տերերն ասում են. «Եթե մեզ տվել են պետական նմուշից չտարբերվող դիպլոմ, ապա որեւէ տեղ մեզ աշխատանքի ընդունելիս ոչ ոք թող կասկածի տակ չառնի դրա իսկությունը»: Թեպետ այս խոսքերը նրանք ասում են՝ գիտակցելով, որ իրենց կրթական մակարդակը հավասար չէ իսկապես պետական բուհ ավարտածի կրթական մակարդակին, որ իրենցից շատերն այդտեղ ընդունվել են նույնիսկ առանց ընդունելության քննություն հանձնելու: Նրանք նաեւ բողոքներով ԿԳՆ են դիմել: 2001 թ. Կրթության եւ գիտության նախարարության կողմից որոշակի հետազոտություններ են կատարվել, եւ ԿԳՆ կոլեգիան անբավարար է համարել բուհի վերոնշյալ ֆակուլտետի գործունեությունը՝ լրացուցիչ կրթություն կազմակերպելու եւ իրականացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է կազմել նոր ուսումնական պլաններ ու ծրագրեր, ներկայացնել հաստատման, միջոցառումներ ձեռնարկել թերությունները վերացնելու ուղղությամբ, տվյալ ֆակուլտետի շրջանավարտներին տալ միայն համապատասխան վկայագիր, ոչ թե դիպլոմ: Կոլեգիայում որոշում է կայացվել նաեւ, որ «բուհն այսուհետ իրավունք կունենա հավաքագրել միայն իր ուսանողներին»: Ինչ վերաբերում է ՀՄՖ դեկանին, նա «դիպլոմ նկարելու» հնարքին էր դիմել, բնականաբար, կոնտինգենտ հավաքելու նպատակով: Խնդրի մասին պարզաբանումներ ներկայացրեց ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը. «Ամբողջ հարցն այն է, որ կոնտինգենտ հավաքելու նպատակով բուհն այդ ֆակուլտետի դերը ուռճացրել է: Սա ավելի շատ նախկին դեկանի մեղքն է, եւ այդ երեխաները փաստացի խաբված ավանդատուների դերում հայտնվեցին»: Միաժամանակ պրն Գասպարյանը համոզված է, որ ուսանողները իմացել են խնդրի էությունը: Ինչպե՞ս կարող էին նախապես չիմանալ իրենց «գլխի գալիքը», երբ առանց քննության, հարցազրույցով կամ առանց դրա են ընդունվել: «Գուցե նրանք որոշում են կայացրել աղմուկ բարձրացնել՝ իրենց գովազդելու, կոնտինգենտ հավաքելու համար»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել