Լրահոս
Օրվա լրահոսը

ՈւՆՔԸ ԿՇԻՆԵ՞Ն, ԹԵ՞ ԱՉՔԸ ԿՀԱՆԵՆ

Օգոստոս 29,2003 00:00

ՈւՆՔԸ ԿՇԻՆԵ՞Ն, ԹԵ՞ ԱՉՔԸ ԿՀԱՆԵՆ Երեկ շարունակվեց Երեւանի մամուլի ակումբի եւ «Արտիկլ 19» միջազգային հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած կլոր սեղանը՝ նվիրված մամուլի խնդիրները կարգավորող օրենսդրական դաշտին: Նախորդ նիստում քննարկվում եւ խիստ քննադատվում էին օգոստոսի 1-ից գործողության մեջ մտած Քրեական օրենսգրքում տեղ գտած այն հոդվածները, որոնք քրեական պատասխանատվություն են ենթադրում հրապարակայնորեն հասցված վիրավորանքի եւ զրպարտության համար (հատկապես, եթե վիրավորվածը կամ զրպարտվածը իշխանության կամ արդարադատության մարմինների ներկայացուցիչ է): Իսկ այս անգամ քննարկման էր դրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը: Այս նախագիծն իր սկզբնական տարբերակում այնքան հեռու էր ժողովրդավարության նվազագույն չափանիշներից, որ որեւէ քննադատության չէր դիմանում: ԵԽ փորձագետների տված գնահատականները նախագծին, մեղմ ասած՝ մխիթարիչ չէին: Սակայն նախագիծն անցնելով «պլաստիկ վիրահատությունների» դժվարին ու երկար ճանապարհ, մի քիչ «մարդաշնորհքի» է եկել: Համենայն դեպս, ըստ՝ այս օրինագիծն ի սկզբանե խստագույնս քննադատող Շավարշ Քոչարյանի, այսօր շրջանառվող տարբերակն անճանաչելիորեն փոխված է: Բայցեւայնպես, այն մնում է իր դերի մեջ՝ զսպել եւ սահմանափակել լրագրողներին ու նրանց աշխատանքը: Այնինչ 1991թ. ընդունված եւ առայսօր գործող «ԶԼՄ մասին» օրենքում ընդունված չափանիշներն այն ժամանակների համար ամենաժողովրդավարականն էին, քանի որ սկզբունքներն այլ էին: Եթե այն ժամանակ կարեւոր էր, որ ամեն կերպ խրախուսվի խոսքի ազատությունը եւ պաշտպանված լինեն լրագրողները, ապա հիմա ելակետն այն է, որ լրագրողները միշտ խանգարում են, եւ նրանցից պետք է պաշտպանվել: Շավարշ Քոչարյանի այս գնահատականներն ամենեւին չէր կիսում օրինագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը: Նա կրծքով պաշտպանում էր իր ստեղծագործությունը, թեեւ ստիպված է եղել նրանում շատ բաներ շտկել այս մի քանի ամիսների ընթացքում: Ամենահետաքրքիրն այն էր, որ պրն Աբովյանն անընդհատ խնդրում էր ներկաներին՝ չքաղաքականացնել քննարկումները: Ընդդիմանում էր, երբ լսում էր, որ մեր երկիրը հեռու է ժողովրդավարական կոչվելուց: «Մենք ԵԽ լիիրավ անդամ ենք եւ Եվրոդատարանի վճիռները մեզ համար կողմնաորոշիչ դեր ունեն: Եվրոպական կոնվենցիան թույլ չի տալիս այս, թույլ չի տալիս այն»,-Ա.Աբովյանի այս ուտոպիստական հայտարարություններին ի պատասխան Շ.Քոչարյանը հակադարձեց. «ԵԽ անդամ լինելը չի նշանակում կայացած ժողովրդավարական եւ իրավական պետություն լինել: Դա ընդամենը շանս է՝ այդ ուղուվ գնալու: Իսկ Եվրոպական կոնվենցիան թո՞ւյլ տալիս էր միտինգների մասնակիցներին կալանավորելը, գիշերային դատեր անցկացնելը՝ առանց փաստաբանների: Դա նույնպե՞ս խոսում է մեր երկրի ժողովրդավարական լինելու մասին»: «ԶԼՄ մասին» օրինագծի վրա բավականին աշխատած եւ անգամ այլընտրանքային նախագիծ ստեղծած Երեւանի մամուլի ակումբն ուներ իր հայեցակարգային դիտարկումներն՝ այս նախագիծը լավացնելու: Դրանք մանրամասն, կետ առ կետ ներկայացրեց Մեսրոպ Հարությունյանը: Իր նկատառումները ներկայացրեց նաեւ «Արտիկլ 19»-ի իրավաբան Ջուլիա Ապոստոլը: Նրա կարծիքով այսօրվա նախագիծը լավ հիմք է, որի վրա արդեն կարելի է աշխատել: Իսկ ահա Շ. Քոչարյանը մի քիչ հոռետես էր: Նա հիշեցրեց, որ գարնանը օրինագիծը չընդունվեց առաջին ընթերցմամբ այն պարզ պատճառով, որ պատգամավորներն ուղղակի վախեցան ԱԺ ընտրությունների նախաշեմին դառնալ լրագրողների թիրախը: Սակայն հիմա այդ վտանգը չկա՝ պառլամենտը նոր է ձեւավորվել: Իսկ դա նշանակում է, որ կոճակ սեղմողների ձեռքերն ազատ են: Եվ կարող է կատարվել անգամ վատագույնը՝ արդեն քիչ թե շատ խելքի բերված օրինագիծը փոխանակ ավելի լավացվելու, կարող է շատ ավելի վատը դառնալ: Դրա համար պետք է ընդամենը իշխանությունների ցանկությունը՝ կատարողներ միշտ էլ կգտնվեն: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել