Լրահոս
Օրվա լրահոսը

Ազդեցիկ-մազդեցիկ՝ չգիտեմ

Օգոստոս 29,2003 00:00

Ազդեցիկ-մազդեցիկ՝ չգիտեմ Ջրի մաքրումը ժամանակ է պահանջում, սակագնի բարձրացումը՝ ոչ «Ջրամատակարարման-ջրահեռացման ոլորտում ազդեցիկ-ոչ ազդեցիկ մարդկանց հնարավորությունները զրոյի է հասցված։ Ազդեցիկ-ոչ ազդեցիկ՝ պիտի օգտագործի եւ վճարի կանոնների համաձայն»,- երեկ հերթական անգամ կտրուկ արտահայտություններ արեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Առիթը՝ կառավարության նիստում հավանության արժանացած մաքրման կայանների մասին որոշումն էր։ Իսկ արտահայտությունները վերաբերում են կոնկրետ Հրազդանի կիրճի «օբյեկտների տերերին», ովքեր, ըստ Գ. Մարտիրոսյանի, պայմանազանցներ են։ Այսինքն՝ կիրճում հակասանիտարական վիճակ են ստեղծում։ Ըստ նոր որոշման, մաքրման համար յուրաքանչյուր օբյեկտից տարեկան 100 հազար դրամ կպահանջվի։ Կառավարությունը նաեւ հավանել է ջրամբարների պահպանման եւ ավելացման որոշումը։ Մեկ մլրդ խմ տարողությամբ 72 ջրամբարների շարքերը կհամալրվեն եւս կես մլրդ խմ տարողությամբ ջրամբարներով։ Սրանք, իհարկե, ինչպես արտահայտվեց պարոն Մարտիրոսյանը՝ «այնպես չէ, որ որոշումն էղավ, վաղը հարցը լուծվի։ Գործընթաց է, որը տարիներ է պահանջում»։ Ի տարբերություն խնդիրների լուծման համար պահանջվող տարիների, ջրի սակագները շատ արագ կբարձրանան։ Երեկ, ի պատասխան լրագրողների հարցերի՝ դա մեկ անգամ եւս հաստատեց Գ. Մարտիրոսյանը։ Նա հավելեց նաեւ, որ, իր կարծիքով, սկզբնական բարձրացումը պետք է լինի 105-120 դրամի սահմաններում՝ հետագայում աճելու միտումով։ Այնուհետեւ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ կառավարության նիստում հավանության է արժանացել նաեւ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքի նախագիծը։ Ըստ Ա. Ալավերդյանի՝ «հաշվի առնելով նման համակարգի ներդրման ռազմավարական նշանակությունը», կառավարությունն իր այսօրվա նիստում առավել կոնկրետացրել է շեշտադրումները։ Ըստ այդմ, իրենց ունեցվածքը կհայտարարագրեն այն ֆիզիկական անձինք (անկախ նրանից՝ պետական պաշտոնյա՞ են, թե՞ ոչ), ովքեր տարեկան կտրվածքով 2,5 մլն դրամից ավելի համախառն եկամուտ են ստացել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել